November 27, 2024

Ապակայունությամբ ահաբեկում են ժողովրդին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)

Ի՞նչ են անում Հայաստանի իշխանություններն ու նախագահը հանրապետությունը խեղդող ճգնաժամի ընդերքում վաղուց արդեն հասունացող սոցիալական պայթյունը կանխելու համար։ Անում են այն, ինչ անհիշելի ժամանակներից անում են բոլոր սնանկ ու սրամիտ տիրակալները՝ շեղում են ժողովրդին դեպի պատերազմ։ Այն պայթյունը, որ իրենց միջնաբերդը պիտի խորտակեր, ուղղում են դեպի պարիսպներից դուրս կանգնած թշնամին։ Անցյալ տարի տեսանք, թե ինչ ճկունությամբ, ինչ հիանալի վարպետությամբ Հայաստանի Հանրապետության նախագահը կարողացավ հայ ժողովրդի զրկանքներն ու կորուստները բարդել ընդդիմության եւ նույն ժողովրդի վրա, ինչ վիրավորված արժանապատվությամբ ներկայացրեց ամենաողբերգական կացությունը որպես ինչ-ինչ առասպելական «ապակայունացնող» ուժերի քայքայիչ գործունեության արդյունք։

Ամենավառ օրինակը անցյալ ամառվա հիրավի ողբերգական դեպքերն էին, երբ կորցրեցինք Շահումյանն ու Մարտակերտը, իսկ նախագահը զարմանալի մի հնարքով դրա համար մեղադրեց ընդդիմությանն ու Արցախի իշխանություններին։ Դրա տրամաբանական շարունակությունը նախագահի քաղաքականությունն էր Արցախում, որտեղ նա, պայքարող արցախցիներին արհեստականորեն բաժանելով, փորձեց իր կամքն ու իշխանությունը հաստատել Ղարաբաղում։ Անշուշտ, ոչ ի նպաստ Արցախի։ Հայաստանի իշխանությունները ժողովրդին փաստորեն սպառնում են ռազմական պարտություններով ու տարածքային կորուստներով, եթե նա համարձակվի դուրս գալ ընդդեմ իշխանությունների։ Այս ամենը գալիս է հաստատելու, որ իշխանությունները որդեգրել են խոշոր ռազմական պարտություններով վախեցնելով ժողովրդին իշխանությունների դեմ պայքարից շեղելու հանցագործ քաղաքականության։ Օրեցօր վատթարանում է վիճակը, օրեցօր սեղմվում է շրջափակման օղակը, եւ պարզ է, որ հիմքից սասանվող իշխանությունները գոյատեւելու համար ավելի ու ավելի կաշխաժացնեն իրենց «գործունեությունը»։ Այդ աշխուժությունը սանձելուն ուղղված քայլերը դժվար որեւէ արդյունք ունենան։ Իշխանությունները, որոնք Հայաստանը օտար ուժերի ձեռքին դարձրել են խաղալիք, միայն մի ճանապարհ ունեն՝ հեռանալն է։ Միայն նախագահի հեռանալը կարող է փրկել Հայաստանը թե սոցիալական պայթյունից, թե աղետալի կորուստներից։

Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության հետեւանքով արցախյան պրոբլեմի ծանրության կենտրոնը, որ պետք է լիներ Արցախի եւ Ադրբեջանի կամ Հայաստանի (Արցախը ներառյալ) եւ Ադրբեջանի միջեւ, այսօր ամենաանհեթեթ ու անտրամաբանական կերպով տեղափոխվել եւ իր տեղն է գտել Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի միջեւ. Հայաստանի իշխանավորները ԼՂՀ գործադիր իշխանությունների վրա բռնի ճնշումով օտարում են ԼՂՀ Գերագույն խորհրդին՝ իրենց ճռճռացող աթոռները հաստատուն պահելու ճիգով եւ ամեն կերպ շահարկում են արցախյան խնդիրներն ու դրա հնարավոր հետեւանքների մեղքը բարդում ընդդիմության ու ԼՂՀ իշխանությունների վրա, պատերազմող Արցախում իրենց ազդեցությունը հաստատելու համար փաստացի դավաճանությամբ պառակտում են հանրապետությունը, իրենց հասու բոլոր միջոցներով ամեն կերպ ապակայունացնում են վիճակն ու ապակայունացման հետեւանքների մութ ստվերներով ահաբեկում սեփական ժողովրդին։ Այս անհեթեթությունն այլեւս շարունակվել չի կարող։ Այլապես կդառնա ողբերգություն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives