March 28, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Զվիադ Գամսախուրդիա. «Ես չափից ավելի մեղմ էի ու համբերատար»

Զվիադ Գամսախուրդիա. «Ես չափից ավելի մեղմ էի ու համբերատար»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ

– Բատոնո Զվիադ, պետությունների ղեկավարներին Ձեր վերջերս ուղղված դիմումի մեջ Դուք հայտարարել էինք, թե մտադիր չեք հրաժարական տալ: Ի՞նչ հույսեր եք կապում այդ հայտարարության հետ:

– Համաժողովրդականորեն ընտրված նախագահը չի կարող հեռանալ ինչ-որ մի խումբ մարդկանց պահանջով, ընդ որում` կասկածելի բարոյական հատկանիշների տեր մարդկանց պահանջով: Ես կարող եմ հրաժարական տալ միայն ընտրողների պահանջով: Ես մտադիր չեմ հեռանալ քաղաքական ասպարեզից, եթե անգամ դա պահանջում են իմ ընդդիմախոսները:

Զվիադ Գամսախուրդիա

– Իսկ Դուք ինչո՞վ կբացատրեիք Ձեր իսկ երկրից վտարանդիի Ձեր ներկայիս վիճակը:

– Դա սովորական խռովության հետևանք է: Այո, ես Վրաստանից հեռացա ոչ այն պատճառով, որ չէի կարող դիմանալ այնտեղ, ոչ, ես դա արեցի գիտակցաբար, որպեսզի կանխեմ հետագա արյունահեղությունը:

– Իսկ ինչո՞ւ Դուք դա չարեցիք ավելի վաղ, այսպես կոչված` խռովության թեկուզ երկրորդ կամ երրորդ օրը:

– Ֆիզիկապես չկարողացա: Այնպես էին պաշարել բոլոր կողմերից, որ մենք չէինք կարող այն ճեղքել: Միայն երկուշաբթի` հունվարի 6-ին, մեզ հաջողվեց դա անել:

– Պարոն նախագահ, կենտրոնական հեռուստատեսությամբ ցույց տվեցին զրահապաստարանը, որտեղ Դուք անցկացնում էիք վերջին օրերը: Այնտեղ հայտնաբերվել էին ինչ-որ հարմարանքներ, որոնք նախատեսված էին, ինչպես ասվեց, խոշտանգումների համար: Կարո՞ղ եք մեկնաբանել այդ հաղորդումը:

– Դա բացարձակ կեղծիք է, ապակողմնորոշող լրատվություն, ընդդիմության հերթական հնարքը, որն ինչ ասես կարող էր հորինել: Իմ ընդդիմադիրները, բանը հասցրին այնտեղ, որ ինձ մեղադրում են ինչ-որ առասպելական միլիոններ հափշտակելու մեջ, դա բացարձակ անհեթեթություն է:

– Պարոն նախագահ, սխալներից ոչ ոք ապահովագրված չէ: Գլխավորը դրանք տեսնելն ու խոստովանելն է: Դուք սխալներ ունեցե՞լ եք և դրանից որևէ հետևություն արե՞լ եք:

– Իհարկե, կային: Ոչ մի պետական գործիչ չի կարող խուսափել դրանից: Իմ սխալն այն էր, որ ես չափից ավելի զիջող էի ու մեղմ իմ շրջապատի որոշ մարդկանց նկատմամբ, որոնք հետագայում կարողացան հեղաշրջում իրականացնել:

– Չէի՞ք կարող հակիրճ բնութագրել ընդդիմության նպատակը: 

– Նպատակը պարզ է. անցնել իշխանության գլուխ, տապալել օրինական սահմանադրական կառավարությունը: Ընդ որում, նրանք չեն խորշում ոչ մի միջոցից, որով կարելի է հասնել դրան: Մի նպատակ էլ կա` հարստություն դիզելը:

– Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ որևէ առնչություն ունի՞ Էդվարդ Շեւարդնաձեն, եթե այո, ապա ինչպիսի՞։

— Ամենաանմիջական: Եվ նա չի թաքցնում դա։ Նա հիանում է դավադիրների գործողություններով, իսկ օրինական իշխանությունը բռնությամբ, արյունոտ կերպով տապալելը համարում է ժողովրդավարական։ Նա է այդ ձեռնարկումների գաղափարախոսն ու ոգեշնչողը։

— Հետագա կյանքի ու գործունեության որևէ ծրագիր ունե՞ք: Հավանաբար, չեք ցանկանա բացահայտել բոլոր գաղտնիքները, մենք դա չենք Էլ խնդրում։ Բայց գոնե ընդհանուր գծերով կարո՞ղ եք ասել դրանց մասին։

– Ես կմերկացնեմ այն չարիքը, որն այսօր կատարվում է Վրասաանում և դա կանեմ ինչպես կարողանամ։ Անգամ լրագրողների այցը ես դիտում եմ որպես այդ պայրարի շղթայիկ: Այժմ իմ միակ զենքը ճշմարտությունն է, որը ես ցանկանում եմ ձեր միջոցով հասցնել իմ ժողովրդին։

— Դուք ինչպե՞ս եք կանխատեսում Վրաստանի իրադարձությունները։

– Ես կարծում եմ, որ այնտեղ կշարունակվի անիշխանությանը։ Նոր իշխանությունն ի վիճակի չէ վերահսկել երկրի կացությունը։ Այնտեղ մեծ դժբախտություններ ու համաղետներ կլինեն:

— Ձեր կարծիքով, ի՞նչը կլինի ընդդիմության ամենագլխավոր մեղադրանքը Ձեր դեմ:

– Նրանք կարող եք առաջ քաշել ցանկացած մեղադրանք, այն ամենը, ինչ խելքներին կփչի: Ես նրանցից ամեն տեսակ ստորություն էլ սպասում եմ:

– Ենթադրենք դատը Ձեր օգտին չեղավ: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա պայքարը հանուն արդարության հաստատման և այս իմաստով ինչո՞վ կարող են Ձեզ համար օգտակար լինել Հայաստանը, հայերը:

– Հիմա ես գտնվում եմ Հայաստանի տարածքում, և իշխանությունները ինձ խոստանում են անվտանգության լիակատար երաշխիք: Ես մեծ հույս էի դրել Ձեր ղեկավարության աջակցության վրա։ Ես չեմ կարծում, որ համաժողովրդականորեն, Ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունը զորավիգ չի լինի հարևան երկրի սահմանադրական նախագահին։ Հայաստանի ղեկավարությունն արդեն մարդասիրություն դրսևորեց իմ հանդեպ, և ես հույս ունեմ, որ այդպես կլինի այսուհետև՝ մինչև իմ կարգավիճակի օրինական լուծումը։ Ուզում եմ հավատալ դրան։

— Վարչապետ Թենգիզ Սիգուային Դուք էիք նշանակել: Ինչո՞վ կարող եք բացատրել հայացքների հետագա հակասությանը։

— Դա չարացած մարդու դիրքորոշում էր, զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու հակազդեցություն։

— Իսկ նրա ո՞ր հատկանիշներն էիք հաշվի առել, երբ կառավարության ղեկավար էիք նշանակում։

— Սիգուային վարչապետ նշանակելը իմ սխալն էր:

— Սակայն վերադառնանք այն հարցին, որի մասին խոսում էինք։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա ճակատագիրը, եթե դադարեք նախագահ լինելուց:

— Ես չեմ կարող նախագահ չլինել: Ժողովուրդն ինձ է պաշտպանում։ Նա չէր պահանջում, որ ես հրաժարական տամ։ Խռովարարները թեև հայտարարել են ինձ պաշտոնանկ անելու մասին, բայց ես, միևնույն է, մնում եմ որպես Վրաստանի նախագահ։ Նրանց հայտարարությունները ինձ համար օրենք չեն։ Նորից եմ կրկնում, ես Վրաստանի օրինական նախագահն եմ:

– Պարոն նախագահ, ինչո՞վ կբացատրեիք վրաց մտավորականության քննադատական վերաբերմունքը Ձեր հանդեպ։

– Դա Վրաստանի մտավորականությրւնը չէ: Դա նրա մի փոքր մասն է, ընդ որում՝ կուսակցական մասը: Դրանք այն մարդիկ են, որոնք կոմունիստների օրոք օգտվում էին բոլոր բարիքներից և այժմ զրկվել են դրանցից:

— Անձամբ Դուք կրակելու հրաման տվե՞լ էիք։

– Բանը հրամանին չհասավ: Ամեն ինչ հանկարծակի սկսվեց, վաղ առավոտյան։ Ես գտնվում էի իմ աշխատասենյակներից մեկում: Կառավարական տունը սկսեցին գնդակոծել բոլոր կողմերից։ Բնականաբար, նրա պաշտպանները պատասխանեցին կրակով, ոչ ոք հրամանի չսպասեց։ Եթե ցանկանայի էլ, չէի հասցնի այդպիսի հրաման տալ:

— Պարոն Գամսախուրդիա, սկսելով Ձեր քաղաքական վերնթացը, Դուք կարո՞ղ էիք ենթադրել, որ բանն այսպես տխուր շրջադարձ կունենա։

— Նման շրջադարձ ես չէի կարող ենթադրել։ ԻՀարկե, գիտեի, որ իմ հասցեին զանազան ասեկոսեներ կլինեն, ինչ-ինչ մեղադրանքներ։ Ես ընտելացել էի դրան։ Բայց որ մարդիկ այն աստիճան կգազազեն, որ կսկսի հեղվել ժողովրդի արյունը, ես չէի կարծում:

— Երեկ մենք հանդիպեցինք կինոռեժիսոր Գեորդի Շենգելայայի հետ։ Նա ասաց, որ Ձեր օգնությամբ բռնագրավվել էր մամուլը, և դա խանգարում էր ժողովրդին հասցնել ճշմարիտ խոսքը։

– Ծիծաղելի է այդ մասին լսելը։ Վրաստանում լույս էր տեսնում շուրջ 20 ընդդիմադիր թերթ, որոնք տպագրում էին այն ամենը, ինչ ցանկանում էին։ Իսկ կառավարությունը ընդամենը մի քանի թերթ ունի։

— Իսկ Դուք ինչո՞ւ կազմալուծեցիք «Սաքինֆորմ» լրատվական գործակալությունը։

– Ես այդպիսի բան չեմ արել։ Մենք պարզապես փոխեցինք այդ գործակալության անվանումը և ղեկավարությունը, որը ոչինչ չէր անում, որպեսզի Արևմուտքում իմանային Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

– Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Որքանով մեզ հայտնի է, «Սաքինֆորմի» կոլեկտիվում Ձեր հրամանագիրն ընկալվեց որպես հաշվեհարդար այն բանի համար, որ գործակալությունը երբեմն թողարկում էր նաև ընդդիմախոսական բնույթի նյութեր: Դուք հաճա՞խ եք եղել Հայաստանում:

– Առաջ լինում էի, բայց նախագահ ընտրվելուց ի վեր ոչ մի տեղ չեմ մեկնել: Ուղևորությունների ժամանակը չէր:

– Ասացեք, «Կլոր սեղանի» ներկայացուցիչներից ներկայումս ովքե՞ր են Ձեր հիմնական զինակիցները:

– Բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են մնացել մարդու իրավունքների, ազատ ու անկախ Վրաստանի համար մղվող պայքարին:

– Եվ նրանք կշարունակե՞ն պայքարը:

– Կարծում եմ այո: Բայց զինված պայքարը միջոց չէ նպատակին հասնելու համար: Հիմա դա անիմաստ է, քանի որ հսկայական քանակությամբ զենք կա թե մեկ, թե մյուս կողմի մոտ:

– Դուք ցանկություն չունե՞ք այստեղից դիմել վրաց ժողովրդին:

– Ես այդպիսի հնարավորություն չունեմ: Դա տեխնիկապես անհնար է:

– Իսկ եթե նման հնարավորություն լիներ, Դուք ի՞նչ կցանկանայիք ասել ձեր ժողովրդին:

– Ես նրան կոչ կանեի չենթարկվել խունտային, պայքարել հանուն Վրաստանում օրինական, սահմանադրական իշխանության վերականգնման, որը ժողովուրդն է ընտրել բացարձակ մեծամասնությամբ, ինչպես նաև բոլոր միջոցներով մերկացնել ժողովրդի թշնամիների արյունոտ ձեռնարկումները:

– Ինչքան մենք հասկացանք, դուք զենքը վայր չեք դրել: Արդյոք Ձեր մեջ ցանկություն չի՞ առաջացել ստեղծելու, այսպես կոչված` տարագիր կառավարություն:

– Միգուցե և այդպիսին լինի: Դա չի բացառված:

– Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն հաղորդումներին, որ վրացական գահի ժառանգորդ, իշխան Գեորգի Բագրատիոնը, որը ներկայումս ապրում է Իսպանիայում, ցանկություն է հայտնել դառնալ Վրաստանի միապետ:

– Անկեղծորեն ասած, դա ինձ զարմացրեց: Թե ինչո՞ւ է նման հայտարարություն արել, չեմ հասկանում: Տարօրինակ է, որ դա արել է մի մարդ, որը չի եղել իր նախնիների հայրենիքում, չգիտի մայրենի լեզուն:

– Եվ վերջին հարցը: Եթե Ձեզ նորից վիճակվեր քաղաքական կարիերա սկսել, Դուք հասարակական-քաղաքական ինչ կարգեր կընտրեիք Վրաստանի համար:

– Իհարկե, ժողովրդավարական:

Լևոն Ազրոյան, Գարի Գալստյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives