March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայոց Համազգային Շարժման 5-րդ համագումարի հայտարարությունը

Հայոց Համազգային Շարժման 5-րդ համագումարի հայտարարությունը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 22 հուլիսի, 1993թ., 144(748), հինգշաբթի

Համագումարն արձանագրում է, որ հանրապետության իշխանություններն իրականացնում են հստակ և հետևողական արտաքին քաղաքականություն: Ձևավորվում են երկկողմանի և բազմակողմ հարաբերություններ տարածաշրջանի երկրների հետ: Արդեն գործուն փոխհարաբերություններ են հաստատվել ԱՊՀ-ի երկրների և այլ պետությունների հետ:

Շնորհիվ վարվող արտաքին քաղաքականության, հանրապետության քաղաքական կայունության, հասարակության ժողովրդավարական զարգացման ուղուն իշխանությունների հավատարմության, Հայաստանն իր առանձնակի տեղն է գրավել Անդրկովկասում, ինչը նույնիսկ այս ծանրագույն շրջափակման, պատերազմի և էներգետիկ ճգնաժամի պայմաններում հնարավորություն է տվել ֆինանսական միջոցներ ներմուծել հանրապետություն:

Էապես բարելավված է Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից են բխում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը խաղաղ, քաղաքական ուղու վրա դնելուն ուղղված քայլերը:

Իրականացվող արտաքին քաղաքականությունը ամբողջովին համահունչ է Հայոց համազգային շարժման ծրագրին և ՀՀՇ 4-րդ համագումարում ընդունված «Արտաքին քաղաքականության մասին» և «Ռեգիոնալ քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի մասին» բանաձևերին, որոնք ՀՀՇ-ի համար շարունակում են մնալ գործուն ուղեցույց:

Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը ճգնաժամային է՝ էներգետիկական սով, կաթվածահար տնտեսություն, ֆինանսական միջոցների գերդեֆիցիտ, ազգաբնակչության կենսամակարդակի կտրուկ անկում: Չկան կառավարության կառուցվածքային բարեփոխումներ, դեռևս գերիշխում են հարցերը նախկին վարչահրամայական ձևերով լուծելու մտայնությունը: Բացակայում են կադրային հարցերի լուծման մշակված, համակարգված մոտեցումները: Հողի սեփականաշնորհումից հետո, ըստ էության, կասեցվել են տնտեսական բարեփոխումները: Սեփականաշնորհման կասեցումը բերել է շատ ձեռնարկություններում ֆինանսական կարգուկանոնի բացակայության, շահույթների անվերահսկելի ծախսման կամ պարտակման, տնտեսության վերակենդանացման շահագրգռության բացակայության: Գլխավորապես այս պատճառներով անարդյունավետ են բնակչության անապահով խավերին ապրուստի նվազագույն պայմաններ տրամադրելու բոլոր ջանքերը: Իշխանության համակարգի և տնտեսության բարեփոխումների հետագա ձգձգումը կամ ցածր տեմպերը հանրապետության համար հղի են ողբերգական հետևանքներով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը, սեփականաշնորհման ծավալմամբ և նոր ընտրություններով սկսվելու է հանրապետության ներքին կյանքի ամբողջական վերակառուցումը:

Իշխանության բարձրագույն մարմինների լիազորությունների, նրանց փոխհարաբերությունների, պատասխանատվության հստակեցումից բացի սահմանադրությունը զորեղ ազդակ կհանդիսանա դատաիրավական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների համար:

Ուժեղ պետություն չի կայանա առանց ազատ, հարուստ, բարգավաճող քաղաքացու և ժողովրդի: Այս նպատակին պետք է ծառայեն լայնածավալ տնտեսական բարեփոխումները, հատկապես սեփականաշնորհումը: Աշխատավորական կոլեկտիվները պետք է դառնան սեփականատեր, որպես այդպիսիք մսանակցեն ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեությանը, ինչը կնպաստի տնտեսական, իրավական, հասարակական կարգի հաստատմանը:

Նման լայնածավալ գործընթաց հնարավոր չէ ապահովել առանց Հայոց համազգային շարժման բոլոր կառույցների գործունեության կտրուկ ակտիվացման, նրա բոլոր կառուցվածքների ուժեղացման, ՀՀՇ-ի և ժողովրդի տարբեր խավերի, ՀՀՇ-ի և աշխատավորական կոլեկտիվների միջև փոխադարձ կապերի վերականգնման և ուժեղացման:

Ներկա պայմաններում Հայոց համազգային շարժումն ստիպված է ոչ միայն կրելու իշխանության բեռը, այլև հարկադրված է հաճախ հանդես գալու որպես ընդդիմախոս: Հանգամանքների թելադրանքով Հայոց համազգային շարժումն է գլխավորել հայոց պետականության կերտման ծանր ու պատասխանատու գործը և լի է վճռականությամբ շարունակելու այդ պատմական առաքելությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives