December 6, 2024

Ամեն ինչ լավ կլինի, թե լավ վերջանա

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)

Օգոստոսի 25-ին ավարտվել է ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակության այցը, որը Հայաստանում էր գտնվում ՀՀ կառավարության հրավերով՝ այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցը քննելու ու Հաայստանի ատոմակայանը ուսումնասիրելու նպատակով։ Նույն օրը կայացել է ՄԱԳԱՏԵ–ի պատվիրակության ղեկավար, ատոմային անվտանգության բաժնի գլխավոր տնօրենի տեղակալ Մորիս Ռոզենի մամլո ասուլիսը։

Նա հայտնել է, որ ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակությունը 3 օրվա ընթացքում եղել է ԱԷԿ-ի տարբեր բաժիններում, մասերում, զրույցներ ունեցել տնօրենի, առաջատար մասնագետների հետ։ Եզրակացվել է, որ հայկական ԱԷԿ-ի որոշ համակարգեր ավելի ժամանակակից են Սլովակիայի, Ռուսաստանի եւ Բուլղարիայի նույնատիպ համակարգերից (գոյություն ունի նմանատիպ գործող 10 ռեակտոր)։

Նշվել է նաեւ, որ հայկական ԱԷԿ-ը ունի ջրի մեծ պաշար, մեկուսիչ հզոր համակարգ եւ այլն։ Չեռնոբիլյան վթարից եւ Սպիտակի երկրաշարժից հետո որոշակի աշխատանքներ են տարվել ԱԷԿ-ի հուսալիությունը բարձրացնելու համար։ Պարոն Ռոզենի խոսքերից պարզ է դարձել, որ ԱԷԿ-ի ընդհանուր վիճակը բավարար է։ Նա ներկաներին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակության եզրակացության՝ ԱԷԿ-ի աշխատանքները վերսկսելու համար ոչ մի խոչընդոտ չկա։

Եթե Հայաստանը սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավիճակից դրդված որոշում ընդունի գործարկել ԱԷԿ-ը, ՄԱԳԱՏԵ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը։

Այժմ ԱԷԿ-ի համակարգերը մանրազնին կերպով ուսումնասիրվում են, եւ ճեղքվածքներ կամ վնասվածքներ հայտնաբերելու դեպքում ԱԷԿ-ը չպետք է գործարկվի։ «Հավանաբար, նման հարցեր չեն լինի»,– ավելացրել է Ռոզենը։ ՄԱԳԱՏԵ-ն առաջադրում է իր պայմանները, գործարկման դեպքում անհրաժեշտ է համապատասխան վերահսկողություն եւ անվտանգության չափանիշներ հաստատել։ Ուրախալի է, որ ՀՀ կառավարությունը ստեղծել է 14 հոգուց կազմված վերահսկիչ մի մարմին (հետագայում դրա կազմում կընդգրկվի 15 մարդ)։ ՄԱԳԱՏԵ-ն Հայաստան է ուղարկելու փորձագետների խմբեր, կարող է աջակցել նաեւ հայ մասնագետներին վերաորակավորելու գործում:

Ռոզենը հերքել է տարածքից սարքավորումների մի մասի դուրսբերման մասին լուրերը։ Նրա խոսքերով, Հայաստանը, հնարավոր է, որ սեպտեմբերին դառնա ՄԱԳԱՏԵ-ի անդամ։ Նշելով Հայաստանի մասնակցությունը մի շարք կոնվենցիաներին՝ նա ասել է. «Պետք է նշել, որ Հայաստանը կատարում է ստանձնած բոլոր պարտավորությունները»:

«Նոյյան տապան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives