November 2, 2024

Հուշարձան հերոսին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338)

Նախնյաց արյան կանչով ռազմի դաշտ ելած Ազատամարտիկը, Ցեղամարդը, նահատակը իր ազգի հարատեւման եւ դիմադրության անհրաժեշտ նախապայմանն է։ Երբ չկա անմնացորդ նվիրումի այդ անփոխարինելի ներուժը, դադարում է Ցեղի ոգու շարժը։

Այդպիսիները ազգի ողնաշարն են։ Նրանցից մեկն էր Համլետ Մինասյանը՝ իր պապերի արիական ժառանգն ու զինակիրը։ Ազատամարտիկը մարտիրոսվեց անցած տարվա դեկտեմբերին, Թոդան գյուղի համար մղված մարտերում։

Համլետ Մինասյան

Զինվորական էր, նախկին Միության ո՞ր ծայրամասում ասես չէր ծառայել Համլետը՝ Սախալինում, Հեռավոր Արեւելքում, Կամչատկայի Պետրոպավլովսկում, Վլադիկավկազում, Նախիջեւանում եւ այլուր։ Երբ ալեկոծվեց 1988թ. փետրվարը, Համլետն ակտիվորեն պայքարի հրապարակ նետվեց եւ միացավ այն հոծ բազմությանը, որն ուզում էր անկախ լինի Հայաստանը եւ ազատագրված՝ Արցախը։

Երբ Հայաստանում եւ Արցախում սկսվեցին պատերազմական գործողությունները, փորձված զինվորականը բազմիցս մեկնեց սահմանամերձ շրջաններ, Ղարաբաղ, մասնակցեց գրեթե բոլոր վճռական կռիվներին։ Նրան հատկապես ձգում էր հայրենի Գորիսը։ Ձգտում էքւ իր առավելագույնը տալ Զանգեզուրի ինքնապաշտպանությանը։

Նա եզակի մասնագետ էր։ Սակրավոր էր, ականների հայտնաբերման ու ոչնչացման գիտակ, եւ իր վերջին կռվի նախօրեին կարեւոր մարտական հանձնարարություն էր կատարում։ Թեեւ առաջադրանքն արդեն կատարված էր, բայց հաշվի առնելով ծավալվող մարտական գործողությունների կարեւորությունը, վճռեց մնալ եւ անձամբ մասնակցել առաջիկա կռվին։

Թոդանը ադրբեջանական օմօնականների հենակետ էր եւ ամենօրյա լուրջ սպառնալիք էր դարձել Շահամյանի բնակչության համար։ Շուրջ երեսուն քաջեր որոշեցին ոչնչացնել այդ կրակակետը եւ պաշարեցին Թոդանը։ Գյուղում կային լավ զինված չորս հարյուր հիսուն ելուզակներ։ Բայց երբ սկսվեց գրոհը, թշնամին չկարողացավ դիմադրել եւ խուճապահար փախուստի դիմեց։

Հինգ հայորդի զոհվեց այդ անհավասար մարտում, որոնց թվում էր նաեւ Համլետ Մինասյանը։ Հայկական ուժերի շարքերից պակասեց եւս մեկ սպա…

… Երախտապարտ գորիսեցիները չմոռացան անձնվեր հայրենասերի խիզախությունը։ Հիմա Հարճիս գյուղի միջնակարգ դպրոցը նրա անունով է կոչվում։ Իսկ վերջերս Երեւանի Քանաքեռ թաղամասի գերեզմանատանը, ուր հանգչում է հերոսի աճյունը, կանգնեցվեց նրա մահարձանը…

ԳԱԳԻԿ ՄԱՐՏՈՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives