March 28, 2024

Հայաստանի անկախության ճանաչման հանդիսավորությունը

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 25 հունվարի, 1920թ., թիվ 18

Առաջին օր

Ուրբաթ, ամսոյս 23-ին կառավարությունը կեսօրվա ժամը 2-ին Թիֆլիսից Բրիտանիայի ներկայացուցիչ պ. Ուորդրոպի տեղակալից ստացավ անկախության ճանաչումը հաստատող հեռագիրը։

Անմիջապես լուրը տարածվեց ամենուրեք բերնից բերան անցնելով։ Ժամը 3-ին քաղաքի կոմենդանտային վարչության առջև էր զորքը երաժշտախմբով և ահագին ամբոխը։ Հավաքվել էին բոլորը՝ ամենափոքրի ծերը, կին, տղամարդ։ Կոմենդանտ Շահխաթունին մի գեղեցիկ ճառով օրվա և ակտի նշանակության մասին խոսելով առաջարկեց գլխարկները հանելով ծունր դնել ի նշան հարգանքի այն ահռելի զոհերի հիշատակի, որոնց սուրբ արյան գնով է ձեռք բերված ազատությունը։ Զորքը և ամբողջ հասարակությունը ծնրադրելուց հետո կոմենդանտը յուր ճառը վերջացրեց ցանկություն հայտնելով, որ շուտով իրականանա Միացյալ և Անկախ Հայաստանը։ Ապա ճառը ընդհատվում էր զորքի և հասարակության բուռն «կեցցե»-ներով։ Զորքը և հասարակությունը նվագով դիմեց պառլամենտի առջև, ուր պառլամենտի փոխնախագահ Ավետիք Սահակյանին կոմենդանտը դիմեց զորքի անունից շնորհավորելով անկախության ճանաչումը։ Պառլամենտի փոխնախագահ Ա. Սահակյանը շատ հուզված, կարճ ճառով դիմեց զորքին և հասարակության ու մոտավորապես հետևյալն ասաց. «Հայաստանի քաջարի զինվորներ, այսօր մենք ստացանք հեռագիր, որով մեզ հայտնում են, թե Փարիզում Գերագույն խորհուրդը լորդ Քըրզոնի առաջարկությամբ ճանաչել է Հայաստանի անկախությունը այն սահմաններում, որոնց մեջ, որ նա այժմ է։ Այդ առաջին անգամ է, որ մեծ պետությունները պաշտոնապես ճանաչում են մեր անկախությունը։ Սակայն այս այն Հայաստանը չէ, որին մենք ձգտում ենք։ Այս օրը մենք չենք կարող համարել իսկական տոն։

Իսկական տոնը մեր անկախության կտոնենք այն ժամանակ, երբ զորքը կտիրե մեր ամբողջ հայրենիքին։ Հայ զինվոր, կտոնես այն ժամանակ, երբ դու հաղթականորեն կանցնես միացյալ Հայաստանը։ Մեր մեծ տոնը մեր առաջն է. նա շուտով կհասնի։ Այն, ինչ որ այժմ տվել են մեզ, թե մեզ և թե մարդկային խիղճը չի կարող հանգստացնել։

Կեցցե՛ քաջարի զորքը,
Կեցցե՛ Միացյալ Հայաստանը»

Ճառը ծածկվեց բուռն ծափահարություններով, կեցցեներով ու նվագով։

Նախարար Խատիսյանի գալուստը

Այստեղից զորքը և հասարակությունը, որ անդադար շատանում էր, փոստի առջևով անցավ դեպի կառավարության գլխավոր տունը։ Մի քանի ժամանակից հետո հեռվից երևաց նախարարապետ Ա. Խատիսյանի օթոմոբիլը, ուղեկցությամբ ուրիշ օթոմոբիլների և հեծելազորքի։ Նա կայարանից էր գալիս։ Տեր-Ղուկասյան փողոցի անկյունում նախարարապետի օթոմոբիլը կանգնեց և նա բոլոր նախարարների, պետական վերահսկիչի, Բրիտանիայի, Ամերիկայի ներկայացուցիչների, զորավարների, կոմենդանտի և ուրիշ պաշտոնական անձանց ուղեկցությամբ անցավ զորքի և հասարակության միջով՝ զինվորական նվագախմբի հնչյունների ներքո։

Նախարարապետ Խատիսյանը զորքին և ներկաներին դիմեց հետևյալ ճառով. «Առաջին լուրը, որ Վրաստան կատարած ճամփորդությունիցս հետո պիտի հայտարարեմ՝ այդ Հայաստանի անկախության գերագույն խորհրդի կողմից ճանաչումն է։ Այն, ինչ որ այժմ մենք տոնում ենք, շնորհիվ հայ զինվորի է, շնորհիվ հայ մարտիկի, հայ ամբողջ ժողովրդի։ Առաջին շնորհակալությունը պիտի ուղղել ժողովրդին, նրա կազմակերպված բանակին, հեղափոխական և զենքի գործիչներին, երկրորդ շնորհակալությունը մեծ պետություններին՝ դաշնակիցներին, հատկապես Անգլիային, որի կառավարության արտաքին գործերի նախարար Քըրզոնի առաջարկությամբ է ընդունված մեր անկախությունը և հավասարապես Ամերիկայի ազատ ժողովրդին և կառավարության, որ մեզ տվեց ուտելու հաց, մահից ազատեց, որ մեր զորքին տվեց կոշիկներ։ — Իհարկե, այսօր մենք չենք տոնում այն, ինչի որ ձգտում էինք և ձգտում ենք։ Իմ ունեցած տեղեկությունների հիման վրա կարող եմ ասել, որ Միացյալ Հայաստանը կիրականանա շատ շուտ, չի քաշիլ և մեկ ամիս։

Տաճկահայաստանը և ներկա Հայաստանը պիտի անպայման միանան և կազմեն Միացյալ և Անկախ Հայաստան»։

Նախարարապետի ճառը ծածկվեց զորքի և հասարակության, որ դրացի փողոցները լցրել էր, կեցցեներով, ծափահարությամբ և նվագով։

Կոմենդանտ Շահխաթունին դիմեց նախարարապետին և հայտնեց, որ զորքը ամենայն րոպե պատրաստ է ոչ մի բանի առաջ չկանգնելով, կատարել ճշգրտորեն կառավարության բոլոր հրամանները ազատ հայրենիքի ապահովման և բարգավաճման համար։

Այս խոսքերից հետո սպայությունը նախարարապետ Խատիսյանին ուսերի վրա առած տարավ նրան իր առանձնասենյակը։

Այստեղից զորքը, հեծելազորքը, հասարակությունը դիմեցին դեպի Աստաֆյան փողոցով զորանոցները, բոլոր ժամանակ զինվորական նվագախմբի նվագակցությամբ: Նախարարապետի ճառի ընթացքին և հետո բերդից շարունակ լսվում էր թնդանոթների որոտը։

Ամբողջ քաղաքն ընդունել էր տոնական բնույթ, զարդարված էր եռագույն դրոշակներով և հասարակությունը փողոցներում լեփ-լեցուն խանդավառ ցույցեր էր անում։ Երեկոյան քաղաքում հրավառություն էր, իսկ կայարանից «Ազատամարտ» զրահապատ գնացքը լուսավորում էր քաղաքը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives