Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81
Այսօր Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ կմեկնի Բիշքեկ, մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդի փետրվարի 8-ի որոշման համաձայն կազմակերպվող Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Ղրղըզստանի ԳԽ նախագահների հանդիպմանը: Հայաստանի պատվիրակության կազմում կլինեն ԳԽ պատգամավոր Սեյրան Բաղդասարյանը, Խաչիկ Բեզիրջյանը, Պետրոս Քացախյանը, ԳԽ նախագահի խորհրդական Աշոտ Անտինյանը, ԳԽ մամուլի կենտրոնի ղեկավար Վահագն Մկրտչյանը: Թերևս առաջին անգամ ՀՀ ԳԽ պատվիրակությանը կուղեկցի հայ լրագրողների մի խումբ: Մինչ այդ, երեկ Բիշքեկ ժամանած ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն անցել է երկկողմ բանակցությունների ծրագրի կատարմանը, որից հետո կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին: