March 29, 2024

Մարտեր Աղաբեկալենջի մերձակայքում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Ազգ, 25 մարտի, 1993թ., թիվ 54(305), հինգշաբթի

Մարտակերտ-Աղդամ ճանապարհը վերահսկվում է հայերի կողմից

Մարտի 23-ի լույս 24-ի գիշերը և երեկ կատաղի մարտերը շարունակվում էին Մարտակերտի շրջանի Աղաբեկալենջ գյուղի մերձակայքում, ինչպես նաև Ներքին Հոռաթաղ գյուղի հյուսիսային մատույցներում: Այս մասին, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն, Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ռազմաճակատի այս հատվածում մի քանի անգամ փորձել են ճեղքել հայկական ուժերի պաշտպանական շղթան, սակայն ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը, դիմակայելով հակառակորդի ճնշմանը, ոչ միայն ետ են մղել գրոհները, այլև աստիճանաբար մոտենում են շրջկենտրոնին: Վերջին երկու օրերի մարտերի ընթացքում հայկական կազմավորումները ոչնչացրել են թշնամու մեկ հետևակի մարտական մեքենա: Մեկ հայկական տանկ աննշան վնասվածքներ է կրել: ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբի տվյալներով, այդ օրերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 5 զինվոր, ադրբեջանական կողմից՝ առնվազն 45:

Միաժամանակ, վերջին օրերի մարտական գործողությունների շնորհիվ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է գրավել «պուշկի յալ» կոչվող տեղամասը, ինչպես նաև Մարտակերտի և Աղդամի շրջանների սահմանագոտում գտնվող երկու բարձունք՝ դրանով իսկ վերահսկողություն սահմանելով մարտավարական մեծ նշանակություն ունեցող Աղդամ-Մարտակերտ  ավտոճանապարհի վրա: Հիշեցնենք, որ այդ ճանապարհով Մարտակերտում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները պարբերաբար օժանդակություն էին ստանում Աղդամի ռազմական բազաներից:

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե իբր Մարտակերտի շրջանում վերջին օրերի ընթացքում խփվել են հայկական երկու տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա:

ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի տվյալներով, երեկ և նախորդ գիշեր իրադրությունը Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների ռազմաճակատներում, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի մատույցներում էական փոփոխություններ չի կրել: Այստեղ արձանագրվել են միայն կարճատև դիրքային փոխհրաձգություններ: Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը գործում է անխափան:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives