December 5, 2024

Ի՞նչ է ծրագրվում ԼՂՀ թիկունքում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)

Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման խնդիրը տակավին մշուշապատ է։ Վերջին շրջանում թուրքական եւ ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցները թմբկահարում են Հռոմի բանակցությունների արդյունքները՝ մասնավորապես նշելով, թե հայկական կողմը եւս համաձայն է արցախահայությանը տալ մշակութային լայն ինքնավարություն՝ միջազգային հուսալի երաշխիքներով։ Հայկական պաշտոնական մամուլը, իր հերթին, հերքում է այդ լուրերը՝ հավաստիացնելով, որ չի համաձայնվի ոչ մի որոշման, եթե դրան համաձայնություն չտան Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանությունները։ Ի լրումն այս ամենի, Եվրոպական համայնքի անդամ երկրները վերջերս դիմեցին հակամարտության կողմերին՝ պահանջելով կրակի անհապաղ դադարեցում։ Եվ, ի վերջո, Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Բ. Ելցինը եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆ. Միտերանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ դարձյալ պահանջելով անհապաղ դադարեցնել կոնֆլիկտը։ Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ռուսաստանը եւ Ֆրանսիան վերստին հաստատում են իրենց նվիրվածությունը խաղաղության քաղաքականությանը, մարդու եւ ժողովուրդների օրինական իրավունքների հարգման, երկխոսության ու համաձայնության սկզբունքներին»։ Այս հայտարարությունը եւս քիչ պարզաբանումներ է մտցնում։ Հասկանալի չէ՝ «ժողովուրդների օրինական իրավունքների հարգում» արտահայտությունը ինչ է նշանակում։ Արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ Ռուսաստանը եւ Ֆրանսիան պաշտպանում են ազգերի ինքնորոշման սկզբունքը, ինչին արդեն քանի տարի ձգտում է արցախահայությունը, թե անորոշ այդ արտահայտությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ փորձ է արվում խեղդել արցախահայության ազգային–ազատագրական պայքարը։ Դիվանագիտական չպարտավորեցնող հայտարարություններից դժվար է կռահել։ Մի բան, սակայն, ակնհայտ է՝ Մինսկի խմբի վերջին որոշումներում ինչ-որ չբացահայտվող ծրագիր կա։ Անշուշտ հասկանալի է այդ խմբի շահագրգռվածությունը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Բայց, ուշադիր ծանոթանալով Մինսկի խմբի որոշման նախագծին, ծագում են մի շարք անպատասխան հարցեր։ Որոշման նախագծում նշված է, որ անհրաժեշտ է շուտափույթ ճշգրտել հակամարտության շրջանը։ Նման անորոշ ձեւակերպման դեպքում հակամարտության շրջան կարելի է համարել թե Լեռնային Ղարաբաղի նախկին մարզը, թե հակամարտ կողմերի հսկողության տակ գտնվող ներկա տարածքները, թե ողջ ԼՂՀ-ն ու Ադրբեջանը։

Բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեն ԵԱՀԽ-ի դիտորդական խմբի առջեւ դրել է հետեւյալ խնդիրները, հրադադար, երկրի տարածքից օտար ռազմական ուժերի դուրսբերում, հրադադարին չենթարկվող խմբավորումների զինաթափում եւ ապակազմավորում, մարդասիրական օգնության ապահովում, հաղորդակցման միջոցների վերականգնում եւ տեղահանված բնակչության (ցանկության դեպքում) վերադարձի անվտանգ պայմանների ստեղծում։ Առաջին հայացքից ամեն ինչ հասկանալի է։ Բայց հարցեր են առաջանում, որոնց պատասխանները միայն կպարզեն, թե որքանով է իրագործելի Մինսկի խմբի նախաձեռնությունը։ Մասնավորապես, պարզ չէ, թե «օտար ռազմական ուժեր» արտահայտությունը ինչպես կմեկնաբանի դիտորդների խումբը։ Ինչ երաշխիք, թե այդ պատրվակով չի զինաթափվի ողջ արցախահայությունը։ Եթե խոսքը կամավորական խմբերի մասին է, ապա Արցախը Հայաստանին վերամիավորելու որոշմամբ իսկ Արցախում չկան կամավորական խմբեր։ Առավել անհասկանալի է, թե ինչ սկզբունքով պետք է իրագործվի տեղահանված բնակչության վերաբնակեցումը, եթե Ադրբեջանի կողմից զավթված հայկական բնակավայրերը լիովին ավերված են, մինչդեռ ադրբեջանաբնակ գյուղերն ու ավանները հայկական կողմը չի ավերել։ Ի վերջո անհասկանալի է, թե ինչ ճակատագրի կարժանանա Լաչինի «կյանքի ճանապարհը»։ Արդյոք սա Արցախը կրկին տոտալ շրջափակման ենթարկելու փորձ չէ՞։ Այնժամ, անշուշտ, հեշտությամբ կիրագործվի արցախահայության մշակութային ինքնավարության ադրբեջանական ծրագիրը, որի հետեւանքները միանգամայն կանխատեսելի են. Լաչինը հսկող օտար խաղաղապահ ուժերի միջով Արցախը կաթիլ-կաթիլ կամ միանգամից կարյունաքամվի ու կհայաթափվի։

Էդվարդ Հարությունյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives