July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանի հայտարարությունը

ԼՂՀ նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանի հայտարարությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 24 հուլիսի, 1993թ., 136(479), շաբաթ

Հուլիսի 23-ին ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Հակառակ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց ձգտման վերաբերյալ Ադրբեջանի ներկայիս ղեկավարների հավաստիացումներին և ռազմական գործողությունները չվերսկսելուն նպատակաուղղված համաշխարհային ընկերակցության ջանքերին, վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը բազմիցս հարձակողական գործողություններ է ձեռնարկել ԼՂՀ արևելյան սահմանի մի շարք տեղամասերի վրա:

Ընդսմին, ադրբեջանական քարոզչությունը փորձում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պատասխան հարվածները ներկայացնել իբրև նրա ագրեսիվ մտադրությունների ապացույց: Զուգահեռաբար հավաստում են, որ Ադրբեջանի ղեկավարությունն իբր լիովին վերահսկում է իր բանակը և հարձակման անցնելու հրաման չի տվել:

Սակայն ռազմական գործողությունների մասշտաբները, այդ թվում Աղդամի կողմից հեռահար հրանոթներով գնդակոծումները և ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումները, մասնավորապես, հուլիսի 21-ին, 22-ին և 23-ին Ասկերանի և սահմանամերձ գյուղերի ռմբակոծումները, վկայում են նշված գործողությունների համաձայնեցված և նպատակաուղղված լինելու մասին:

Ադրբեջանի Հանրապետության հարձակողական գործողությունների մասշտաբների մասին կարելի է դատել նրանով, որ միայն մեկ օրվա ընթացքում, հուլիսի 22-ին, Լեռնային Ղարաբաղի երկնքում խփվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու մարտական ուղղաթիռ և ՍՈՒ-25 մեկ գրոհային:

Նույն օրը, հուլիսի 22-ին Աղդամ-Ասկերան ճանապարհին ականից պայթել է ադրբեջանական բանակի Տ-72 և ԲՄՊ-2 երկու հրասայլ, որոնք փորձում էին ճեղքել ղարաբաղյան ուժերի պաշտպանությունը: Եվս երկու հրասայլ խփվել և գրավվել է մարտերի ընթացքում:

Եթե բոլոր այս ռազմական գործողություններն իրոք կատարվել են առանց Ադրբեջանի ղեկավարության գիտության, ինչը լուրջ կասկածներ է հարուցում, ապա դժվար է համաձայնել այն պնդման հետ, թե պաշտոնական Բաքուն վերահսկում է իր բանակային ստորաբաժանումները:

Բոլոր դեպքերում փոխադարձ անվստահությունը նվազեցնելու, հարձակողական գործողությունների և դրանց խափանմանն ուղղված  արտակարգ միջոցառումների վերաբերյալ ռազմաճակատից ստացվող տեղեկատվության օպերատիվ վերստուգման համար անհրաժեշտ ենք համարում ուղղակի կապեր հաստատել ԱՀ-ի և ԼՂՀ-ի իշխանությունների միջև: Դա միաժամանակ կնպաստեր տարածաշրջանում կրակը դադարեցնելու՝ ԵԱՀԽ խաղաղարար առաքելության հաջողությանը:

Ընդսմին ընդգծում ենք, որ կրակի դադարեցման նպատակով ուղղակի բանակցությունների կոչեր մեր կողմից եղել են և ավելի վաղ, բայց դրանք բոլորն էլ անպատասխան են մնացել: Ավելին, ադրբեջանական կողմը խախտել է Աղդամ և Ստեփանակերտ քաղաքների գնդակոծումներից երկուստեք հրաժարվելու շուրջ Ռուսաստանի ԱԳ նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 17-ին ձեռք բերված համաձայնությունը և խափանել Աղդամ-Ասկերան գոտում կրակի տեղային դադարեցման հնարավորությունը:

Այդ փաստը Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների անվիճելի վկայությունն է, որը հաստատվեց մի քանի օր հետո տարածաշրջանում ռազմական գործողությունների հերթական սաստկացմամբ:

Մենք վերստին հավաստում ենք ՄԱԿ-ի հովանու ներքո Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի բանակցություններ սկսելու մեր պատրաստակամությունը և հուսով ենք, որ այդ կոչն ըմբռնում և դրական արձագանք կգտնի Բաքվում»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives