December 16, 2019

Ազգային դրամը այլևս անհրաժեշտություն է

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0

Երկիր, 28 հուլիսի, 1993թ., չորեքշաբթի

Դրամական ռեֆորմի իրականացման առնչությամբ ՌԴ Կենտրոնական դրամատան որոշումը խուճապ է առաջացրել նաև Հայաստանում: «Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դրամական քաղաքականությունը և ազգային դրամը շրջանառության մեջ դնելու ի՞նչ հնարավորություն կա» «Հայլուրի» թղթակցի հարցերին պատասխանում է ՀՀ ԳԽ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

— Հարցն ունի երկու մաս՝ քաղաքական և տնտեսական: Հարցի քաղաքական կողմը վերաբերում է անկախ պետության կայացմանը և ակնհայտ է, որ եթե մենք ուզում ենք իսկապես լինել անկախ պետություն և իրականացնել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն, ապա պետք է ունենանք մեր ինքնուրույն կենտրոնական դրամատունը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում դրամաշրջանառության համար, իրականացնում է ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն: Որպեսզի այդ ամենը նա կարողանա անել, պետք է ունենա իր ազգային դրամը: Այս քաղաքական խնդրի լուծումը ենթադրում է, որ մենք պետք է այնուհանդերձ մեր ազգային դրամն ունենանք, որի համար, սակայն, պետք է լուծվեն ազգային դրամի շրջանառության մեջ դնելու խնդիրը, դրա մեխանիզմները և հետագայում ազգային դրամի կայունության ապահովման հարցը: Եթե մենք հրաժարվենք այս մոտեցումից, նշանակում է, որ մենք հրաժարվում ենք անկախության կարևորագույն ատրիբուտներից մեկից և ընդհանրապես անկախությունից: Այս հարցի պատասխանը տրվել է նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որը նկարագրել է ռուբլու գոտում մնալու այն պայմանները, որոնք առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը: Առաջինը Հայաստանի կենտրոնական դրամատան կարգավիճակի փոփոխությունն է: Պահանջվում է, որ մեր կենտրոնական դրամատունը դառնա Ռուսաստանի կենտրոնական դրամատան մասնաճյուղը՝ զրկվելով ինքնուրույն ֆինանսավարկային քաղաքականություն վարելու իրավունքից: Երկրորդ, պահանջվում է, որ մենք ունենանք միասնական հարկային քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ հարկերը նույնպես պետք է որոշվեն Մոսկվայի կողմից: Երրորդ, լինի միասնական մաքսային տարածք, այսինքն, մենք տարածքով դառնում ենք ՌԴ անբաժան մասը: Հաջորդ պահանջն այն է, որ պետք է լինի բյուջետային վերահսկողություն, բյուջեի դեֆիցիտի սահմանում մոսկվայի կողմից և, հետևաբար, նաև համապատասխան վերահսկողություն բյուջեի պարտքերի նկատմամբ: Ահա այս բոլոր պահանջների հետ համաձայնելը նշանակում է դառնալ Ռուսաստանի այս կամ այն մարզը և ոչնչով չտարբերվել նրանցից:

Ընդհանրապես, իմ կարծիքով, այս պահանջները անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, եթե դրա փոխարեն մեզ չեն տրվում քաղաքական դիվիդենտներ և այլ երաշխիքներ՝ կապված այն ազգային խնդիրների լուծման հետ, որոնք կանգնած են մեր առջև: Սակայն առայժմ այդ երաշխիքները հայտնի չեն: Այս տարբերակն ինձ ավելի շատ թվում է տեսական, քան իրական, բայց ես կողմնակից չեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ ուղիով առաջնորդվի: Չնայած, չեմ բացառում դրա հնարավորությունը:

ՌԴ Կենտրոնական դրամատան կողմից նման որոշման ընդունման քաղաքական մյուս նկատառումը ռուբլու գոտու հստակեցման հետ արժութային ինտերվենցիաներից տնտեսական սեփական սահմանի պաշտպանությունն է, քանի որ նրա վերահսկողությունից դուրս էին մնացել փաստորեն ռուբլու այն զանգվածները, որոնք տնօրինում էին ռուբլու գոտու մեջ մտնող հանրապետությունները: Այդ իսկ առումով որոշակի տնտեսական վնաս էր հասցվում Ռուսաստանի Դաշնությանը՝ ցածրացնելով ռուբլու կառավարելիության մակարդակը: Եվ այսպիսի քայլի գնալը Կենտրոնական դրամատան կողմից նաև կառավարելիության աստիճանի բարձրացման նպատակ ուներ:

Տնտեսական առումով ասեմ, որ ՀՀ և ՌԴ միջև կնքվել էին մի շարք պայմանագրեր, որոնցով և պետք է կարգավորվեին ռուբլու գոտու մեջ մնալու և թղթադրամ ստանալու մեր խնդիրները: Ինչ վերաբերում է ստեղծված վիճակում մեր հանրապետությունում ազգային դրամը շրջանառության մեջ մտցնելու հարցին, ապա պետք է ասեմ, որ դա ոչ միայն հնարավոր է, այլ նաև անհրաժեշտ ու ցանկալի: Իհարկե, դա կարող է ունենալ դրական և բացասական կողմեր, բայց այստեղ խնդիրն ավելի շատ քաղաքական է՝ կապված Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների հետ:

Ազգային դրամը շրջանառության մեջ մտցնելու դրական կողմն այն է, որ մենք կարող ենք վարել ինքնուրույն ֆինանսական քաղաքականություն, ձևավորել նորմալ հարկային համակարգ, բարձրացնել դրամի կառավարելիությունը, այլ պետությունների հետ հաստատել նորմալ թղթակցային հարաբերություններ և լուծել այլ խնդիրներ: Սակայն այս դրականի հետ կա նաև բացասական կողմը. հարկավոր է ապահովել դրամի կայունության խնդիրը, այսինքն, դրական առևտրական սալդոն այլ հանրապետությունների հետ, խթանել արդյունաբերության զարգացումը և ապրանքափոխանակումը, կարճ ժամկետում լուծել մեծ վարկերի ստացման և ժամանակին մարման հարցերը:

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives