March 4, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ՀՀ պատվիրակության պաշտոնական այցելությունը Թուրքմենստան

ՀՀ պատվիրակության պաշտոնական այցելությունը Թուրքմենստան

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Հայաստանի Հանրապետություն, 25 օգոստոսի, 1993թ., թիվ 168(772), չորեքշաբթի

Ինչպես արդեն հաղորդել ենք, օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Թուրքմենստան էր մեկնել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Աշգաբատի օդանավակայանում, որը զարդարված էր երկու պետությունների դրոշներով, Լևոն Տեր-Պետրոսյանին և պատվիրակության անդամներին դիմավորեցին Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը, Մեջլիսի նախագահ Մ. Մուրադովը, պաշտոնական այլ անձինք, Աշգաբատում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների անդամներ: Կատարվեցին երկու պետությունների պետական հիմները: Լ. Տեր-Պետրոսյանը և Ս. Նիյազովը տողանցեցին զինվորների պատվո պահակաշարը:

Օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին, Լ. Տեր-Պետրոսյանն հայտարարեց, որ արդեն երեք տարի Հայաստանն ու Թուրքմենստանը ձգտում են պահպանել այն բոլոր կապերը, որ եղել են երկու երկրների միջև: Նա նշեց, թե Հայաստանն ապացուցել է, որ ինքը հուսալիլ գործընկեր է:

Երեկոյան Թուրքմենստանի նախագահը պաշտոնական ընթրիք տվեց ի պատիվ նախագահի:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ Լ. Տեր-Պետրոսյանի և Ս. Նիյազովի պաշտոնական հանդիպումը: Երկու նախագահները մոտ երեք ժամ առանձնազրույց ունեցան: Իսկ այդ ընթացքում բանակցություններ էին տեղի ունենում երկու պետությունների կառավարական պատվիրակությունների միջև:

Հանդիպումներից և բանակցություններից հետո նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը և Ս. Նիյազովը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիրը:

ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև համաձայնագիր ստորագրվեց 1994թ. առևտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ վարչապետ Հ. Բագրատյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Սափարովը: Հ. Բագրատյանը և փոխնախագահ, նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար Օչերցովը ստորագրեցին համաձայնագիր՝ ոչ առևտրական վճարումների մասին: Կնքվեցին նաև համաձայնագրեր Թուրքմենստանի գազը Հայաստանի Հանրապետությանը մատակարարելու մասին, մշակութային և գիտատեխնիկական համագործակցության մասին, բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության մասին, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին, քաղաքացիների առանց հրավերի տեղաշարժի մասին, մաքսային հարաբերությունների հիմունքների մասին, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին, օդային հաղորդակցության և օդային տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաև համաձայնագիր՝ Թուրքմենստանում ազգային դրամ մտցնելու կապակցությամբ դրամահաշվարկային հարաբերությունների և փոխադարձ պարտավորությունների մասին:

Լ. Տեր-Պետրոսյանի այցի արդյունքներով ընդունվեց կոմյունիկե:

Միջպետական պայմանագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանի և Ս. Նիյազովի մամլո ասուլիսը:

Իր ելույթում ՀՀ նախագահը մասնավորապես նշեց.

— Գաղտնիք չէ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև սերտ կապեր էին հաստատված: Երկուստեք շահավետ է պահպանել այդ բոլոր կապերը և դրանց հիման վրա զարգացնել համագործակցությունը, առավել ևս, որ այժմ նման կապերի հնարավորություններ են ստեղծվում: Առաջին հերթին դա վերաբերում է Իրանի տարածքով երկու երկրների համագործակցությունը զարգացնելուն: Եվ ես ուրախ եմ տեղեկանալով, որ Թուրքմենստանը մեծ միջոցներ է ներդրել դեպի Իրան երկաթուղի կառուցելու համար: Դրանով մեր երկու երկրները կկապվեն շատ կարճ երկաթուղային ճանապարհով, իսկ մինչ այդ մենք պայմանավորվեցին, որ կարելի է օգտագործել այն հնարավորությունները, որ տալիս է ավտոմոբիլային տրանսպորտը: Մենք նույնիսկ նշեցինք, որ ժամանակն է ստեղծել թուրքմենա-իրանա-հայկական համատեղ տրանսպորտային ֆիրմա, որն այսօր արդեն կարող է որոշակի ծավալի աշխատանք կատարել:

Նախագահն ընդգծեց կնքված պայմանագրի և համաձայնագրի կարևորությունը և հայտարարեց, որ և՛ Թուրքմենստանը, և՛ Հայաստանը ապացուցեցին, որ իրենք հուսալի գործընկերներ են, ոչ մի պարտք չունեն, ինչը մեր ժամանակների համար հազվագյուտ երևույթ է, իսկ եղած դժվարությունները կապված են այլ երկրների հետ: Նա հույս հայտնեց, որ փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունը կշարունակվի:

Վերջում ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, կառուցողական երկխոսության համար և խաղաղություն, բարգավաճում մաղթեց Թուրքմենստանի ժողովրդին:

Իր խոսքում Ս. Նիյազովը շնորհակալություն հայտնեց իր երկիր արցելելու համար, մեկ անգամ էլ հաստատեց, որ Հայաստանը կանոնավորապես վճարում է առաքվող բնական գազի համար, ընդգծեց կնքված փաստաթղթերի կարևորությունը և խաղաղություն մաղթեց հայ ժողովրդին և Հայաստանին:

Այնուհետև Լ. Տեր-Պետրոսյանը և Ս. Նիյազովը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Լ.Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս հավաստեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման իր դիրքորոշմանը, արդեն համաձայնել է ԵԱՀԽ Մինսկի խմբի նոր առաջարկությանը, ընդսմին նշելով, որ անկայուն իրավիճակը Ադրբեջանում և իշխանության արագ փոփոխությունները խոչընդոտում են գործընթացը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Ս. Նիյազովը նշեց, որ ոչ մի երրորդ երկիր չի կարող ազդել Թուրքմենստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության վրա և այդ կապերին, մասնավորապես գազի մատակարարմանը խոչընդոտող ցանկացած երկիր պետք է միջազգայնորեն ընդունված իրավական պատասխանատվության ենթարկվի: Նա նաև նշեց, որ իրենք պայմանավորվել են ձմռան կարիքները հոգալու համար Հայաստանին 15-16 հազար տոննա նավթ և 100 հազար տոննա դիզելային վառելիք մատակարարել, և Հայաստանի պատվիրակությունը խոստացել է ժամանակին վճարել դրանց դիմաց՝ միջազգային գներով:

ՀՀ նախագահը ողջույնի խոսք ուղղեց նաև Թուրքմենստանում բնակվող հայ համայնքի անդամներին և համոզմունք հայտնեց, որ նրանք պատվով կատարում են այդ երկրի քաղաքացու իրենց բոլոր պարտավորությունները:

Մ. Հարությունյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives