March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Նախիջևանյան մենակյացը» դեպի նախագահական պալա՞տ է գնում

«Նախիջևանյան մենակյացը» դեպի նախագահական պալա՞տ է գնում

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Երկիր, 12 հունիսի, 1993թ., շաբաթ

Վերջին ժամանակներս Ադրբեջանի զանգվածային լրատվության միջոցներում ավելի ու ավելի հաճախակի է քննարկվում հանրապետության կոմունիստների նախկին առաջնորդ Հ. Ալիևի՝ իշխանության հնարավոր վերադարձի հարցը: Եվ հարկ է նշել, որ դրա համար բավականաչափ հիմքեր կան:

Ինչպես և ենթադրվում էր, Հ. Ալիևը չի հարկադրի իրեն սպասել, իսկ հարմար առիթի դեպքում կհայտնվի քաղաքական բեմում որպես գահի հիմնական թեկնածու: Ամրապնդելով դիրքերը անցյալ տարվա հոկտեմբերին Նախիջևանում նրան իշխանությունից հեռացնելու ԱԺՃ-ի անհաջող փորձից հետո, ստեղծելով «Ենի Ազերբայջան» սեփական կուսակցությունը՝ Հեյդար Ալիևը լավ արդյունքներով դիմավորեց իր 70-ամյա հոբելյանը: ի նպաստ նրա է «ամուր ձեռքի» կարոտաբաղձ ժողովրդի համակրանքը, Նախիջևանում իրադրության լիակատար վերահսկողությունը, հարևանների՝ այդ թվում և Հայաստանի հետ լավ հարաբերությունները, նախկին հեղինակությունն ու վաստակը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը:

Նաև նրա հարազատ «Ենի Ազերբայջան» կուսակցությունն է ընտրությունների շեմին ամենազանգվածայիններից մեկը դառնում հանրապետությունում: Իր՝ նախագահի խոսքերով, կուսակցություն ընդունելության խնդրանքով դիմել է 100 հազար մարդ: Իսկ կուսակցության առաջնորդներից մեկը՝ Բաքվի պետհամալսարանի դոցենտ Ալի Նագիևը վերջերս հայտարարեց, որ ընտրությունների շեմին կուսակցության շարքերը կհամալրեն ևս 300 հազար անդամ:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, կուսակցությանն են հարել ԱԺՃ-ի կողմից դուրս մղված և այդ «անարդարության» հետ չհաշտված կուսակցական-պետական ծառայակազմի նախկին ներկայացուցիչները: Ալիևի կողմից են գիտաստեղծագործական մտավորականությունը, ամուր ձեռքի և կարգուկանոնի կարոտած արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները, չգաղթած ռուսալեզու բնակչությունը, մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր խանդաղատանքով են հիշում «հաջողությունների համար» 12 անգամ փոխանցիկ Կարմիր Դրոշի արժանացած հանրապետության նախկին կյանքը:

Միևնույն ժամանակ ներկա իշխանությունները քաղում են ղարաբաղյան ճակատում պարտությունների դառը պտուղները, պատասխանատու են տնտեսական ճգնաժամի, քաոսի և անիշխանության, հանցագործության ծաղկման և պատերազմի բազմաթիվ զոհերի համար: Բնական է, որ այդ ֆոնի վրա պատերազմից և աղքատացումից հոգնած ժողովրդի աչքում Ալիևի կերպարը ավելի գրավիչ է երևում: Դա գիտակցելով՝ իշխանություններն ամեն կերպ արգելակում են Ալիևի իշխանության գալը, ժողովրդի աչքում նրան վարկաբեկելու փորձեր են անում՝ կոչելով նրան «Ադրբեջանի անկախության համար ամենավտանգավոր մարդ» և «Մոսկվայի գործակալ»: Ադրբեջանի ԳԽ առաջին փոխնախագահ Թամերլան Կարաևը վերջերս խորհրդարանի պատգամավորներին կոչ արեց «հետաքննել Նախիջևանի Մեջլիսի նախագահ Հ. Ալիևի՝ Ադրբեջանի պառակտմանը միտված քայլերը»: «Ազադլիգ» թերթին տված հարցազրույցում նա ուղղակիորեն հայտարարում է. «Այն ժամանակ, երբ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ որևէ բանակցության անհնարինության պայման է առաջադրում, քանի դեռ չի ազատագրվել Քելբաջարը, Հայաստանի ԳԽ ղեկավարության հետ բանակցություններ վարելն ու պայմանագիր ստորագրելը հանրապետությանը թիկունքից հասցրած հարված է նշանակում: Ընդորում՝ շատ լուրջ հարված:

Եթե մենք ցանկանում ենք Նախիջևանում դրությունը շտկել, պետք է արգելենք Ալիևին դժվարություններն օգտագործելով այնտեղ ուժեղացնել իր ազդեցությունը: Նրա վերջին գործողությունները չի կարելի անուշադրության մատնել, քանի որ արդյունքում դրանք կարող են հանգեցնել Ադրբեջանի պառակտմանը: Ես պահանջում եմ այդ հարցի առաջքաշում Մեջլիսում, ուր պետք է հրավիրվի Ալիևը իր գործունեության մասին հաշվետվություն և բացատրություններ տալու համար: Այն պետք է գնահատական ստանա»:

Գրեթե համանման էր ադրբեջանական ՆԳՆ ղեկավար Թ. Ղասիմովի հայտարարությունը, որում ընդգծվեց, թե «Ալիևը իրավունք չունի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ»:

Իսկ խորհրդարանի խոսնակ Ի. Ղամբարը, Ալիևի՝ իշխանության գալու հնարավորության վերաբերյալ հարցին պատասխանելով, «վախեցրեց» լրագրողներին և հասարակայնությանը այն բանով, որ «Ալիևի՝ որպես Ադրբեջանի ղեկավար իշխանության գալը կբերի հակամարտության, քանի որ կողմնակիցների հետ միասին նա շատ հակառակորդներ ունի»:

Բացի այդ, Բաքվում վիրավորված են, որ Ալիևը արտակարգ դրության մասին Մեջլիսի հաստատած նախագահական հրամանագիրը Նախիջևանում չի կատարում: Նախիջևանի ղեկավարի գործունեությունը գնահատվում է իբրև պետության համար վտանգավոր և Ադրբեջանը հեղինակազրկող: Դրա հետ միասին իշխանությունները, գիտակցելով նախկին առաջնորդի հանրաճանաչությունը, փորձում են ամեն կերպ հաճոյանալ նրան: Այսպես, Բաքվի պաշտոնատարները չհերքեցին այն տեղեկատվությունը, թե նախագահ Էլչիբեյը վարչապետի պաշտոնը առաջարկել է նախիջևանյան խորհրդարանի ղեկավարին: Այդ առաջարկը հնչել է սթ. փետրվարի 12-ին նախագահական պալատում Էլչիբեյի և Ալիևի հանդիպման ժամանակ: ԱԺՃ-ի իշխանության գալուց հետո դա երկու գործիչների առաջին հանդիպումն էր:

Մեծ աղմուկ հանեց Հ. Ալիևի Բաքու ժամանումն ու նրա 8-ժամյա tet-a-tet զրույցը Ադրբեջանի նախագահի հետ: Ոչ այնքան վաղուց՝ անցյալ տարվա վերջին, Բաքվի և Նախիջևանի միջև հարաբերությունները ծայրահեղ շիկացած էին, երկկողմանի սպառնալիքներ և ազգային շահերին դավաճանության մեղադրանքներ էին հնչում: Բոլորովին վերջերս ՆԳ նախկին նախարար Իսկանդեր Համիդովը Ալիևի բռնի տապալման կոչ էր անում և խոստանում էր «Բաքու բերել Հեյդար-բեկի կտրված գլուխը»:

Այդ բարդ ժամանակներում Հեյդար Ալիևը ոչ մի օր չլքեց իր «հարազատ հանգրվանը»՝ Նախիջևանը, զգուշանալով, որ իր բացակայությամբ իշխանությունը կխլեն ԱԺՃ-ի տեղական առաջնորդները: Նույնիսկ հարազատ եղբոր թաղմանը չմեկնեց:

Եվ հանկարծ… «Նախիջևանյան մենակյացը» կրկնի վրա բաց է անում մեծ քաղաքականության դուռը, ակտիվացնում է քաղաքական շփումները հանրապետության ղեկավարության հետ, հանդիպում է Անգլիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրանի դիվանագիտական առաքելություններին: Բաքվի փողոցներում Ալիևի հայտնվելն այնպիսի եռուզեռ առաջացրեց, որ անհանգստացած իշխանությունները դեպի նրա զբոսավայր ոստիկանության ուժեղացված ջոկատներ ուղարկեցին: Մարդիկ կարծում են, որ սոսկ նա՝ փորձառու տնտեսավարն ու ուժեղ քաղաքագետն է ի զորու Ադրբեջանի այսօրվա փորձանքները հաղթահարել, դուրս հանել հանրապետությունը ներկա իշխանությունների բերած փակուղուց: Շատերն են համարում, որ «ժողովրդի բարեկեցության» բանալիները նրա ձեռքում են: Պետք է ասել, որ «ամուր ձեռքի» կողմնակիցները նախկինում էլ նայում էին Ալիևի վրա որպես բոլոր ցավերի դարմանող: Դեռևս 1988-89թթ. առաջին միտինգների ժամանակ նրանք վեր էին բարձրանում սոցաշխատանքի կրկնակի հերոսի վիթխարի դիմանկարներն ի հակակշիռ «թույլ և ծախու Վեզիրովի»:

Ալիևի հակառակորդները, գիտենալով նրա ամուր, ավելի ճիշտ՝ մահացու հափռանքը, զգուշանում են կոմունիստական ծառայակազմի ռևանշից և ժողովրդավարության վախճանից, լրջորեն մտահոգված են քաղբյուրոյի նախկին անդամի քաղաքական եռանդից: Հասարակական գիտակցություն է ներմուծվում հատկապես ԱԺՃ-ում տարածված այն կարծիքը, որ Ալիևը Մոսկվայի դրածոն է և «ադրբեջանական անկախության գերեզմանափորը»:

Դատելով Ալիևի մերձավորների կողմից մամուլ թափանցած տեղեկատվությունից՝ նա հրաժարվել է վարչապետ դառնալու Էլչիբեյի առաջարկից՝ ներկայացնելով դիմակա առաջարկ. արտակարգ լիազորությունների ստանձնումով և իր ղեկավարությամբ Պետխորհրդի ստեղծում: Էլչիբեյի հետ զրույցից հետո Ալիևը թռավ Մոսկվա՝ այցելելու ինչպես ինքը բացատրեց, հիվանդացած դստերն ու թոռնիկներին, թեպետ միաժամանակ այնտեղ հանդիպեց Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռ. Բրեյնվեյտի  հետ, որին դիմեց Նախիջևանին ԵՀ-ի կողմից մարդասիրական օգնություն հատկացնելու գործում միջնորդ հանդիսանալու խնդրանքով:

Սակայն ենթադրվում է, որ նա, փորձելով մեղմացնել ճնշումը Բաքվի վրա, Մոսկվայում հանդիպել է նաև Ռուսաստանի ղեկավարների հետ՝ օգտագործելով իր նախկին մոսկովյան կապերը Դերբենտում ադրբեջանական գնացքների ապաշրջափակման և Ռուսաստան ներմուծվող ադրբեջանական ապրանքների 65 տոկոսանոց հարկը վերացնելու համար: Բացի այդ, նա հանդիպել է Իրանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի դեսպանների հետ՝ բացատրելով այդ հանդիպումները Նախիջևանին օգնություն հատկացնելու պայմանավորվածության հասնելու ցանկությամբ: Մոսկվայից վերադառնալուց հետո նա դարձյալ հանդիպեց Ադրբեջանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ և «զեկուցեց» այցի արդյունքների մասին: Բաքու նրա վերջին գալստյան ժամանակ նույնպես ամբոխը տենչում էր վկայել իր հարգանքը աներեր «նախիջևանյան մենակյացին»:

Ադրբեջանում սովորական է դարձել, որ ճակատում պարտությունները կատալիզատորի պես արագացնում են քաղաքական գործընթացներն ու քաղաքական առաջնորդների փոփոխությունները: Հենց այդպես Ա. Մութալիբովին փոխարինեց Յ. Մամեդովը (Խոջալու), հետո նրան կրկին փոխարինեց Մութալիբովը (Շուշի, Լաչին) և վերջապես, Էլչիբեյը:

Վերջին պարտությունները պատճառ դարձան պաշտպանության (Գազիև) և ՆԳ (Համիդով) նախարարների, վարչապետ Ալի Մասիմովի հրաժարականներին: Նախագահի թիկնազորից լավագույնները զոհաբերեցին իրենց՝ նախագահին փրկելու համար: Սակայն ընդդիմության ճնշումը շարունակվում է: Նախագահը կարողացավ հասնել փոխզիջման՝ խոստանալով կատարել Է. Մամեդովի ազգային անկախության ծայրահեղ ընդդիմադիր կուսակցության պահանջը: Նշանակված է նախագահի հաշվետվության օրը՝ հունիսի 16-ը, որից հետո խորհրդարանը պետք է նշանակի երկու նոր ընտրությունների ժամկետը:

Նախագահի կողմնակիցներին հաջողվեց, դադարից օգտվելով, վերախմբավորել ուժերը: Իսկ ամենակարևորը՝ հնարավոր դարձավ արտակարգ դրության իրավիճակ մտցնել՝ կաթվածահար անելով ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և նրանց մամուլի գործունեությունը:

Սակայն եթե ներքաղաքական իրադրությունը նույնքան լարված մնա, իսկ ճակատում Ադրբեջանը ևս մեկ խոշոր պարտություն կրի, ապա կգա մի օր, երբ կարգուկանոնի հաստատման համար «ուժեղ ձեռքի» կարիք կզգացվի, և բոլորը ցույց կտան Ալիևին: Նույնիսկ եթե ամեն ինչ ընթանա խաղաղ խորհրդարանական ճանապարհով և ընտրությունների ընթացքում պահպանվեն ժողովրդավարական չափանիշները՝ միանգամայն հավանական է Ալիևի և նրա կողմնակիցների հաղթանակը:

Կձեռնարկի՞ արդյոք բացահայտորեն իր վերջին վճռական կռիվը Հեյդար Ալիևը, որի դիմանկարները զարդարում են Ադրբեջանի քաղաքներով պտտվող ավտոմեքենաների հողմապակիները: Դատելով «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված վերջին հարցազրույցից, որտեղ նա իշխանություններին մեղադրում է իր դեմ արգելքներ հարուցելու մեջ, «նախիջևանյան մենակյացը» պատրաստ է հաշիվ ներկայացնել:

Դա դեպի Ադրբեջանի քաղաքական Օլիմպոս 70-ամյա Հեյդար Ալիրզա օղլի Ալիևի՝ մեծ քաղաքականությանը կարոտած փորձառու քաղաքական գործչի վերջին ու վճռական գրոհը կլինի:

Կմագլցի՞ արդյոք երկրորդ անգամ դեպի իշխանություն նա, ում տասը տարի առաջ ուրախությամբ դեպի Մոսկվա էին ուղեկցում բարեկամներն ու չարակամները: Եվ նրանք, և սրանք համարում են, որ դրա համար բոլոր հիմքերը կան:

Որքան էլ տարօրինակ է, իրադարձություններն ու ժամանակն աշխատում են հօգուտ նրա: Եվ տարիքի մասին «ՄՆ»-ի թղթակցին պատասխանում է՝ «Ինչ իմ տարիքին է վերաբերում՝ ոչ ոքի հայտնի չէ, թե Ալլահն ինչքան է նախատեսել»:

Պարզ է մի բան. Հեյդար Ալիևը կվերադառնա մի այլ Ադրբեջան, ուր արդեն չկան Բաքվի աշխատանքային փառքը կազմող հայերը, որտեղից մեկնում են ռուսներն ու հրեաները, որտեղ ավելի ու ավելի բարձրաձայն են հայտարարում իրենց իրավունքների մասին լեզգինները, թալիշներն ու քրդերը: Եվ, ամենագլխավորը, ով էլ որ իշխանության գա Ադրբեջանում, մեկընդմիշտ պետք է հասկանա. նախորդ կառավարողը գլորվել է իր բազկաթոռից այն պարզ պատճառով, որ փորձել է ղարաբաղյան հիմնահարցը ուժով լուծել:

Ալեքսանդր Հարությունյանց: ՆՏ

ՀԳ. Մինչ հոդվածը պատրաստվում էր հրապարակման, ժամանակն արագացրեց հանգուցալուծումը: Այս անգամ՝ Գյանջայում: Քանի դեռ ԱԺՃ-ի նախկին գործիչներն այստեղ իրենց հաշիվներն էին պարզում, ընդդիմությունը պահակախմբեր դրեց ԳԽ շենքի դիմաց և ճգնաժամը հաղթահարելու համար դիմեց Հեյդար Ալիևին: Նա արդեն մտադիր չէ որևէ մեկին իր ծառայությունները առաջարկել և իշխանություններից ողորմություն ակնկալել: «Նախիջևանյան մենակյացը» արդեն Բաքվում է՝ նվիրական նպատակին մոտ, և նա, ով կոչ էր անում դատել նրան, ինքը կարող է հայտնվել դատապարտյալի աթոռին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives