July 27, 2024

ԼՂՀ-ն՝ միջազգային մտահոգության առարկա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.

Անցյալ շաբաթ միջազգային եւ մասնավորապես եվրոպական մամուլը շարունակում էր անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ներկայացնեյով Ղարաբաղ այցելած դիտորդների լուրերը։ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովի 48-րդ նստաշրջանում նույնպես, օրակարգի տարբեր հարցերի քննարկման առիթով, մի շարք կառավարական պատվիրակություններ եւ ոչ կառավարական կազմակերպություններ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Փետրվարի 3-ին Ֆրանսիայի կառավարության մարդասիրական գործերի պետական քարտուղար Բ. Քուշները, որ նախօրեին Դավոսում հանդիպել էր նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանին եւ Մութալիբովին, մարդու իրավունքների պաշտպանության լծակների հզորացումը պահանջող խնդիրների թվում նշել է «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ամենօրյա սպանությունները»։ Նա կարեւոր է համարել ՄԱԿ–ի անմիջական լծակների ստեղծումը, ինչը հնարավոր կդարձնի դիտորդների այցելությունը Ղարաբաղ՝ իրավիճակի հետագա սրումը կասեցնելու նպատակով։

Փետրվարի 7-ի նիստում, որտեղ քննարկվել է «Ազգային, էթնիկական, կրոնական եւ լեզվական փոքրամասնությունների իրավունքները» օրակարգի կետը, հանդես է եկել Ավստրալիայի կառավարական պատվիրակության անդամ Պ. Թոմսոնը։ Նա նշել է, որ Ավստրալիայի կառավարությանը խիստ մտահոգում են Հարավսլավիայում եւ Լեռնային Ղարաբաղում փոքրամասնությունների իրավունքների լուրջ ոտնահարման փաստերը։ «Այս հարցերը միջազգային մտահոգության առարկա են ոչ միայն մարդու իրավունքների բռնաբարումների, այլեւ այն պատճառով, որ կարող են սպառնալիքներ ստեղծել միջազգային խաղաղության եւ ապահովության դեմ»։ Հարցերի կարգավորման համար պրն Թոմսոնը կարեւոր է համարել ՄԱԿ-ի խաղալիք դերը։

Նույն օրը “International Fellowship of Reconciliation” (Միջազգային եղբայրություն եւ համերաշխություն) ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչը անդրադարձել է 1894 թվականից ի վեր հայկական ջարդերին, պահանջել 1915 թ. Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրադրության վրա, զգուշացրել է հայերին սպառնացող նոր ջարդերից։ Նա իր կազմակերպության անունից պահանջել է, որ հակամարտության տարածքաշրջանում տեղավորվեն ՄԱԿ-ի ուժերը՝ հայ բնակչությանը պաշտպանելու համար։

Արժանահիշատակ է նաեւ, որ փետրվարի 5-ի նիստին «Մարդու իրավունքների պաշտպաններ» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչը, խոսելով ժողովուրդների տեղահանումների ու բռնագաղթերի մասին, իմիջիայլոց մատնանշել է նաեւ Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հայ բնակչության տեղահանության հարցը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives