March 29, 2024

Հաղթանակի հավատքով

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ.

Կացինն այս անգամ քարին առավ։

Թուրք վայրագ կառավարությունը, որ չուզեց ճանչնալ ոչ մեկ դաշն ու պայման, որ մեր ըրած զիջումներու պարագային վայրենի քմծիծաղով շարունակեց ալ ավելի առաջանալ, այսօր հանդիպեցավ ամուր պատնեշի մը և առաջին խորտակումն ունեցավ…

Այլևս դանակը ոսկորին էր հասած. մեր ժողովրդի առողջ և անսխալական բնազդը ցգաց մոտալուտ սարսափելի աղետը, ան այլևս բավ համարեց Թիֆլիս և Բաթում նստողներու խաղք-խայտառակությունները ու ծառացավ իր թշնամիին դեմ այն րոպեին, երբ անիկա հարմար առիթը համարած էր հայության մահացու հարված տալու, զայն իր սիրտեն զարնելու։ Ան, որ կուզեր կտրել Երևանի հայությունը ամեն կողմե ու զայն պաշարելով բնաջինջ ընել, այժմ շշմած է ր հետզհետե կօղակվի. թե Սարդարապատի ուղղությամբ և թե Մեծ-Ղարաքիլիսեի կողմե մեր զինվորներն անվեհեր ու խիտ շարքերով կառաջանան և արագ ու հատու հարվածներ կուտան թշնամիին ու կհալածեն զայն։

Եվ սակայն, մեր այս առաջին հաղթանակները թող չգինովցնեն մեզի, և ոչ ալ մեր կրելիք պարտություններն ու տված զոհերը ընկճեն մեր դիմադրական ոգին, այլ՝ ընբռնելով, որ թշնամին շատ քիչ ուժով և միայն մեր տեղի տալու պատճառով կրցավ կարճ ժամանակվա ընթացքին Երզնկայեն մինչև Ալեքսանդրապոլ հասնիլ, ալ ավելի կրկնապատկենք ու լարենք մեր ուժերը ու պատրաստվինք նոր կռիվներու և նոր հաղթանակներու։ Եթե թշնամին այսօր մեր առաջին և փոքր հարվածի առաջ պարտվեցավ ու փախուստի մատնվեցավ, բայց վաղը անիկա պիտի աշխատի նոր ուժեր համախմբիլ, հարձակումներ ձեռնարկել՝ իր ծրագիրը իրագործելու, մեզի կոտորելու և Կովկասը տիրապետելու համար։

Հիմա, երբ ընկճված է թշնամին ու շշմած, երբ քիչ են իր ուժերը, իսկ մենք հաղթական ենք ու ոգևորված և հետզհետե կստվարանան մեր մարտիկներու ցանցառ շարքերը, պետք է շարունակենք կռիվը նոր թափով ու համառորեն, այսուհետև մեր տալիք հարվածները պետք է ըլլան շեշտակի և մահաբեր, որպեսզի ամբողջապես ջլատվի թշնամին և ընկրկման աստիճանին հասնի։ Հիշենք մեր կորպուսի հրամանատար գեն. Նազարբեկյանի խոսքերը. «Լավ իմացեք, եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունը և չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա, այլևս երբեք չպիտի հաջողվի ատիկա ոչ մեզի և ոչ ալ մեր սերունդներին», և թող մեր ինկած ռազմիկներու ոգին ոգևորէ, առաջնորդե ու թևավորե մեզի և մեր զինվորները, թող վերջին տարիներու հերոսամարտերը օրինակ ծառայեն մեզի մղելու համար մեր օրհասական պայքարը, մեր դրմադրական սուրբ կռիվը։

Մենք պետք է դառնանք հսկա ժայռ մը, ուրկե թշնամին քանի մը փշրանք միայն կարողացավ փրցնել՝ առանց զայն ամբողջապես ջարդելու կամ տեղահան ընելու։ Մեր բոլորի ուշն ու ուրուշը, միտքն ու երևակայությունը պետք է կեդրոնանան և ուղղվին դեպի ճակատ, և ամեն ոք, ամեն ինչ ճակատի համար։ Եվ թող Երևանը փրկե իր պատիվը, վճռական հարված մը տա թշնամիին, և հասկցնե աշխարհին ու մեր «խելոքներուն», որ այդքան լեցուցած բաժակը պիտի թափեր և այսքան զիջումներե, պարտություններե ու ստրկացումներե ետք, ժողովրդական զայրույթն ու ցասումը պիտի պայթեր օր մը։

Մոռնանք անցյալի մեր սխալները և տված կորուստները ու նոր եռանդով, գոտեպինդ և վրեժալի խոյանանք դեպի թշնամին, միշտ այն հավատքով, թե եթե կռվինք՝ չենք պարտվիր, չենք մեռնիր, այլ կհաղթենք ու կփրկվենք։ Ուժեղ գրոհ մըն ալ և թշնամին դուրս շպրտվի մեր սահմաններեն։

Կեցցե՛ն մեր օրհասական ու հերոսական պայքարը և մեր առաջին հաղթանակները։ Կեցցե՛ն թշնամիին վրա արշավող մեր զինվորները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives