December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Պատգամավորների ընտրությունները Հիմնադիր ժողովի համար

Պատգամավորների ընտրությունները Հիմնադիր ժողովի համար

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 4 նոյեմբերի, 1917թ., թիվ 235

Մոտենում են օրերը, երբ Ռուսաստանի ամբողջ ազգաբնակչությունը պետք է ձեռնարկե պատգամավորների ընտրության՝ Հիմնադիր ժողովի համար: Հիմնադիր ժողով, որի պատգամավորներն ընտրված կլինեն ամբողջ ազգաբնակչության կողմից ընդհանուր, հավասար, ուղղակի և գաղտնի ձայնատվությամբ և համեմատական սիստեմով, ամենահեղինակավոր օրենսդրական մարմինը կլինի, որ իբրև բացարձակ տեր ու տնօրեն՝ կսահմանե բոլոր պետության համար հիմնական օրենքներ, որոնցով այնուհետև կկառավարվի երկիրը: Նա է, որ երկիրը պիտի հանե ներկա քաոսային դրությունից, կարգ ու կանոն հաստատե, նա է, որ պիտի դարման գտնե պետության խանգարված տնտեսությունը և ֆինանսները բարեկարգելու համար: Ռուսաստանի բոլոր ժողովուրդների և բոլոր ազգերի հույսը Հիմնադիր ժողովի վրա է: Ծագումով ոչ ռուս ազգերը մանավանդ հետաքրքրված են Հիմնադիր Ժողովով, որովհետև նրանից սպասում են լուծում ոչ միայն ընդհանուր պետական հարցերի, որոնց մեջ շահագրգռված են ռուսներին հավասար, իբրև պետության քաղաքացիներ, այլև իրանց առանձին ազգային ցանկություններին:

Ինչպես գիտեն մեր ընթերցողները, Հ. Ժող. Կուսակցությունը հայտարարել էր, թե մինչև Հիմնադիր ժողովի գումարում ոչ մի ազգային պահանջ չի հարուցանի Ժամանակավոր կառավարության առաջ: Հասկանալի է ուրեմն, որ ներկա ընտրություններին հայ ժողովուրդը պետք է վերաբերվի ամենայն ուշադրությամբ, ամեն մի ընտրող անպատճառ օգտվի իր ընտրողական իրավունքից և ձայն տա այն պատգամավորներին, որոնք ամենից լավ են ըմբռնում հայ ժողովրդի բաղձանքները և ամենից լավ ընդունակ են այդ բաղձանքներն արտահայտելու և պաշտպանելու Հիմնադիր ժողովում: Մեր ազգի համար պատմական նշանավոր մոմենտ են կազմում Հիմնադիր ժողովի ընտրությունները, և մեր այս կամ այն վերաբերմունքից դեպի այդ ընտրությունները՝ կախված է մեր ազգի բախտը երկար տարիների համար:

Հիմնադիր ժողովի ընտրությունները կատարելու համար Ռուսաստանը բաժանված է 73 ընտրական շրջանի (բացի զորաճակատներից). այս շրջաններից մեկն էլ կազմում է Անդրկովկասը: Անդրկովկասյան ընտրական շրջանի մեջ են մտնում Բաքվի, Գանձակի, Քութաիսիի, Թիֆլիսի, Երևանի նահանգները, Բաթումի և Կարսի շրջանները, Սուխումի ու Զաքաթալայի շրջանակները: Այս ընդարձակ ընտրական շրջանը ընտրելու է 36 պատգամավոր*: Անդրկովկասը ամենամեծ ընտրական շրջանն է: Նրանից հետո երկրորդ տեղը բռնում է Կիևի ընտրական շրջանը, որ տալու է 22 պատգամավոր:

Ընտրությունները ղեկավարելու ու կատարելու համար ընտրվում են՝ անդրկովկասյան կենտրոնական ընտրական կոմիսիա, նահանգական, գավառական և ուչաստկային ընտրական կոմիսիաներ: Այս կոմիսիաների կազմի մեջ մտնում են, բացի օրենքով ցուցյ տրված պաշտոնական անձերից, նաև մի-մի ներկայացուցիչ բոլոր այն կազմակերպություններից, որոնք սեփական ընտրական ցուցակ են ներկայացրել: Այս ներկայացուցիչները նրա համար են, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն հնարավորություն ունենա հսկելու ընտրությունների կանոնավոր, օրենքով սահմանված, ընթացքի վրա և թույլ չտա որևէ կեղծում, որևէ անհատի կամ կազմակերպության կողմից:

Ընտրելու իրավունք ունեն բոլոր ռուսահպատակները**, առանց սեռի, կրոնի և ազգի խտրության, որոնք ընտրության օրը 20 տարին լրացած են: Զորքն էլ, թե ճակատում, թե թիկունքում, ընտրողական իրավունք ունի, առանձին պայմաններով: Ընտրելու իրավունքից զրկվում են խելագարները, խուլ ու համրերը և տաժանակիր աշխատանքի դատապարտվածները:

Ընտրությունները ամենուրեք սկսվելու են նոյեմբերի 12-ին և տևելու են՝ քաղաքներում երեք օր, իսկ գյուղերում՝ յոթ օր:

Ընտրությունները քաղաքում սկսվում է առավոտյան ժամը 9-ին և տևում են մինչև երեկոյան 9-ը (երրորդ օրը՝ մինչև ժամը 2-ը), իսկ գյուղերում առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը (յոթներորդ օրը՝ մինչև ժամը 2-ը):

Յուրաքանչյուր ընտրող, որի անունը վաղօրոք պետք է մտցված լինի ընտրողական ցուցակի մեջ՝ ընտրություններից առաջ ստանում է՝

Ընտրություններից գոնե յոթ օր առաջ ընտրական կոմիսարները պարտավոր են ամեն մի ընտրողի տալ գրավոր անվանական վկայական, որ նրան իրավունք է տալիս ընտրության մասնակցելու, նույնպես և մի-մի օրինակ բոլոր կազմակերպությունների ընտրական ցուցակներից:

Ընտրության համար նշանակված օրերից մեկում ընտրողը, վերցնելով հետը անվանական վկայականը և այն ընտրական ցուցակը, որին ինքը որոշել է ձայն տալ, գնում է ընտրության համար նշանակված շենքը: Այնտեղ կոմիսիայի անդամին ներկայացնում է իր անվանական վկայականը, բայց ոչ ցուցակը։ Անդամը հարկ եղած ստուգությունը կատարելուց հետո՝ նրան կտա մի ծրար (կոնվերտ), ընտրական կոմիսիայի կնիքը վրան։ Այս ծրարը ստանալով՝ ընտրողը մտնում է մի առանձին սենյակ, այնտեղ ծրարի մեջ է դնում իր հավանած ցուցակը, այնպես որ ոչ ոք չիմանա, թե նա ինչ ցուցակ է դնում ծրարի մեջ, և ծրարը փակելով՝ դարձյալ գալիս է մյուս սենյակը, որտեղ գտնվում է կոմիսիան, և փակած ծրարը հանձնում է նախագահին։ Նախագահը, ընտրողի աչքի առաջ, նրա տված ծրարը ձգում է ընտրական արկղի մեջ։

Ոչ ծրարի վրա, ոչ ցուցակի վրա ընտրողը ոչ մի բան չպիտի գրե, ոչ մի բան չպիտի փոխե կամ ջնջե, հակառակ դեպքում նրա ձայնը կկորչե։

Եթե սխալմամբ մի ծրարի մեջ միևնույն ցուցակից երկու հատ գրված լինի՝ մեկը հաշվի կառնվի, իսկ մյուսը՝ ոչ, իսկ եթե մի ծրարի մեջ երկու կամ ավելի տարբեր ցուցակներ լինեն դրված՝ ոչ մեկը հաշվի չի առնվի, և ընտրողի ձայնը կկորչի։

Ուրեմն թե ծրարը, և թե ցուցակը պետք է բոլորովին ազատ լինեն որևէ ուղղումներից, նշաններից, չպիտի կրեն ստորագրություն. յուրաքանչյուր ծրարի մեջ պետք է դրված լինի միայն մեկ ցուցակ։

Եթե որևէ ընտրող եղած ցուցակներից ոչ մեկին չհավանի ու կամենա սեփական թեկնածուի անունը գրել և դնել ծրարի մեջ՝ զուր կլինի նրա աշխատանքը, և նրա ձայնը կկորչի։ Որովհետև ամեն մի ցուցակ, որ կարող է քվեարկության ենթարկվել, պետք է դեռ վաղօրոք գոնե 100 մարդու ստորագրությամբ և առաջարկությամբ հանձնվի կենտրոնական ընտրական կոմիսիային, վերջինիս կողմից հաստատվի ու հրատարակվի, և պետք է պատրաստված լինի որոշ, հաստատված ձևով։ Այս պայմաններին չհամապատասխանող ցուցակը չի առնվի։ Բացի սրանից այդպիսի ընտրողը պետք է գիտենա, որ մի պատգամավոր ընտրվելու համար հարկավոր է մոտավորապես 40 հազար ձայն։ Հասկանալի է ուրեմն, որ պաշտոնապես հաստատված ցուցակներից դուրս մի մասնավոր ցուցակ ներկայացնելը ոչ մի հետևանք չի ունենա, բացի ներկայացնողի ձայնի կորչելուց։

 

* Օրենքի մեջ իբրև հիմք է ընդունված, որ ազգաբնակչության յուրաքանչյուր 200000 շնչի վրա գա մի պատգամավոր:

** Կամ, ինչպես այժմ ասում են՝ բոլոր ռուս քաղաքացիները, այս բառի տակ հասկանալով ոչ միայն քաղաքների, այլև գյուղերի բնակիչներին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives