«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
Իրավապահ մարմինների հանրապետական խորհրդակցությունում ՀՀ նախագահի ելույթի կապակցությամբ
Հանցագործությունների աճը նախագահը փորձում է կապել հին համակարգերի ու մեխանիզմների վերացման եւ նորերի չձեւավորման, իրավական դաշտի բացակայության հետ՝ մերժելով այն անհերքելի իրողությունը, որ դրանք ուղղակիորեն պայմանավորված են ստեղծված անիշխանաթյամբ. իրենց իսկ թողտվությամբ հանցավոր եւ մաֆիոզ խմբավորումների աշխուժացմամբ, արդարադատության եւ մյուս իրավապահ մարմինների կողմից հանցագործությունների դեմ թույլ, անվճռական ու անարդյունավետ պայքարով։
Հանցագործությունների աննախադեպ աճը ներկայացնելով որպես սոսկ անցման շրջանի օրինաչափ հետեւանք՝ նախագահը փաստորեն դիմում է կեղծիքի՝ նպատակ ունենալով իրենց՝ իշխանության եկած «անփորձ ուժերի» վրայից հանել պատասխանատվության ծանրությունը։ Պնդումը, թե ներկա քրեածին իրավիճակը թխում է հին ու նոր օրենքների հակասությունից, ինչից էլ օգտվում են հանցագործները, թույլ դատավորը, դատախազը՝ բնավ համոզիչ չէ, քանզի առանձին փոփոխություններով հանդերձ՝ մեր հանրապետությունում այսօր էլ շարունակում են գործել նախկին օրենքները։ Ի՞նչն է խանգարում դրանք անշեղորեն կիրառելուն։
Հանցագործությունների աճը, այսպիսով պայմանավորված է նախ եւ առաջ հենց իրավապահ մարմինների վատ աշխատանքով, դրանց եւ հանցավոր աշխարհի սերտաճմամբ, անպատժելիաթյամբ, նաեւ սխալ կադրային քաղաքականությամբ ու հովանավորչությամբ։ Ի՞նչ հանցագործությունների դեմ պայքարի մասին կարելի է խոսել, երբ հանցագործ խմբերը իրավապահ մարմինների իսկ հովանավորությամբ զինված հեղաշրջում են իրականացնում ու մնում անպատիժ: Ի՞նչ պայքարի մասին կարելի է խոսել, երբ ինքը՝ ՆԳ նախարարն է կազմակերպում առանձնապես խոշոր չափերի՝ միլիոնների, գուցեեւ միլիարդների հասնող դրամահավաքչություն։ Ի՞նչ կապ ունեն անցման շրջանը կամ օրենքների միջեւ հակասությունները, երբ հանցագործները հովանավորվում են իշխանությունների կողմից։ Վերցնենք թեկուզ տխրահռչակ «նարնջի հյութի» գործը, երբ ՀՀ դատախազությունը կարծես հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի հանցագործ պատգամավորը պատասխանատվության ենթարկվի, սակայն նրան վերցրեցին հովանավորության տակ։ Կամ Աշտարակի, Արմավիրի գործերը, որոնք նույնպես կփակվեն վերեւների հովանավորության «շնորհիվ»։ Օրինակները կարելի է շարունակել անվերջ։
Խիստ խոցելի են նաեւ նախագահի հավաստիացումները, թե իբր քաղաքական ուժերը, մամուլը փորձում են ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա։ Եթե ընդամենը մի երկու ամիս առաջ նախագահը «սուր քննադատության» ենթարկեց դատարաններին եւ մյուս իրավապահ մարմիններին (բացի ՆԳ համակարգից) ապա այս անգամ խիստ զգուշավոր դիրք գրավեց՝ փորձելով նրբորեն խուսանավելով հենարան գտնել եւ հարվածի ուղղությունը շեղել ընդդիմության, քաղաքական ուժերի ու մամուլի վրա։ Նա փորձում է ամեն ինչ բարդել վերջիններիս վրա, նշելով, թե իբր իրավապահ մարմինները եւ իշխանությունները համատարած քննադատվում են անօրինականությունների, հանցագործությունների դեմ չպայքարելու համար, բայց հենց որ որեւէ հավակնոտ մի անձ հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում՝ վերցվում է քաղաքական ուժերի պաշտպանության տակ։ Որպես օրինակ բերում է օդակայանի ղեկավարությանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ չնշելով թե ո՞ւմ կողմից են նրանք հովանավորվում։ Վաղուց արդեն անորոշությունը նրա բնավորությունն է դարձել։ Մյուս կողմից, եթե իրավապահ մարմինների պաշտոնատար անձը լինի մաքուր, անաչառ, ղեկավարվի բացառապես օրենքով, ապա ոչ մի միջամտությունից էլ նա երկյուղ ունենալ չի կարող։ Օդակայանում, երկաթուղում եւ ավտոճանապարհներին կատարվող անօրինականություններ է նշում եւ օրինակ բերում, որ Տաշիրից մինչեւ Երեւան բենզին տեղափոխելու համար 16-17 տեղ մարդկանցից հարկ են հավաքում։ Իսկ ինչո՞ւ չի նշում, թե ովքեր են այդ հարկահավաքները։ Ինչ է, մամուլը եւ քաղաքական կազմակերպություններն են։ Ինչո՞ւ նա չի համարձակվում ասել, որ դրանք հարկային տեսչության, մաքսային վարչության, ՆԳՆ համակարգերի իր իսկ երաշխավորած մարդիկ են եւ դրանց հետ սերտաճած հանցավոր խմբավորումները։
Նախագահը գյուտ է արել՝ «ժողովուրդը չի հանդուրժում անօրինականությունները», եւ դա հրամցնում է որպես փայլուն մտքի մի նոր թռիչք… Երեւի նորաթյո՞ւն է իր համար։ Այո՛, ժողովուրդը չի հանդուրժում անօրինականությունները՝ հենց կառավարող կուսակցության եւ իրավապահ մարմինների անգործության հետեւանք, որ սպառնալից չափերի են հասել։
Միայն համաձայն չեմ նախագահի այն մտքի հետ, որ ժողովուրդը չի հանդուրժում ակնհայտ թալանը, շատ լավ էլ հանդուրժում է, որ այլեւս թալանելու բան չմնաց… Ստեղծվել է մի վիճակ, երբ ժողովուրդը ներկա իշխանություններից այլեւս սպասելիքներ չունի։
Ինձ թվում է, որ եթե ներկայիս իշխանությունները եւս մեկ կամ երկու տարի շարունակեն գոյատեւել, ապա հնարավոր է ժողովուրդը լրիվ կործանման հասնի։ Դրա նախանշանները արդեն հստակ են։ Մեռնում են ցրտից ու սովամահությունից, զանգվածաբար հեռանում են մայր հայրենիքից։ Ի՞նչ է, սա կործանում չէ՞։ Պետք է ազգը միանգամից կործանվի, որ տեսանելի լինի՞։ Եվ այս ամենն արեց մի անհատ, մի քաղաքական կուսակցության։ Սա արդեն անհերքելի իրողություն է։
Այո, ինչպես նախագահն է նշում, կարող են լինել շփոթություններ, ինչ-որ պահ ժողովուրդը կարող է սխալվել, բայց ի վիճակի կլինի շտկել ցանկացած սխալ։ Ինչեւէ, այդ սխալը ժողովուրդը թույլ է տվել՝ արկածախնդիրներին բարձրացնելով իշխանության գլուխ. ինքն էլ կուղղի իր սխալը՝ նրանց հեռացնելով:
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ իրավաբան