August 17, 2019

Դասը՝ «Ռումբանց կեսին»

  • by Archives.am
  • 26 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Արցախյան կյանքի այս կամ այն կողմը մամուլում ավելի հաճախ տրվում է մասնակի դրվագներով (ընդհանուր պատկերը կարծես թե լավ հայտնի է), սակայն ամբողջական հայացքը որեւէ խնդրի ամեն դեպքում այլ որակ է, այլ նրբերանգներ է հաղորդում։ Այս նկատառումով էլ ստորեւ ներկայացնում ենք Արցախի դպրոցական ու նախադպրոցական սերնդին առնչվոդ հիմնահարցեր արծարծող հոդված, որի հեղինակը, լինելով մեր հայրենակիցը, այնուամենայնիվ իրողությանը նայում է «դրսի»՝ թարմ հայացքով, որոշակիացնելով նաեւ սփյուռքի անելիքները։

12–ամյա Վիտալիկ Ավանեսյանը օրական 4 ժամ տրամադրում է փայտ կտրելուն եւ այն տուն հասցնելուն։ Այդ ժամանակը նա պետք է դպրոցում անցկացներ, սակայն սառնամանիքի պատճառով պարապմունքները դպրոցում դադարեցվել են։ Երբ նրա ընտանիքը 1988-ին միացավ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու խաղաղ ցույցերին, նրանց մտքով անգամ չէր անցնում, որ ադրբեջանցիները կպատասխանեն հայկական ջարդերով եւ Արցախի ռմբակոծություններով։ Այժմ Արցախի հայերը պայքարում են ինքնորոշման իրենց իրավունքի համար, իսկ Վիտալիկի դպրոցը ավերակների է վերածվել։ Նրա դասընկերներից շատերը, որ ժամանակին փախել են ավելի ապահով վայրեր, վերադառնալու ցանկություն ունեն, բայց ի վիճակի չեն։

Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Նելլի Ոսկանյանը արցախյան ավերված դպրոցները ոտքի կանգնեցնելու ճիգեր է գործադրում. «Մինչեւ ադրբեջանցիների՝ 1992-ի մայիսին սկսած օդային ռմբակոծությունները Արցախի 204 դպրոցներում ուսանում էր 32000 աշակերտ։ Այժմ կա 133 դպրոց՝ 13 000 աշակերաներով, եւ օրըստօրե ավելանում է հայրենիք վերադարձող աշակերտների թիվը։ Դպրոցական շենքերը ռմբակոծություններից վնասվել են։ Ջեռուցման եւ ջրի խողովակները շարքից դուրս են եկել։ Սեղանների եւ աթոռների մի մասը տարել են զինվորներն ու փախստականները։

Պատուհանների մեծ մասը ջարդուփշուր է եղել։ Ուսման ծարավ աշակերտների մի մասն էլ զոհվել է… Որոշ ծնողներ էլ ցանկանում են, որ երեխաներն իրենց աչքի առաջ լինեն եւ արգելում են դպրոց հաճախել, բավարարվելով միայն նրանով, որ իրենց երեխան կենդանի է»:

Ստեփանակերտի դպրոցական համակարգի ղեկավար Համլետ Ասրյանը եւս շատ մտահոգ է. «Անցյալ տարի ստիպված էինք փակել մանկապարտեզները՝ ջեռուցում եւ սնունդ չլինելու պատճառով։ Բացի այդ, շենքերը զբաղեցրել են Մարտակերտից բռնագաղթածները։ Ստեփանակերտում նույնիսկ մանկապարտեզների գործելու ժամանակ շենքերի պակասի պատճառով մենք ի վիճակի էինք բնակչաթյան պահանջները բավարարել միայն կիսով չափ։ Այժմ մանկապարտեզների ունեցվածքը ստիպված ենք բանակին տալ։ 305 դաստիարակները անգործ են մնացել եւ աշախատավարձ չեն ստանում։

Թերսնման պատճառով մեր երեխաները ֆիզիկական լիակատար զարգացում չեն ստանում, եւ մթնոլոոտն էլ շատ անցանկալի հեեւանքներ է թողնում։ Հիմա կարելիէ տեսնել, թե ինչպես նրանցից շատերը խմում եւ ծխում են։ Ես ցնցված եմ երեխաների վրա պատերազմի թողած ծանր հետեվանքներով։ Մենք հոգեբաններ չունենք մեր դպրոցական համակարգում»։

Արցախցի երեխաները, պատերազմի բովում հայտնված, իրենց տարիքի համար խորթ փորձություններ են կրում։ Ադրբեջանական ինքնաթիռի հերթական ռմբակոծությունից հետո 5-ամյա Իսրայելը եւ 6-ամյա Հովհաննեսն ու Գեւորգը դեպի տրակտոր էին քարշ տալիս հարեւանի մարմնի մասերը, քանի որ շտապ օգնություն չկար։ Նույնիսկ 3 տարեկան երեխաները, լսելով ռումբերի ձայնը, կարող են որոշել դրանց տեսակը։ Իրենց բնությամբ արցախցի երեխաները ամրակազմ են, եւ նույնիսկ փոքր հասակում նրանցից շատերը ցանկանում են կռվել ու փրկել մեր հողը:

Ստեփանակերտցի անգլերենի ուսուցչուհի Ժասմեն Գրիգորյանն ասում է. «Հայերը կարդացող ժողովուրդ են։ Այժմ այս որակը վտանգված է։ Ինձ մտահոգում է այս սերնդի ճակատագիրը։ Ինձ ցավ է պատճառում նրանց աչքերում անտարբերություն տեսնելը։ Իմ աշակերտները բավականին մտահոգ են, եւ նրանց համար դժվար է դասերի վրա կենտրոնանալ։ Մենք փորձում ենք կարգավորել դպրոցները։ Ես չեմ ուզում, որ մեր երեխաները անգրագետ մեծանան։ Նույնիսկ Մուսա լեռում 1915-ի ցեղասպանության օրերին հայերը դպրոց էին բացել»։

Արցախցի ուսուցիչները նույնպես ստիպված են փոխել հնացած խորհրդային կրթական համակարգը։ Այս ամենը հսկայական միջոցներ է պահանջում։ Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում՝ հայ աշակերտները ստիպված էին իրենց դասերը սովորել ռուսերեն կամ ադրբեջաներեն լեզուներով։ Հայերեն ռադիո եւ հեռուստահաղորդումներն արգելված էին։ Այժմ ռուսական դպրոցները վերափոխվում են հայկականի։

Չնայած ադրբեջանական գրոհների պատճառած ավերածություններին՝ Արցախի դպրոցները բաց են։ Չարենցի անվան դպրոցն, օրինակ, որը 6 տեղից վնասվել էր, վերանորոգվել է։ Երեխաները նորից սկսել են դպրոց հաճախել, սակայն գրենական պիտույքների, գրքերի եւ տետրերի խիստ պակաս է զգացվում։ Հայաստանն էր ուղարկում դրանք, բայց այլեւս ի վիճակի չէ էներգետիկ ճգնաժամի պատճառով։

«Դպրոցական համակարգը վերակազմավորելու համար մեզ անհրաժեշտ է ամեն ինչ՝ կավիճ, գրատախտակ, գրիչ, մատիտ, գրքեր, տետրեր եւ այլն։ Մեր դպրոցներից շատերը ամբողջությամբ ավերակների են վերածված։ Պետք է դրանք ոտքի կանգնեցնել։ Ամբողջովին ոչնչացվել է Աբովյանի անվան դպրոցի գրադարանը։ Մենք մարզագույքի եւ երաժշտական գույքի, քիմիական լաբորատորիաների համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների խիստ պակաս ենք զգում։ Մենք օգնության կարիք ունենք»,– ասում է Նելլի Ոսկանյանը։

Արդյոք հնարավոր չէ՞ սփյուռքի հայկական դպրոցները Արցախի դպրոցները մտցնեին եղբայրացած դպրոցների ծրագրի մեջ։ Ես գիտեմ, որ բոլոր հայկական դպրոցների ֆինանսական բարդություններ ունեն, բայց քանի որ Արցախի հայերը հայկական մշակույթն ու հողը փրկելու համար զոհաբերում են ամեն ինչ, սփյուռքահայ աշակերտները, իմ կարծիքով, պատրաստակամ կլինեն ամսական մի քանի դոլար զոհաբերել Արցախ ուղարկելու համար։ Ուսուցիչներն ու ծնողները կկարողանան երեխաներին վաղ հասակում սովորեցնել, թե ինչպես պետք է հոգալ հեռավոր հայրենիքում կրակի տակ հայտնված մեր հայրենակիցների ցավերը։ Ես շուրջ 100 նամակ եմ ստացել արցախցի աշակերտներից եւ ուսուցիչներից, որոնցում նրանք սփյուռքահայության հետ հաղորդակցման կամուրջներ գցելու ցանկություն են հայտնում։ Ես հուսով եմ, որ աշխարհի մի ինչ-որ անկյունում կլսեն իմ ձայնը, եղբայրացած դպրոցների ծրագիր կհիմնեն եւ Արցախի դպրոցականներին կօգնեն ուսման համար անհրաժեշտ գույք ձեռք բերել՝ նրանց միշտ պահելով ուշադրության կենտրոնում։

ԱՆՈՒՇ ՏԵՐ-ԹՈՒԼՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives