April 25, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ցանկացած իրավիճակում Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է

Ցանկացած իրավիճակում Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 11, չորեքշաբթի, 1993թ.

«Ազգը» հուլիսի 24-ի համարում, մասնակիորեն շոշափել է թուրք-ադրբեջանական հարաբերությունները, արտահայտել էր հետևյալ տեսակետը. «Շրջադարձ Թուրքիայի քաղաքականության մեջ հնարավոր է Էլչիբեյի և Ալիևի հանդեպ, բայց ոչ Ադրբեջանի: Հետևաբար, Հայաստանը չի կարող որևէ պատրանք ունենալ Անկարայի քաղաքականության հնարավոր տատանումներից, կապված Ադրբեջանի իշխանության փոփոխության հետ: Ի վերջո, Ադրբեջանն էլ Թուրքիայի համար ազգային խնդիր է»: Թեև Թուրքիայում իշխանությունների ջանքերով անվստահության մթնոլորտ է ստեղծում Ալիևի հանդեպ, թուրքական մամուլը, միանալով այդ ջանքերին, նրան կպցնում է Մոսկվայի դրածոյի, ՊԱԿ-ի գործակալի պիտակներ, միաժամանակ ստախոս անվանում, այնուամենայնիվ, ինչպես Էլչիբեյի նախագահության օրոք, այնպես էլ հիմա, պաշտոնական Անկարան նույն եռանդով շարունակում է պաշտպանել Ադրբեջանի իրավունքները միջազգային ասպարեզում, Հայաստանին պաշտոնապես դատապարտում է, նրա վրա բարդում ռազմական գործողությունների ողջ պատասխանատվությունը, առաջվա պես կամավորական ջոկատներ է ուղարկում Բաքու՝ կազմված զինծառայությունը հատուկ զորամասերում անցկացրած քաղաքացիներից և ինչպես միշտ, նորից ու նորից սպառնալիքներ է թափում մեր գլխին: Այդ ամենի մասին են խոսում «Հյուրրիյեթի» վերջին համարում հրապարակված նյութերը, որոնք նպատակահարմար ենք գտնում հերթականությամբ ներկայացնելու ընթերցողի ուշադրությանը:

«Հյուրրիյեթ» հուլիսի 25. Թուրքիան Աղդամի վրա հարձակվելու առնչությամբ հայերին դատապարտեց: Այդ առթիվ արտգործնախարարությունը արեց հետևյալ հայտարարությունը. «Միանգամայն անընդունելի են այն պատճառաբանությունները, թե Ադրբեջանի տարածքում իրականացվող հարձակումները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հայկական տարրերի գործը և Հայաստանը այդ առնչությամբ պատասխանատվություն չի կրում: Հայկական կողմը պիտի գիտակցի, որ լարվածության սրումը նրա համար նախընտրելի չի խաղաղությունից ու կայունությունից, այլապես նա ստիպված է լինելու դիմակայելու դրա հետևանքներին»:

«Հյուրրիյեթ» հուլիսի 25. Այն բանից հետո, երբ հայերը գրավեցին Աղդամը, արհամարելով Հռոմի բանակցությունները, Թուրքիայից Բաքու ժամանեցին մի խումբ կամավորներ: Թուրք կամավորների մի մասն անմիջապես մեկնեց Աղդամի ճակատ: Թուրք կամավորներից Քեմալ Չաքըրը պատասխանելով մեր հարցին, նշեց. «Մեր հայրենիքի անբաժանելի մասը կազմող այս հողերի գրավումը հայերի կողմից մեզ չափազանց հուզեց: Իհարկե, չէինք կարող անհոգ նստել, տեսնելով, թե ինչպես են ռազմաճակատներում զոհվում 75 տարվա ընդմիջումից հետո մեզ հասանելի դարձած ադրբեջանցի եղբայրները»:

«Հյուրրիյեթ» հուլիսի 28. Դեմոկրատական ձախակողմյան կուսակցության նախագահ Բյուլենթ Էջևիթը իր ելույթում անդրադառնալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի բացման անհրաժեշտությունը, պահանջեց գործի դնել թուրքական ռազմաօդային ուժերին և ասաց. «Օդային հարվածներ կիրառելու համար բավարար հիմք պետք է համարել Ադրբեջանի օրինական նախագահ Էլչիբեյի հավանականություն»:

Երեկ Էջևիթը նախագահ Էլչիբեյի լիազոր ներկայացուցիչ Ալի Քերիմիլիի հետ միասին մասնակցեց մամուլի ասուլիսին, հայտնելով, որ Ադրբեջանի նախապատրաստված չլինելու և Թուրքիայի երկչոտ դիրքորոշման պատճառով Հայաստանը տիրացավ Ղարաբաղի տարածքին: Այն հարցին, թե ով է ապահովելու ենթադրվող միջանցքի անվտանգությունը, Էլչիբեյի լիազոր ներկայացուցիչ Ալի Քերիմիլին ասաց. «Օրինական իշխանությունների առկայությունը և քաղաքական կայունությունը անհրաժեշտ են Ադրբեջանին: Պետք է քաջալերել նաև ժողովրդավարության զարգացումը երկրում: Այդ առումով մենք ակնկալում ենք եղբայրական Թուրքիայի աջակցությունը:

Էջևիթի կարծիքով, Թուրքիան պետք է վճռական քայլերի դիմի, հակառակ դեպքում Նախիջևանը կընկնի հայերի, իսկ Ադրբեջանի տարածքը՝ կազմավորվող ուղղափառ-սլավոնական ռուսական կայսրության գերիշխանության տակ: Թուրքական ռազմաօդային ուժերը, ասաց Էջևիթը, ի վիճակի են առանց կորուստի բացել այդ միջանցքը: Հետագա կորուստները Լեռնային Ղարաբաղում հնարավոր է կանխել միայն այդ ճանապարհով: Այլ կերպ հազիվ թե հաջողվի համոզել Հայաստանին, որպեսզի նա արդարության հիմունքներով հատվի Ադրբեջանի հետ: Միայն այդ միջանցքի շնորհիվ կարելի է իրատեսական  լուծում գտնել նաև ադրբեջանական նավթի խնդրին»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives