March 28, 2024

Բենզին և հաց

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)

Փորձության շրջանները հաջորդում են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր օր լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ավելացնում մեր առանց այն էլ շնչահեղձ լինող սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Հանրապետության թե սոցիալական եւ թե տնտեսական կյանքը զարգանում է դեպրեսիայի բոլոր օրենքներով։ Արտադրության որակական ու քանակական անկումը, մանրածախ գների անզուսպ աճը եւ բաշխման շուկայական օրենքները ազգաբնակչության մեծամասնությանը դարձրել են անգնողունակ։ Բաշխման պետական կարգավորմանը ընտելացած հասարակությունը մեկեն հայտնվել է շուկայական հարաբերությունների բարբարոսական դրսեւորումների ճիրաններում։ Վիճակն ավելի է վատթարանում այն պատճառով, որ ամենուրեք կազմավորվում են ճգնաժամային շրջաններին բնորոշ մաֆիոզ կազմակերպություններ, որոնք, օգտվելով համատարած քաոսից ու պետական վերահսկողության բացակայությունից, տնտեսական կյանքի հիմնական ոլորտներում ստեղծում են «մոնոպոլիաներ»։ Գաղտնիք չէ՝ այսօր այդ «մոնոպոլիստները» կարողանում են, ըստ իրադրության, ստեղծել դեֆիցիտային իրավիճակ, բարձրացնել մանրածախ գները եւ ստանալ հավելյալ շահույթ։ Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ անհատական նախաձեռնությամբ հանրապետություն կերվող սննդամթերքն ու վառելանյութը դրական երեւույթից դարձել են չարիք։

Չարիք, որովհետեւ հանրապետության սահմանից այս կողմ բերված ապրանքները անմիջապես ընկնում Են մաֆիոզ խմբավորումների ձեռքը եւ վերավաճառվում անասելի գներով։ Ըստ էության, ամեն ինչ դարձել է հանրապետությունում նոր ձեւավորվող արտոնյալ խավի պահանջմունքի առարկա։

Որ կենսագործունեության կարեւորագույն ոլորտներում տնօրինում են մաֆիոզ խմբավորումները՝ կասկած չի հարուցում։ Դեռ վերջերս քաղաքապետը անկեղծորեն խոստովանեց, որ Երեւանի քաղաքային իշխանությունները անզոր են բանկային եւ բենզինի գծով «մասնագիտացած» մաֆիաների դեմ։ Փաստն ինքնին խոսուն է։ Պարզ է նաեւ, որ նման անելանելի վիճակում հայտնված հանրապետությունը պարտավոր է հստակ վերահսկողության սահմանել արտադրվող կամ դրսից բերվող այն ապրանքների վրա, որոնք ազգի համար ունեն ռազմա-ստրատեգիական նշանակություն։

Ինչպես կարելի Է թույլ տալ, որ պատերազմական ու սովի վիճակում հայտնված երկրում հացի եւ բենզինի բաշխման վրա հսկեն ինչ-ինչ մաֆիաներ։ Կարելի է շատ բանի համակերպվել, ընտելանալ ու լռել։ Բայց երբ ազգի անզորության ու անելանելիության փաստի շահարկմամբ մի քանի մաֆիոզ կազմակերպություններ փորձում են արագ հարստանալ, արդեն վտանգավոր Է։

Հարստանալն ինքնին վատ բան չէ։ Վատն ու վտանգավորն այն է, որ այդ ամենի հետեւանքով իսպառ կազմալուծվում է հանրապետության ներքին կյանքը եւ, որ ավելի վտանգավոր է, նախապայմաններ են ստեղծվում ժողովրդական հուզումների համար։ Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցեն պահի կարեւորությունը եւ դիմեն անհրաժեշտ խստությունների։ Ժամանակն է, որ ռազմաստրատեգիական ու քաղաքական նշանակություն ունեցող հացի ու բենզինի վաճառքի մենաշնորհը պահեն իրենց ձեռքում։ Թե՞ հայ ժողովուրդը պատմության մեջ հիշվելու է, երբ խոսք գնա «հացի բունտի», «բենզինի բունտի» կամ «աղի բունտի» մասին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives