July 27, 2024

Мы должны служить Арцаху

  • by Archives.am
  • 34 Years ago
  • 0

«Արցախ», մարտ-ապրիլ, 1990թ., թիվ 2

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանում գործում է հայաստանաբնակ արցախցիների հայրենակցական միությունը: Մեր թղթակցի զրուցակիցն է նրա տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:

ԹՂԹԱԿԻՑ. — Ալեքսանդր Սարգսի, «Արցախ» հայրենակցականը հիմա հանրածանոթ միություն է, բայց նրա մասին մենք քիչ բան գիտենք…

Ա. Մ. — Նախ, մի քանի հարցաթերթիկային տվյալներ։ Ղարաբաղյան շարժմամբ կյանքի կոչված, նրա հարազատ զավակը հանդիսացող «Արցախ» Հայրենակցական միությունը հիմնադրվել է 1988-ի նոյեմբերին։ ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը պաշտոնապես մեզ գրանցել Է միայն վերջերս՝ 1990-ի ապրիլի 3-ին։ 88-ի առաջին հիմնադիր համահավաքը սահմանել է միության հիմնական խնդիրները, ընդունել կանոնադրություն: Ամենահամառոտ բանաձևումով «Արցախ» Հայրենակցականի գլխավոր խնդիրը հայրենի երկրամասի սոցիալ-տնտեսական ու հոգևոր–մշակութային վերածնությանն ի նպաստ գործելն է։ Միության կառուցվածքը բխում է միավորման–համայնքային սկզբունքներից։ Երևանաբնակ արցախցիները, նախ, միավորվում են համագյուղացիների համայնքներում, որոնք այնուհետև համախմբվում են շրջանային համայնքներում և, վերջապես, դրանց հիմքի վրա ձևավորվում է Հայրենակցական միությունը։ Երևանից դուրս գործում են միության մասնաճյուղերը։ Գյուղական և շրջանային համայնքները ունեն, համապատասխանաբար, գյուղական և շրջանային համայնքային խորհուրդներ, իսկ Հայրենակցական միությունը գլխավորում է Համահավաքի կողմից ընտրված գործադիր մարմինը։ Նրան կից գործում են զանազան մասնագիտական հանձնախմբեր, ակումբներ։ Կանոնադրության համաձայն, Հայրենակցական միությունը կարող է ծավալել տնտեսական գործունեություն, ունենալ արտադրամասեր, հանդես գալ որպես հովանավոր, ունենալ մամուլ։

Լուսանկարը՝ Իգոր Մովսիսյանի

ԹՂԹ. — Հայրենակցականի գործունեությունը փաստորեն շոշափում է հասարակական կյանքի հիմնական կողմերը…

Ա. Մ. — Այո։ Բայց ես կնախընտրեի ասել՝ շոշափելու է։ Կանոնադրություն ու ծրագրեր ունենալը դեռ քիչ է։ Ամեն մի կազմակերպություն առաջին հերթին գործնական աշխատանքի մեջ է գոյության իրավունք ձեռք բերում, հետո միայն՝ կարգախոսերի։ Մեզ համար այս հանգամանքը կենսական ճշմարտության արժեք ստացավ առաջին համահավաքից հետո, երբ պարզ դարձավ, թե ինչպես դաժանորեն մեծ է վիհը շատ–շատերի ծրագրային ելույթների, «պետք է»–ով սկսվող կոչերի և իրողություն դարձող գործի միջև։ Փոքր-ինչ դանդաղ, բայց հետևողականորեն Հայրենակցականը իր գործունեությունը կողմնորոշեց դեպի ԳՈՐԾԸ։ Հաստիքային աշխատողների բացակայության պայմաններում դա կատարվեց միության այն անդամների ջանքերով, որոնք հոգով ու սրտով ձուլված են մեր շարժմանը։

ԹՂԹ. — Եվ ի՞նչ հաջողվեց անել անցած ժամանակահատվածում։

Ա. Մ. — Միայն նա կարող է պատկերացնել, թե կազմակերպական առումով ինչպիսի աշխատանք է կատարված, որ երբևիցե առնչվել է միության ձևավորման խնդրի հետ։ Վաղուց համայնքային կյանքի համն ու հոտը կորցրած ղարաբաղցիները պետք է միավորվեին ինչ-որ տեղ արդեն անսովոր սկզբունքների շուրջ։ Պետք է միավորվեին ոչ թե հանուն ժողովների, այլ հանուն գործի, ինչպես դա թելադրում է ժամանակը։ Դեռևս առաջին համահավաքում միությունը որդեգրել էր գործունեության երեք ուղղություն՝ բուն բարեգործական, սոցիալ-տնտեսական և հոգևոր–մշակութային։ Պետք է ասել, որ ժամանակները չթողեցին ունենալ «հանգիստ» ծրագրեր։ Քաղաքական իրադարձությունները ծավալվում էին անկանխատեսելի ընթացքով, որն էլ մեզ ստիպում էր զբաղվել անհետաձգելի, մեր առջև անսպասելի ծառացող հարցերով։ Մեր երկրի ու քաղաքական կարգի համար խայտառակ շրջափակումը մեզ ստիպեց համապատասխան ձևով վերակառուցվել և անմիջապես զբաղվել դրա հետ առնչվող և դրանից բխող խնդիրներով։ Հայրենակցականը ամենագործուն մասնակցությունը բերեց օգնության կարգով դեպի Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման գործին։ Տարբեր աղբյուրներից եկող բեռների տարերային հոսքը կարգավորելու համար ստեղծեցինք պահեստային տարողություններ։ Զուգահեռաբար ամենատարբեր կարգի օգնություն ցույց տվեցինք մարզի գյուղական տնտեսություններին։ Հայրենակցականի կողմից ձեռք բերված հազարավոր տնկիներ այսօր հասակ են տալիս Ուլուբաբի, Կարմիր շուկայի, Դահրավի և մի շարք այլ գյուղերի այգիներում ու տնամերձներում։ «Շեն» կազմակերպության հետ միատեղ սատար ենք կանգնել Հադրութի շրջանի Սպիտակաշեն լքյալ գյուղի վերածննդին։ Հայրենակցականի միջոցով հացի փռեր են տեղադրվել Քարին տակ և Չլդրան գյուղերում։ Ասկերանի շրջանի դպրոցների վերանորոգման համար առանձնացրել ենք քսան հազար ռուբլի, տասնյոթ հազար ռուբլի օգնության կարգով փոխանցել ենք «Արցախ» հանդեսի հաշվին, բազմաթիվ տնտեսությունների օգնել ենք տեխնիկայով, պահեստամասերով և այլն։

ԹՂԹ. — Օգնությունը շարունակվո՞ւմ է։

Ա. Մ. — Իհարկե։ Բայց Հայրենակցական միությունում այն կարծիքն է արդեն տիրում, որ պետք է փոխվի օգնության բնույթը։ Մենք աստիճանաբար (և որքան շուտ, այնքան լավ) պետք է յուրացվող–սպառվող օգնությունից անցնենք ինքնաճող օգնությանը։ Պետք է մեր գործունեությունը կողմնորոշենք դեպի նոր արտադրությունների կազմակերպումը, ժամանակակից տեխնոլոգիաների արմատավորումը, գյուղական տնտեսությունների ըստ ամենայնի արդիականացումը։ Վերջապես ժամանակն է ոչ միայն գիտակցել, այլև գործնական հետևություններ անել այն պարզ ճշմարտությունից, որ Ժամանակակից աշխարհում քաղաքական իրողությունները որպես իրենց հիմք ունեն տնտեսությունը։ Միջնադարում մեր գոյատևման հիմքում ընկած էին զարգացած շերամապահությունը, այգեգործությունը, բրուտագործությանը։ Մեր երկրամասն ուներ այդ ժամանակների համար միանգամայն բավարար տնտեսական ինֆրաստրուկտուրա՝ ճանապարհներ, դպրոցներ… Նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ տնտեսապես կազմալուծում էին Արցախը, դա շատ լավ էին հասկանում։ Ցավոք, նրանց շատ բան է հաջողվել անել: Եվ դրա ամենածանր հետևանքներից մեկն այն է, որ մենք կորցրինք ակտիվ, ստեղծագործ տնտեսավարման ջիղը, տնտեսական մրցակցության մեջ մտնելու և այնտեղ հաղթելու կամքն ու կարողությունը։ Տնտեսապես հզոր լինել, նշանակում է ունենալ ընդհանրապես հզոր լինելու ամուր հենարան։ Իհարկե, միայն հզոր տնտեսությունը բավարար չէ։ Եթե անդրադառնանք մեր պատմության դժվարին միջնադարին, կտեսնենք, թե ոգու ինչպիսի հզորություն է ունեցել արցախցին։ Այդ ոգու մարմնեղեն վկայագրերը մեր արվեստի հուշարձաններն են։ Ազատ ոգի և ծաղկուն տնտեսություն՝ սրանք են մեր հարատևության գրավականները։

ԹՂԹ. — Ճիշտ է։ Սակայն հիմա հաճախակի կարելի է լսել տագնապի ձայներ Արցախի էկոլոգիական հավասարակշռությանը սպառնացող վտանգների մասին՝ կապված արդյունաբերական ապագա կառույցների հետ։

Ա. Մ. — Միանգամայն տեղին են այդ տագնապները։ Եթե արդյունաբերական տարերքը ոչ մտածված ձևով թափանցի Արցախ, ապա դժվար չէ կանխատեսել անխուսափելի էկոլոգիական լարվածությունները։ Երկիրը նման բնույթի բավականաչափ «հարուստ փորձ» ունի։ Թվում է՝ այս էտապում մեր գործնական քայլերը պետք է խիստ չափված–ձևված լինեն, մանավանդ որ դեռևս չկա Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման իր մանրամասների մեջ հիմնավորված մի ծրագիր։ Հայրենակցականը պայմանագրային կարգով Արցախի ռեսուրսների հետազոտության պատվեր է տվել գիտական հաստատություններից մեկին։

ԹՂԹ. — Դուք նշեցիք, որ միությունը անելիքներ է ծրագրել հոգևոր-մշակութային բնագավառում։

Ա. Մ. — Հուսադրող սկիզբը առկա է։ Հայրենակցականին կից արդեն գործում է «Կոմիտաս» կամերային համույթը, որը բարեգործական համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Ելույթներն արժանացել են ամենաջերմ ընդունելության։ Հասով եմ, որ շուտով արցախցիներն էլ կծանոթանան արդեն պատվոգրերի արժանացած համույթին։ Ընթացքի մեջ է ժողովրդական բանահյուսական «թեքումով» և էստրադային խմբերի ստեղծումը։ Մտադիր ենք Երևանում ունենալ կենտրոնատեղի, որ կկոչվի Պապունց տուն։ Շուտով կունենանք մեր պարբերաթերթը։ Ուրիշ այլ կարգի ծրագրեր էլ ունենք։ Հուսով ենք, Ձեր ընթերցողները առիթ կունենան դրանց մասին կարդալու «Արցախի» էջերում։ Մայիսին Հայրենակցական միության համահավաքն է։ Կընտրվի գործադիր մարմնի նոր կազմ։ Առաջարկությունների ու նախաձեռնությունների համար մեր դռները միշտ բաց են։ Մեր հաշվեհամարն է՝ բնակսոցբանկի Երքաղվարչություն, 700001 (կոդ՝ 51172)։ Մենք մեր ամբողջ գործունեությամբ պիտի ծառայենք Արցախին, իսկ «Արցախ» հանդեսին մեր կողմից բազմաբեղուն գոոծունեություն ենք ցանկանում և ընթերցողների հոծ բանակ։

ԹՂԹ. — Շնորհակալության հարցազրույցի համար։

Ա. Մ. – Նորեն համեցեք։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives