September 28, 2020
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Մեր թղթակից Գրիգոր Բաբայանը Ստեփանակերտից հեռախոսով թելադրեց այս թղթակցությունը

Մեր թղթակից Գրիգոր Բաբայանը Ստեփանակերտից հեռախոսով թելադրեց այս թղթակցությունը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)
23 օգոստոսի

Առավոտյան 9:00-ին պայթյուն լսվեց, և պատուհանից դուրս թռած ապակիների փշուրները լցվեցին նախաճաշի պնակների մեջ: Այս շաբաթ արդեն երկրորդ անգամ է գլխներիս նման «անձրև» գալիս: Վազեցինք բակ: Շուշի քաղաքի կենտրոնում ծխի կեղտակտուր սյունը երկինք էր խոյացել ու ամպ էր դառնում: Երկրորդ հարվածը չեղավ: (Թելադրելիս Գրիգորը հայտնեց, որ այդ պահին՝ 24.08.92, ժ. 17:00, կրկին օդային տագնապ է):

Ռումբն ընկել էր մեջիթից քիչ ներքև՝ դպրոցի կողքի առանձնատների վրա: Երբ տեղ հասանք, վիրավորները արդեն տարվել էին, ավերակներն ամայի էին և ծածկված այն գորշասպիտակ մեռելային փոշով, որ գոյանում է միայն ռմբակոծությունից: Նույն փոշով պատված երբեմն պտղատու ծառերը, որ կես ժամ առաջ կանաչ էին, Շուշիի բոլոր ծառերի պես հարվածի ալիքից մի վայրկյանում չորացել ու մեռել: Այդ փոշուն չդիպչելու համար ավտոմատները դրեցինք քարերի վրա, նստեցինք: Տղաներից մեկը ռումբի մի բեկոր գտավ՝ պարուրաձև երկաթի մի ծանր, անճոռնի ափաչափ կտոր, որի մասին դառը կատակով ասվեց, թե «Գրադի» բեկորները սրա համեմատությամբ նրբագեղ զարդեր են:

Ինչ էինք խոսում: Արդեն սովորական են դառնում նաև օդանավակայանի հարձակումները, եթե իհարկե երբևէ սովորական բան կարող է դառնալ գլխիդ ընկնող երկաթը: Ավիացիոն կես տոննանոց ռումբն, անշուշտ վտանգավոր է նաև մարտադաշտում դիրքավորված զինվորի, շարժվող կամ կանգնած տեխնիկայի համար, բայց բնակավայրի վրա նետված ռումբը ոչ թե սոսկ վտանգավոր է, այն ավերիչ է ու կործանարար: Սա մենք արդեն տեսնում ենք, գիտենք, իսկ թուրքն առայժմ գիտե լոկ մեր բողոքներից և զոհ ու վիրավորի մասին մեր հաղորդագրություններից: Եթե Ստեփանակերտի կամ Շուշիի վրա գցված ամեն մի ռումբի պատասխանենք Գյանջայի կամ Ֆիզուլու վրա նետված տասը ռումբով, տասն անգամ մտածել կտայինք ամեն մի օդային հարձակում գործելուց առաջ: Ամեն Աստծո օր առօրեական դարձած ողբերգական լուր է բերում անմեղ զոհերի մասին: Ինչո՞ւ է հեղվում այս արյունը: Ում վրա է ծանրանալու:

Ստեփանակերտ ավելի շատ են ռմբակոծում, քան Շուշին: Պատճառը պարզ է. Ստեփանակերտում ավելի շատ մարդ կա, և ռումբն ավելի շատ մարդ կարող է սպանել: Ոչ թե հակառակորդի զինվորը, այլ պարզապես մարդ: Հայ: Նպատակը պարզ է: Հայազրկել Արցախը, դարձնել այն նույնքան ամայի, որքան այս փոշեխեղդ հողակույտն է, նույնքան անկենդան, որքան այս մեռյալ ծառերը: Գրավել, նստել ու սպասել, թե երբ է հայոց հողը նորից ծլարձակելու և բերք տալու թուրքին:

Ավերակների մոտ մարդիկ են երևում: Մի կին է՝ մի մանկահասակ օրիորդ, 8-10 տարեկան երկու տղեկներ: Կնոջ մի աչքը վիրակապված է, մյուսը արցունքոտ:

Յոթ վիրավոր է եղել: Երեխան է ծանր: Երեխան գուցե չապրի: Տարեկան չկա, երեք ամսական էլ չկա, դեռ ծննդական էլ չեն հանել: Երեկ թղթերը տարել են, որ ծննդական հանեն: Եղբոր երեխան է: Ճանապարհին է ծնվել, Ներքին Հոռաթաղում: Չէ, Շահումյանից չեն, Մարտակերտի Չայլու գյուղից են: Փախան եկան Շուշի, ասին՝ այստեղ ապահով է… Երեխան տանն էր, այ էս տանը, պատրաստվում էին լողացնել: Ծանր է, գուցե չապրի: Անունը Նարեկ:

Օդում ինքնաթիռի ձայն է լսվում: Կինն ու երեխան արագ վախեցած մի կողմ են գնում: Մեր «Շիլկան» սկսում է աշխատել: Շարժիչի ձայնը մի քիչ էլ է մոտենում, հետո կրակահերթի սաստկանալու հետ կորչում է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives