June 17, 2021
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Իսկ վերջում քաղաքապետն ու խորհրդարանը վիճեցին…

Իսկ վերջում քաղաքապետն ու խորհրդարանը վիճեցին…

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 19 փետրվարի, 1992թ.

Փետրվարի 18-ի առավուտյան նիստում Հայաստանի խորհրդարանը շարունակում էր քննարկել մշտական հանձնաժողովների համալրման հարցը: Պատգամավորներ Ռոլես Աղաջանյանը եւ Տաճատ Սարգսյանը հետայսու աշխատելու են աղետի գոտու եւ բռնագաղթվածների, Արկադի Սարգսյանը՝ արտաքին հարաբերություների, իսկ Ալեքսան Ավետիսյանը՝ պաշտպանության եւ ներքին հարցերի հանձնաժողովներում։ Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Երջանիկ Աբգարյանը եւ Վահան Շիրխանյանը վայր են դրել ՀՀ ԳԽ պաշտպանության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամների պարտականությունները։

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ մերժեց պատգամավոր Հրանտ Խաչատրյանի առաջարկը՝ որպես հրատապ հարց քննարկման առարկա դարձնել Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների խնդիրը։ Ավելի ուշ խորհրդարանը հավատարիմ մնաց իր գործելակերպին եւ հրաժարվեց որպես հրատապ հարց օրակարգ մտցնել «Հայլուր» հեռուստածրագրի փակման քննարկումը:

Պատգամավոր Աղասի Արշակյանի առաջարկով բարձրացվեց «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Խորհրդարանը որոշեց նշված օրենքի 16-րդ կետում փոփոխություն կատարել, ընդլայնելով ՀՀ նախագահի իրավասությունները դատապարտյալներին ներում շնորհելու հարցում։

Երեկոյան նիստում խորհրդարանը որոշում կայացրեց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման համաձայնագրի վավերացմանը Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված վերապահումների մասին։ Դրանք վերաբերում են ազգերի ինքնորոշման սկզբունքի առաջնայնությանը, անկախ պետությունների իրավունքին՝ մասնաբաժին ստանալ նախկին Միության զինված ուժերից եւ տնտեսական ունեցվածքից, 1988-ի երկրաշարժի ծանր հետեւանքների համատեղ վերացման անհրաժեշտությանը, համաձայնագիրը խախտողների նկատմամբ համատեղ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությանը եւ այլ հարցերի: Այնուհետեւ խորհրդարանում ելույթ ունեցավ փոխվարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա ներկայացրեց ազատ գների եւ սակագների համակարգին անցնելու պայմաններում տնտեսական համակարգում ստեղծված իրավիճակը։ Փոխվարչապետն ասաց, որ անցումային շրջանում հատկապես տուժել է հանրապետության էներգետիկայի համակարգը, էներգետիկ պահանջները բավարարելու համար այսօրվա դրությամբ անհրաժեշտ է գրեթե 36 մլրդ. ռուբլի։ Իսկ ուժանյութի պակասն իր հերթին բացասաբար է ազդում ողջ տնտեսության վրա։ Հ. Բագրատյանը նշեց, որ լարված կացություն է ստեղծվել ֆինանսական եւ բնակչության ընկերային ապահովման բնագավառներում։ Նա զգուշացրեց, որ առաջիկայում անխուսափելի է գների զգալի բարձրացումը, ինչը էլ ավելի է վատթարացնելու բնակչության ընկերային վիճակը։ Ըստ փոխվարչապետի, կացությունը կարող է կայունանալ, երբ նախկին Միության տարածքում կհաստատվի գների համաշխարհային մակարդակը։ Փոխվարչապետի ելույթից հետո խորհրդարանը որոշեց փետրվարի 19-ի արտահերթ նիստում վերստին անդրադառնալ այս հարցին։

Նիստի վերջում, պատգամավոր Աղասի Արշակյանի պահանջով, Գերագույն խորհրդում մի շարք հարցերի պատասխանեց Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Համբարձում Գալստյանը։ Պրն Գալստյանի եւ պատգամավորների «սիրալիր» երկխոսությունը փետրվարի 18-ի նիստի ամենատխուր եւ ոչ կառուցողական բաժինն էր։ Հրավիրված լինելով «Ազգ» թերթում տրված հարցազրույցի կապակցությամբ՝ քաղաքագլուխը սկզբից ներողություն խնդրեց «որոշ գնահատականների համար», այնուհետեւ հայտարարեց, որ այնուամենայնիվ Արսեն Դավթյանը, Ռուբեն Թորոսյանը եւ մի խումբ ուրիշ պատգամավորներ իրենց գործունեությամբ աջակցում են առեւտրականներին եւ խանգարում բարեփոխումների իրագործմանը։ Դահլիճը հատկապես աշխուժացավ, երբ Հ. Գալստյանը հայտարարեց. «Խուժանները նրանք են, ովքեր ճնշում են գործադրում իշխանությունների վրա»։ Այդպես էլ չպարզվեց, թե ո՞ւմ նկատի ուներ քաղաքագլուխը, երբ խորհրդարանին մատուցեց այդ դիպուկ եւ բոլշեւիկների ժամանակ հաճախակի օգտագործվող արտահայտությունը։ Խորհրդարանն իր հերթին նույնպես չէր ձգտում պահպանել էթիկայի նորմերը։ Այլեւս անկարող լինելով նման անառողջ մթնոլորտում ղեկավարել դահլիճը՝ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը որոշեց վերջ տալ այդ ողբերգական թե կատակերգական գործողությանը եւ փակեց նիստը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives