November 27, 2020
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Լրագրողները բողոքի ցույցի են դիմում՝ ի պաշտպանություն «Հայլուրի»

Լրագրողները բողոքի ցույցի են դիմում՝ ի պաշտպանություն «Հայլուրի»

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 19 փետրվարի, 1992թ.

Ինչպես պարբերաբար տեղեկացրել ենք, վերջին շրջանում Գերագույն խորհրդի նիստերում բազմիցս արծարծվել է «Հայլուր» լրատվական հեռուստածրագրի վերաբացման հարցը: Բազմաթիվ անգամ քվեարկության է դրվել այս հարցը Գերագույն խորհրդի նստաշրջանի օրակարգ մտցնելու առաջարկը, սակայն միշտ էլ բավարար քվեներ չի հավաքել: Երեկ առավոտյան Հայաստանի զանազան թերթերի, մամուլի գործակալությունների մի խումբ լրագրողներ եղան Հայաստանի Հանրապետության նախագահի ընդունարանում, եւ նրա օգնականին հանձնեցին «Հայլուր»-ի փակման կապակցությամբ իրենց բողոքի հուշագիրը։

Հուշագրի մեկական օրինակ, 42 ստորագրություններով, հանձնվեց նաեւ հեռուստառադիոյի պետական վարչության պետ Սամվել Գեւորգյանին եւ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանին:

Բողոքի հուշագրի հեղինակները, «Հայլուր» հեռուստածրագրի վերաբացումը պահանջող ցուցապաստառներով մտան Հայաստանի Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ եւ մի քանի ժամյա նստացույցով իրենց համերաշխությունը հայտնեցին «Հայլուր»-ին: Նրանք մերժեցին ցուցապաստառները պատերի վրայից իջեցնելու Գերագույն խորհրդի քարտուղար Արա Սահակյանի պահանջը։ Քարտուղարի հրահանգով, շենքում պարեկություն կատարող ոստիկանները, երկար տատանվելուց հետո, իրենք իջեցրեցին պաստառները։

Ցույցի ընթացքում ակնհայտ էր պատգամավորների համակրանքը։ Բազմաթիվ լրագրող պատգամավորներ ստորագրեցին հուշագիրը: Այն մասնավորապես ստորագրեցին Գրագույն խորհրդի լրատվության հարցերի հանձնաժողովի անդամներ Սամվել Շահմուրադյանը, Ռուբեն Հակոբյանը, պատգամավոր Գագիկ Հովհաննիսյանը եւ ուրիշներ։

Վերջում ավելացնենք, որ այսօր նույնպես խորհրդարանում քվեարկվեց «Հայլուր»-ի հարցը օրակարգ մտցնելու լրատվության հարցերի հանձնաժողովի առաջարկը եւ, ընդամենը 9 քվե պակաս հավաքելով, դարձյալ չընդունվեց։

Բողոքի հուշագրի մեջ ասվում է. «Մտահոգված լինելով ժողովրդավարության եւ զանգվածային լրատվական միջոցների գործունեության սահմանափակման միտումների ի հայտ գալով, մասնավորապես նկատի ունենալով «Հայլուր» միակ այլընտրանքային լրատվական հեռուստածառայության արգելումը այն օրերին ՀՀՇ-ի վարչության նախագահ Վանո Սիրաղեղյանի հայտնի ելույթից անմիջապես հետո, մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում հանրապետութ յան իշխանություններին։

Մենք հանդես չենք գալիս որպես այս կամ այն մամուլի օրգանի կամ գործակալության ներկայացուցիչներ, այլ հայտնելով մեր մասնագիտական համերաշխությունը «Հայլուր»-ի մեր գործընկերներին՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության նախագահին եւ Գերագույն խորհրդին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ժողովրդավարության ապահովման եւ «Հայլուր»-ի վերարացման ուղղությամբ»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives