March 4, 2021
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Նախագահն ի զորու չէ կատարել պարտականությունները

Նախագահն ի զորու չէ կատարել պարտականությունները

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334)

Միակ ելքը իշխանությունների լիազորությունների վերաբաշխումն է

ՀՀ նախագահի «Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին» դեկտեմբերի 16-ի հաղորդման քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավորական խմբակցության նախագահ Գագիկ Հովհաննսիյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

Նախագահի ելույթն չէր արտացոլում հանրապետությունում ստեղծված քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավական ռեալ իրավիճակի բուն պատճառները ու բնականաբար չէր մատնանշում դրա կարգավորման ուղիները: Այդպես կարող էր ելույթ ունենալ որեւէ տեսաբան: Եվ ստեղծվում էր այն տպավորությունը, թե իրավիճակի պատասխանատուն ինչ-որ ուրիշ մեկն է, բայց ոչ նախագահը: Սա էլ հասկանալի է:

Մեր տեսակետը, ինձ թվում է, ներառում է նախագահի բարձրացրած հարցերի պատասխանը:

Իրականում ստեղծված իրավիճակի պատճառները շատ են:

ԽՍՀՄ փլուզումով սկսած անկախության գործընթացը սկսեց ճգնաժամ ապրել նախագահական համակարգի ստեղծմանը զուգընթաց: Դրանից չկարողացավ խուսափել նաեւ մեր հանրապետությունը: Պետական կառավարման պառլամենտական ձեւի փոխարինումը նախագահականով հանգեցրեց իրավական-քաղաքական ռեժիմի կտրուկ փոփոխության՝ բացասական միտումների հաստատումով: Դրա վկայությունն է հանրապետությունում տիրող անարխիան՝ իր դասական դրսեւորումներով: Անարխիան, տնտեսական քաոսը ներսում, քաղաքական դիլետանտիզմը ներսում՝ արտաքին քաղաքականության մեջ, կործանարար են դառնում հանրապետության համար:

Բոլոր դժբախտությունների պատճառը մեր կարծիքով չարաբաստիկ նախագահական համակարգի ստեղծումն ու իշխանությունը մեկ անձի ձեռքերում կենտրոնացնելն էր: Նախագահի հավաստիացումները, թե նախագահական համակարգն է փոխարինելու կոմկուսին ու դառնալու խորհուրդները ցեմենտող շաղախ, փաստորեն հակառակ արդյունք տվեցին: Այդ շաղախը չափազանց ջրիկ դուրս եկավ՝ կազմալուծելով պետական կառավարման եւ ինքնակառավարման հիմքերը:

Աննախադեպ չափերի հասան կոռուպցիան, հովանավորչությունը, սրանց գումարվեց ազգային արժեքների կողոպուտը: Հանրապետությունը հայտնվեց լայնամասշտաբ տեւական պատերազմի մեջ: Ազգային բանակի ստեղծմանը փոխարինեց ֆիդայական-ջոկատային մեթոդներով կռիվը, որը հատուկ է պետականություն չունեցող երկրներին: Սա էլ այն բանի հավաստումը, որ չնայած պետական կառույցների առկայությանը, չհաջողվեց պետականություն կառուցել: Քանդվեցին ոչ միայն պետական-հասարակական, այլեւհոգեւոր կառույցները, կազմալուծվեց մշակութային տնտեսությունը: Մեկուսացվեց մտավորականությունը: Հաստատվեց անձի իշխանություն, որը այդ անձի եւ որոշակի խմբավորումների շահերին համապատասխան քաղաքականություն ծավալեց՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական, ֆինանսավարկային, իրավական քաոս:

Քաոսը կատարյալ դարձնելու համար սանձազերծվեց մասշտաբային սեփականաշնորհում, որը պատերազմող երկիրը պարտության տանելու ամենակարճ ճանապարհն է:

Նորաստեղծ պետության կայացման համար մենք ունենք երեք հիմնահարց.

Սահմանադրության ստեղծում, Արցախի հարցի կարգավորում, աղետի գոտու պրոբլեմի լուծում:

Կառավարությունը մեծ հաջողությամբ գլուխ չի հանում երեք հարցերից հավասարապես։ Եվ պատահական չէ, որ նախագահի ելույթում տեղ չէին գտել կարեւորագույն այս հարցերը։ Առանց Սահմանադրության մենք պետություն չենք ստեղծելու եւ տապալվելու ենք։ Դրա համար այսօր բոլոր պայմաններն արդեն ստեղծված են։ Սահմանադրության բացակայությունն ստեղծել է կատարյալ անիշխանություն։ Չնայած ունենք նախագահ, բազմապիսի խորհրդականներ, կառավարություն, միշտ թարմ վարչապետներ, բայց, մեր խորին համոզմամբ, ապրում ենք իշխանության իսպառ բացակայության պայմաններում։ Սրան նպաստում է նաեւ կադրային կամայական քաղաքականությունը։ Շատ կադրեր ի սկզբանե դատապարտված են դառնալու քավության նոխազ՝ հանուն նախագահի։ Սահմանադրության ընդունման նախագահի առաջարկած տարբերակը ակնհայտորեն հակաժողովրդավարական է։ Եվ եթե նայենք սահմանադրական հանձնաժողովի ստեղծած սահմանադրության տարբերակին (այսինքն՝ դրույթներին)՝ ամեն ինչ պարզ կդառնա։ Որովհետեւ այն ձեւված է պրեզիդենտի ցանկությամբ ու չափսերով։

Սահմանադրությունը պետք է ընդունի միայն ու միայն Սահմանադիր ժողովը։ Սա է սահմանադրության ընդունման ամենաժողովրդավարական ճանապարհը:

Ուրիշ ճանապարհ մենք չենք տեսնում:

Ձախողումը արտաքին քաղաքականության մեջ նույնպես ակնհայտ է։ Առաջնորդվելով ոչ թե հայ ժողովրդի ազգային շահերով, այլ մտնելով թելադրանքի քաղաքականության վտանգավոր ոլորտ, նախագահը ապահովեց հանրապետության լիակատար մեկուսացումն ու վերջնականապես ամրապնդեց շրջափակումը։

Վախվորած, պարտվողական քաղաքականությունը Արցախի հարցում, այդ ուղղությամբ վարած ապազգային սիրողական քաղաքականությունը, անհասկանալի «մանեւրները» Ժելեզնովոդսկից Սոչի, ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը կանգնեցրին անլուծելի խնդիրների առաջ՝ պատճառ դառնալով ոչ միայն ռազմական պարտությունների, տարածքային կորուստների, այլեւ տնտեսության կատարյալ փլուզման։

Հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու քաղաքականության թմբկահարումը բխում է ոչ թե քաղաքական ռեալությունից, ազգային շահերից, այլ դրսից պարտադրված կողմնորոշիչներից։ Այդ հարաբերությունները կառուցվում են բացահայտ միակողմանիությամբ։ Կարծես թե մեր կամքից են կախված Թուրքիայի հետ լավ հարաբերությունները, ոչ թե Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերից… Հարաբերությունը այլ պետությունների հետ պայմանավորվում է ուժով։

Ես ուզում եմ անդրադառնալ նաեւ աղետի գոտու խնդրին, որի մասին նախագահը չխոսեց իր ելույթում։ 1992թ. կառավարությունը գնաց «Գայդարի դուռը»՝ խնդրելու, որ լուծարեն Գյումրիում աշխատող ռուսական շինարարական կազմակերպությունները։ Ինչու. դրամի բացակայության պատճառով։ Մինչդեռ այդ ընթացքում կառավարությունը այլ նպատակներով վատնել էր արդեն աղետի գոտու 56 մլն դոլարը։ Օրինակ՝ 1մլն 500 դոլար է հատկացրել ֆրանսիական «Սորմել» ֆիրմայից մագնիտոֆոնային կասետների արտադրության հոսքագիծ բերելու համար, որը անհայտ է, թե որտեղ է տեղադրվել։ Հունիսի 29-ի իր հեռուստաելույթում նախագահը մեղադրում էր ՀՅ Դաշնակցությանը, որ իբր աղետի գոտու համար հավաքված 3մլն դոլարը չի տվել աղետի գոտուն։ Նախ ասենք, որ Դաշնակցությունը միայն ինքը չի տնօրինում այդ գործը։ Իսկ գիտե՞ր նախագահը, որ այդ պահին արդեն կառավարությունը 56մլն վատնել էր։ Եվ պետք է շնորհակալություն հայտնել ՀՅԴ-ին, որ չի տվել այդ 3մլն դոլարը, որովհետեւ դա էլ վատնված կլիներ։

Մեր կարծիքով, նախագահը ի զորու չէ իրականացնել օրենքով իրեն վերապահված պարտականությունները թե՛ պետական, թե՛ ժողովրդի անվտանգության ապահովման, թե՛ օրենքների գործադրման, թե՛ մարդկանց սոցիալական իրավական պաշտպանության ուղղություններով։

Միակ ելքը իշխանության լիազորությունների վերաբաշխումն է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives