December 5, 2024

«Հիմա արդեն թուրքերի հերթն է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 24 մարտի 1993թ., թիվ 52 (393)

Թե ինչպես նախարարը «ազգային տեսիլքների վրա» չի հենվում

«Իմ նշանակումը ես համարում եմ՝ ինձ վրա դրված ծանր պարտականություն»։ Այս խոսքերով սկսեց մարտի 23-ին ունեցած իր անդրանիկ մամլո ասուլիսը ՀՀ ԱԳ նոր նախարար Վահան Փափազյանը, նման բնորոշումը պատճառաբանելով նրանով, որ մեր հանրապետությունը գտնվում է տնտեսական ու ընկերային առումներով ծանր վիճակում եւ նրա պահանջներին համապատասխանող արտաքին քաղաքականություն վարելու համար իր գլխավորած նախարարությունը չունի համապատասխան կառույցներ ու բավարար քանակի մասնագետներ։

«Երկիր»–ի թղթակցի խնդրանքին՝ մանրամասնել նախարարությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ կատարելու իր ծրագիրը, նա հայտնեց, որ ինքը նախարարության ներքին կառուցվածքային փոփոխությունների վերջնական տարբերակը առայժմ չի պարզել նույնիսկ իր համար եւ մտադիր է տեղակալների եւ խորհրդականների հետ այդ հարցի պատասխանը գտնել առաջիկա 2– 3 շաբաթների ընթացքում։ Միեւնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ նախարարությունում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների ընթացքում չեն բացառվում նաեւ լուրջ կադրային փոփոխություններ, ավելացնելով, որ համապատասխան պատրաստվածության դիվանագետների լուրջ պակաս է այսօր հանրապետությունը զգում, իսկ նախկին ԽՍՀՄ–ի ԱԳ նախարարության համակարգի հայազգի դիվանագետները, բացառությամբ 1-2 դեպքերի, անարձագանք են թողել Հայաստան վերադառնալու ՀՀ ԱԳ նախկին նախարարի կոչը։

Խոսելով ԱԳ նախարարության դերի մասին՝ նա ընդգծեց, որ նախատեսում է Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման իրագործումը ՀՀ նախագահի աշխատակազմից վերադարձնել ՀՀ ԱԳ նախարարությանը։ Դրան հասնելու եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի արդյունավետ դարձնելու համար Վ. Փափազյանը անհրաժեշտ համարեց դիվանագիտական ցանցի ընդլայնումը, ընդսմին խոստանալով այսուհետեւ բացառել նախարարության աշխատակիցների բոլոր անիմաստ եւ ավելորդ արտասահմանյան ուղեւորությունները։

Վ. Փափազյանի բնութագրմամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք քաղաքականությունը խարսխվելու է հանրապետության ներքին իրավիճակի վրա, բխելու է նրա ներքին պահանջներից եւ որպես գործունեության սկզբունք չի որդեգրի «այսպես ասած, ազգային տեսիլքների վրա հենված» քաղաքականության սկզբունքները։ Սակայն դա նրան չխանգարեց, որ անմիջապես ավելացնի, թե իր գլխավորած գերատեսչության համար «թերեւս ամենակարեւոր հարցը Ղարաբաղի հարցն է»։

Թուրքիա

Պատասխանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի Թուրքիայի հետ մենք ունենանք բնականոն հարաբերություններ։ Մենք այլեւս անելու քայլ չունենք եւ չենք անելու։ Հիմա Թուրքիայի իշխանությունների հերթն է՝ դեպի մեզ առաջընթաց քայլեր անել։ Կարվեն այդ քայլերը՝ դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կհաստատվեն։ Չեն արվի՝ առայժմ կպահպանվի ներկա վիճակը»։

ՀՀ արտաքին քաղաքականության նախապատվություններ

Խոսելով այս մասին՝ ԱԳ նախարարը նշեց, որ գոյություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթների մի ծրագիր, ըստ որի Հայաստանը պետք է նախ բնականոն հարաբերություններ հաստատի իր անմիջական հարեւանների եւ դրանից հետո միայն աշխարհի ցանկացած պետության հետ։ Բայց անմիջապես ուղղելով ինքն իրեն՝ ընդգծեց, որ մերձակա հարեւանների հետ քաղաքականություն մշակելիս անպայմանորեն հաշվի են առնվում նրանց առանձնահատկությունները։ Այսպես, նա վստահություն հայտնեց, որ հայ-իրանական փոխհարաբերությունները առաջիկայում ավելի կխորանան, դրան խոչընդոտող քաղաքական պատճառներ ինքը չի տեսնում։ Խոսելով Վրաստանի մասին՝ նշեց, որ նրա հետ եւս ոչ մի լուրջ քաղաքական տարաձայնություն Հայաստանը չունի եւ հարաբերությունների զարգացման դանդաղումը պայմանավորեց Վրաստանի ներքին հիմնախնդիրների առկայությամբ։

«Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանը ունի որոշակի խնդիրներ, որոնց լուծման փորձեր է անում»։ Շարունակելով արտաքին քաղաքականության նախապատվությունների թեման՝ նա Հայաստանի համար շատ կարեւոր համարեց համագործակցության զարգացումը ԱՊՀ երկրների, եվրոպական համագործակցության երկրների, ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի արաբական երկրների հետ եւ հեռանկարային՝ Հեռավոր Արեւելքի երկրների ու Հնդկաստանի հետ։

Ռուսաստան

«Շատ կարեւոր են մեզ համար մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ, իմ կարծիքով, մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարաբերությունները զարգանան բնականոն ճանապարհով»,– անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններին՝ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարը։ Իսկ պատասխանելով Ռուսաստանում այժմ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը պարզել ցանկացող հարցին՝ ռուսաստանյան իրադարձությունների պատճառ համարեց բոլոր հանրապետություններին հատուկ այն իրավիճակը, երբ Գերագույն խորհուրդները, թողնելով իրենց օրենսդրական գործունեությունը, «փորձում են իշխանության բոլոր լծակները քաշել դեպի իրենց»։ Խոսելով հիշյալ իրադարձությունների՝ հայ-ռուսական փոխհարաբերությունների վրա ունենալիք հավանական ազդեցությունների մասին, նա ընդգծեց, «Ես կարծում եմ, որ ինչ փոփոխություններ էլ Ռուսաստանում տեղի ունենան, մենք Հայաստանում կկարողանանք ձեւեր եւ ճանապարհներ գտնել՝ շարունակելու համար հայ-ռուսական հարաբերությունների բարիդրացիական ընթացքը»։

ԱՊՀ

Հայաստանը ԱՊՀ-ի շրջանակներում արդեն երկկողմանի միջպետական համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ եւ մոտ ժամանակներս նախատեսում է նմանատիպ համաձայնագրեր ստորագրել Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ։ Ըստ Վ. Փափազյանի, նմանատիպ համաձայնագրերի կնքման նախնական պայմանավորվածություններ կան նաեւ ԱՊՀ այլ երկրների հետ։

Անդրադառնալով ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրացիայի հնարավորություններին՝ հեռանկարային առումով դրանք համարելով լուրջ, նշեց, որ արդեն կնքված համաձայնագրերի ու պայմանագրերի իրականացման մեխանիզմների բացակայության պատճառով այժմ այդ համագործակցությունը լուրջ արդյունքներ չի տալիս։ Դրանով հանդերձ, նախարարը անընդունելի համարեց ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականության բնագավառում քայլերի համակարգումը եւ միասնական քաղաքականության մշակումը։

Անձնական. Վահան Փափազյանը անլուրջ համարեց իրեն հակադաշնակցականության եւ հակառամկավարության մեջ մեղադրող Շավարշ Քոչարյանի հայտարարությունը եւ հայտնեց, որ այդ, ինչպես նաեւ վերջինիս կողմից իր հասցեին՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում նշվող փաստաթղթեր ստորագրելու մեջ մամուլում մեղադրանքներ հարուցելու կապակցությամբ ինքը դատի է տվել Շավարշ Քոչարյանին։

Նաիրի Բադալյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives