March 28, 2024

Դավիթ Համբարձումյան

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ

Մահացել է մեր գործընկերը: Անսպասելիորեն դավաճանեց Դավիթ Համբարձումյանի սիրտը:

Այս անունն այսօր հայտնի է շատերին: Եվ ոչ միայն Հայաստանում, այլև` նրա սահմաններից դուրս: Նրան ժողովրդականություն և փառք բերեցին մարզասպարեզում ունեցած ակնառու հաջողությունները: Յոթանասունական և ութսունական թվականներին մեր հանրապետությունը հպարտանում էր իր զավակով: Դավիթ Համբարձումյանն իր մարզական գործունեության 18 տարիների ընթացքում 14 անգամ արժանացել է ջրացատկորդների ԽՍՀՄ չեմպիոնի կոչմանը, երկու անգամ հաղթանակ է տարել Եվրոպայի առաջնություններում, դարձել է Մոսկվայի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր:

Դավիթ Համբարձումյան

Չափազանց դառն ու ցավալի է գիտակցել, որ այսօր Դավիթ Համբարձումյանը մեզ հետ չէ: Դադարել է բաբախել մի մարդու սիրտ, որը դեռևս երկար տարիներ կարող էր ծառայել հայկական սպորտին և նրան հսկայական ծառայություններ մատուցել: Վերջին տարիներին Դավիթ Համբարձումյանը, որպես երիտասարդ սերնդի դաստիարակ և պետական գործիչ, Հայաստանի սպորտկոմիտեի նախագահի տեղակալն էր:

Այս տարի կլրանար նրա 36 տարին: Մահացել է ոչ թե հայտնի մարզիկ, չեմպիոն, սպորտի վաստակավոր գործիչ, մահացել է մեր բոլորի` թե նրա մտերիմների, թե նրան ճանաչողների ընկերը:

Համաշխարհային ճանաչումը չխանգարեց նրան համեստ, հմայիչ և օրինավոր մարդ մնալ: Այսպիսին էր մեր ճանաչած Դավիթ Համբարձումյանը, և մեր հիշողության մեջ նա միշտ այսպիսին կմնա: Մարզական հասարակայնությունը ծանր և անդառնալի կորուստ կրեց: Հայաստանի սպորտկոմիտեն սգում է Դավիթ Համբարձումյանի անժամանակ մահը և խորը ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին:

Հայաստանի Հանրապետության սպորտկոմիտե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives