March 29, 2024

Հիմնական հակասությունները՝ Արցախի խնդրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 26 օգոստոսի, 263 (252)

Ռուբեն Շուգարյանի մամլո ասուլիսը

Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Ռ. Շուգարյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձավ վերջին շաբաթվա իրադարձություններին: Խոսելով թուրքական մի պատվիրակության Հայստան կատարած այցի մասին, Ռ. Շուգարյանն ասաց, որ հանդիպումների ընթացքում հաջողվեց հստակեցնել Հայաստանի և Թուրքիայի տեսակետների միջև եղած հակասություններն ու ընդհանրությունները: Նրա խոսքերով, հիմնական տարբերությունը նկատվում է Արցախի հիմնահարցին մոտեցման խնդրում, իսկ ընդհանուրն այն է, որ երկու երկրները գտնում են՝ ժամանակն է, որ միջպետական հարաբերությունները հասցվեն ավելի բարձր մակարդակի:

Մամլո քարտուղարը, անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդրին, նշեց, որ վերջերս Մոսկվայում կայացած Ելցին–Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո Ադրբեջանի զորքերը կտրուկ գործողությունների են անցել թե Արցախում, թե Հայաստանի սահմանամերձ գոտում: Լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանո՞վ է հավաստի Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովի հայտարարությունը, որ օդուժի կիրառումը շարունակելու դեպքում Ադրբեջանը գործ կունենա ռուսական օդուժի հետ, Ռ. Շուգարյանը պատասխանեց, որ նման լուրեր իրեն հասել են, բայց պաշտոնական որևէ տեղեկություն ինքը չունի: Անդրադառնալով այդ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված երկու պայմանագրերին, Ռ. Շուգարյանը խոստացավ դրանց մասին ավելի հանգամանալից խոսել լրագրողների հետ հաջորդ հանդիպման ընթացքում, շեշտելով միայն, որ դրանց ստորագրումը կարելի է դիտել որպես մեծ հաջողություն:

Խոսելով վերջին օրերին Աբխազիայում ծավալվող գործողությունների մասին, պրն Շուգարյանը հերքեց մեր օրաթերթում տպագրված այն տեղեկությանը, որ այնտեղ զոհվել են մի քանի տասնյակ հայ. «անկախ ազգությունից, այնտեղ մի քանի տասնյակ զոհերի մասին խոսք չկա»: Նա շեշտեց, որ նման լրատվությունը մի նպատակ է հետապնդում` սրել հայ-վրացական հարաբերությունները: «Երկրի» թղթակցի հարցին, թե ո՞ւմ նկատի ունի, Ռ. Շուգարյանը պատասխանեց, որ դա ձեռնտու է աբխազներին, և նրանք ցանկանում են այդ ձևով դաշնակից ձեռք բերել ի դեմս Հայաստանի: Հետաքրքրական էին նաև նրա հաղորդած տվյալները, ըստ որոնց Վրաստանը զորահավաք է անցկացնում Աբխազիայի տարածքում: Այդ տվյալների համաձայն, զորահավաքը վերաբերում է միայն ազգությամբ վրացիներին. հայերն ու ռուսները չեզոքություն են պահպանում: «Բայց,- ասաց Շուգարյանը,- հակամարտող երկու կողմերի մեջ էլ հայեր կան»:

Ասուլիսի վերջին բաժինը տրամադրվեց հարցերին: Անդրադառնալով Հռոմի խորհրդաժողովի նախագահ Ռաֆայելիի տարածաշրջան կատարած ուղևորությանը՝ Ռ. Շուգարյանը նշեց, որ այս այցելությունը նպատակաուղղված է Ղարաբաղում զինադադարի հաստատմանը, և, իր կարծիքով, Ղարաբաղի կարգավիճակի մասին չի խոսվում: Հարց եղավ նաև ռուսական հեռուստատեսությամբ հաղորդված լուր մասին իբր Հայաստանը ընդգրկված է Կասպից ծովի ավազանի երկրների համագործակցությունում, որին մամլո քարտուղարը պատասխանեց, թե նախագահի ապարատում նման տեղեկություններ չեն ստացվել, բայց ինքը չէր զարմանա, եթե այդպիսիք լինեն ԱԳՆ-ում: Դա պատճառաբանվեց նրանով, որ տեղեկատվության փոխանակումը  երկու ապարատների միջև վատ է կազմակերպված:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives