July 27, 2024

Մեզ պատերազմ պետք չէ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 3 սեպտեմբերի, 1993թ., թիվ 167(508), ուրբաթ

ԼՂՀ անկախության տարելիցի առթիվ «Հայլուրի» թղթակից Վահե Մկրտչյանը զրուցում է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի հետ

– Պրն. Բաբուրյան, ո՞րն է Ձեր կարծիքով այսօր աշխարհում տարածված հակահայկական քարոզչական արշավի նպատակը: Արցախը կարողանո՞ւմ է ինչ-որ կերպ դիմակայել պայքարի այդ ճակատում:

– Ադրբեջանի կողմից բարձրացված այդ քարոզչական աղմուկը, բնականաբար, մեկ նպատակ է հետապնդում. սքողել այն պարտությունները, որ նա կրում է ռազմաճակատում, ինչ-որ կերպ փորձել ադրբեջանական ժողովրդին ներկայացնել իբրև զոհ, ամեն ինչ ներկայացնելով գլխիվայր: Այս պատերազմը մենք չենք սկսել, այն մեզ պարտադրված է: Մենք ուղղակի պաշտպանում ենք մեր հանրապետության սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը: Հակառակորդի ռազմական հենակետերի ոչնչացումը մեր կողմից ստիպողական քայլ է:

– Իսկ ի՞նչ արդյունք տվեցին Հռոմի վերջին բանակցությունները և ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում ԵԱՀԽ-ի շրջանակներում տեղի ունեցող բանակցություններին:

– Ես կարծում եմ, որ եթե նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը, ապա այն կլինի արցախյան խնդրի լուծման անարդյունավետ ճանապարհ: Եվ դա այն պատճառով, որ այդ, այսպես կոչված, գրաֆիկը կազմված է միակողմանիորեն, նրանում հաշվի են առնված միայն ադրբեջանցիների շահերը: Ոչ մի երաշխիք չկա, որ տարածքները հանձնելուց հետո Արցախի հողում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի, կամ ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը կհստակեցվի: Մենք բազմիցս դիմել ենք նրանց, որպեսզի հստակեցվի այդ գրաֆիկը, նրանում ձևակերպումները լինեն կոնկրետ: Գրաֆիկում շատ անհասկանալի կետեր կան: Ամեն դեպքում մենք մեր պահանջները ներկայացրել ենք հստակորեն, և այդ ուղուց չենք նահանջելու: Իսկ նույնպիսի հստակ պատասխաններ առայսօր մեզ չեն տրվել:

– Խոսում են նոր, լրամշակված գրաֆիկի տարբերակի մասին: Խնդրում եմ մեկնաբանել:

– Գրաֆիկն ըստ էության մնացել է անփոփոխ: Ուղղակի յուրաքանչյուր անգամ մեզ ուղարկում են փոփոխված ժամկետների նոր տարբերակներ, և ասում են, թե սա նոր գրաֆիկ է: Նրանում, մասնավորապես, կա այսպիսի ենթակետ: Ասում են՝ Քելբաջարում պետք է լինի սահմանափակ կոնտինգենտ: Ի՞նչ ասել է դա: Այդ կոնտինգենտը 5 մա՞րդ է, թե բազմամիլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի համար՝ հարյուր հազար մարդ: Մենք ուղղակի խնդրել ենք, որ բոլոր դիրքորոշումները լինեն հստակ: Առայսօր ոչ մի կոնկրետ պատասխան չենք ստացել:

– Որքան հասկացա, Արցախի հարցը Հռոմի բանակցություններում շատ հստակ եք դրել: Որևէ խոչընդոտ եղե՞լ է Ձեր պատվիրակության հետ հանդիպումներում: Ասենք, օգտագործվե՞լ են պարտադրանքի մեթոդներ, կամ նման բաներ:

– Ոչ, մեր դիրքորոշումը եղել է բավականին հստակ և հասկանալի: Մշտապես պետք է պահպանենք այդ կեցվածքը: Մեզ ևս պատերազմը պետք չէ: Բայց մինչև մեր ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ չլինեն, մենք ուրիշ քայլերի չենք դիմի:

– Արցախի ԳԽ-ի առաջ ի՞նչ առաջնային խնդիրներ են դրված այսօր:

– Հարցն այնքան տարողունակ է, որ երկու բառով դժվար է պատասխանել: Երիտասարդ պետությունը նոր-նոր է լծվել իր պետականության կերտման գործին, և մեզ համար առաջնահերթ է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը:

– Իսկ ի՞նչ կարծիքի եք Ադրբեջանի ներքաղաքական հակամարտությունների հնարավոր ելքի մասին:

– Ադրբեջանում իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կարծում եմ, որ մեր հանրապետության հարևան երկրի իշխանությունը հաստատուն կարող է պահել միայն այն նախագահը, որը կհասկանա, որ արցախյան խնդրի լուծման ռազմական եղանակները անհեռանկարային են: Միաժամանակ ինձ թվում է, որ Ադրբեջանի ներքին անկայունությունը երկարատև գործընթաց է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives