April 18, 2024

Բաքվի բանվորական կոնֆերանսը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, թիվ 26, հունվար, 1920թ.

Բաքվի 1918թ. սեպտեմբերի 14-ի անկումից հետո իշխանությունը վերջնականապես անցավ խան ու բեկերին։ Սրանք, պարզ է, որպես բանվորության դասակարգային թշնամիներ, ամեն կերպ պետք է ճզմեին հեղափոխական, միշտ ըմբոստ բանվորությանը և խեղդեին նրա ձայնը։ Այդպես էլ եղավ։

Բանվորությունը զրկվեց ձեռք բերած քաղաքական ազատություններից և տնտեսապես ծայր աստիճան քայքայվեց։

Հունվարի 25-ին Բաքվի բանվորական կոնֆերանսում հատկապես շեշտվել է բանվորության ծանր պայմանները, նրա քաղաքական ու տնտեսական իրավազուրկ կացությունը, անգործությունը, քաղցը, սարսափելի կարիքը, որոնք բանվորներին դատապարտում են ֆիզիկական բնաջնջման և այլանդակման, վարչական-ոստիկանական հալածանքի աճումն ու կապիտալիստների կամայականություններից կատարյալ կախվածությունը և այլն։

Եվ այս բոլորի առաջն առնելու համար Բաքվի բանվորությունը մի միջոց է գտել միայն, պետք է հարկադրել կառավարության կամ արմատապես փոխել իր քաղաքականությունը խորհրդային Ռուսաստանի նկատմամբ, և կամ խորհրդային իշխանություն հիմնելու Ադրբեջանում։

Որ բանվորությանը ներկայումս չպետք է հաջողվի ստիպել Ուսուբբեկովի կառավարության՝ փոխել իր քաղաքականությունը խորհրդային Ռուսաստանի վերաբերմամբ, կասկածից դուրս է։ Մի կառավարություն, որ կազմված է խաներից ու բեկերից, և կատաղի թշնամի է եղել մինչև այժմ աշխատավորության և խորհրդային իշխանության, նա երբեք իր քաղաքականությունը չի փոխի։ Ինչ վերաբերում է այժմ Ադրբեջանում խորհրդային իշխանություն հիմնելուն, մեզ անհնար է թվում, որովհետև ռեալ ուժերի հարաբերությունը հօգուտ աշխատավորության չէ դասավորված։

Եթե Ադրբեջանում խորհրդային իշխանություն պետք է հիմնվի, հիմնողն ոչ թե միայն Բաքվի բանվորությունը պետք է լինի, այլև թուրք գյուղացիներն էլ նրանց հետ միասին, որոնց ներկայացուցիչներն այսօր նստած են դժբախտաբար արյունռուշտ Իթթիհատ կուսակցության համագումարում։ Էլ չենք խոսում Անդրկովկասն արյունահեղություններով լցնող «Մուսավաթ» կուսակցության մասին, որը քաշ է տալիս թուրք գյուղացիության ճնշող մասն իր ետևից։

Բաքվի բանվորությունը կամ նրա ղեկավարները, որ աչքները շարունակ հառած հյուսիսին՝ այնտեղից են սպասում իրենց փրկությունը, մտածո՞ւմ են մտնել թուրք գյուղերը, ցրել այն տգիտությունը, որի մեջ խարխափում է թուրք աշխատավորությունը, և որի կրոնական մոլեռանդության շնորհիվ զոհ են գնում նույնիսկ այսօր հարյուրավոր հայ գաղթականներ, բռնաբարվում հայ կանայք և սրախողխող լինում նույնիսկ օրորոցի երեխաներ։

Շատ հեշտ է բանաձևեր հանել։ Բայց ո՞ւր է այն անխոնջ աշխատանքը, որ պետք է թափվեր թուրք գյուղացիության մեջ։

Ամերից առաջ խան ու բեկերի կառավարության տապալումը ցանկալի է հայ աշխատավորության համար, որովհետև հայ աշխատավորությունն ամենից շատ է տանջվել և արյունաքամ է եղել նրանցից։ Թող հիշեն Բաքվի բանվորության ղեկավարներն այն հերոսամարտը, որ տարավ իր ուսերի վրա հայ աշխատավորությունը մեն-մենակ, և միակ տուժողն եղավ։ Ծանր է Բաքվի բանվորության դրությունը, այո շատ ծանր, և ծանր էլ կմնա, քանի որ իշխանության գլուխ են անցած Խան-Խոյսկիներն ու Ուսուբբեկովները։ Եվ նրանք կմնան իշխանության գլխին, որովհետև թուրք աշխատավորությանը տգիտությունից հանելու նպատակով ոչ մի աշխատանք չի կատարվում։ Զանազան բանաձևերը և Իթթիհատի համագումարին արտասանած մի ճառն անզոր են Ադրբեջանում խորհրդային իշխանություն ստեղծելու։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives