July 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Գյումրիի մաքսատան, իրար հաջորդող պետերի եւ ոսկու մասին

Գյումրիի մաքսատան, իրար հաջորդող պետերի եւ ոսկու մասին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 20 մարտի, 50 (391)

Շատ հետաքրքիր հիմնարկ է Գյումրիի մաքսատունը։ Այստեղով գնում ու գալիս են, տանում ու բերում են։ Առավելապես՝ Թուրքիա եւ՝ Թուրքիայից։ Ամեն երեքշաբթի, այսինքն գնացքի Թուրքիա մեկնելու օրը, մաքսատան դռների մոտ, կայարանատանը ասեղ գցելու տեղ չի լինում։ Գնացող-եկողներին ոչ թե պատմական հայրենիքում լինելը կամ զբոսաշրջության հմայքներն են գրավում, այլ՝ առեւտուրը։ Ու այդ երթուղու վրա կարծես մեղր քսած լինի։ Տրամաբանությունը հարցեր է պարտադրում, այդ ի՞նչ եւ ինչքան պետք է իրենց հետ տանեն Թուրքիա գնացողները, որ գնալ-գալու, չարչարանքի ծախսը հանեն, բազմաքանակ, ծանր ու ծավալուն բեռներով վերադառնան եւ այնքան շահեն, որ երկրորդ, երրորդ եւ, ո՞վ իմանա, էլ որերորդ անգամ բռնեն նույն ճանապարհը։ Հանրապետությունից Թուրքիա տանելու թույլատրված ապրանքների տեսակն ու քանակը շատ հեռու են նման փայլուն արդյունք ապահովելու համար, եթե, իհարկե, Թուրքիայում մեկ ռուբլիանոց ապրանքին հարյուր կամ հազար ռուբլի տվող հիմարներ չկան։

Շատ հետաքրքիր հիմնարկ է Գյումրիի մաքսատունը. այստեղ արագ եւ անհասկանալի կադրային փոփոխություններ են կատարվում։ Կարճ ժամանակ պաշտոնավարած մաքսատան պետ Արտաշես Առաքելյանն ազատվեց աշխատանքից։ Նրան փոխարինելու եկավ նախկինում ՊԱԿ-ի Գյումրիի բաժանմունքի պետի տեղակալ, այնուհետեւ ԱԱՊՎ-ի Արթիկի բաժանմունքի ղեկավար Երվանդ Աթոյանը։ Մի քանի ամիս անց նա եւս ազատվեց աշխատանքից։ Ըստ մեր ունեցած տվյալների, պատճառը մաքսային վարչության համակարգում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունն էր. Գյումրիի քաղաքային մաքսատունը վերածվել է Շիրակի տարածքային մաքսատան։ Չմոռանանք նշել, որ, ըստ տարածված լուրերի, նախկին պետ Է. Աթոյանի պաշտոնավարության օրոք Գյումրիի մաքսատանը Թուրքիա տարվելիք հսկայական քանակության ոսկի է հայտնաբերվել, այսինքն՝ մեծապես տուժել ու դժգոհել է մաֆիան։ Ինչեւէ, նոր պետի պաշտոնավարության ընթացքում առաջին գնացքը Թուրքիա էր մեկնում ս/թ մարտի 2-ին։ Մեկնեց, ու հետո թուրքական թերթերը հաղորդում են, որ հայերի մոտ հայտնաբերվել է մեծ քանակության մաքսանենգ ոսկի։ Նախնական տվյալներով՝ 46 կգ, բայց Թուրքիայում պաշտոնապես ձեւակերպվել է 9 կիլոգրամը։ Ըստ վարկածներից մեկի, մնացած տարբերությունը Թուրքիայում «վարձ» են վերցրել՝ մաքսանենգին չձերբակալելու, չբանտարկելու համար։ Ցավալի է (կկամենայինք այդ լուրը հերքվեր), բայց ասում են, որ այդ պատմության մեջ Գյումրիի մաքսատան աշխատակցուհիներից մեկի մատն է խառը։ Ինչպես տեղեկացանք ԱԱՊՎ-ի մամլո ծառայության ղեկավար Արմենակ Մանուկյանից, նշված զբոսաշրջիկների խումբը վերջերս է վերադարձել, եւ իրավապահ մարմիններն առաջիկայում այդ գործին համապատասխան ընթացք կտան։

Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives