March 29, 2024

Կամ գործ, կամ լռություն

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

«Մշակ», 8 փետրվարի, 1918թ., թիվ 29

Մեր այժմյան վիճակը սպառնալի է, ճիշտ է. մեր գոյությունը բացառիկ վտանգների տակ է, գիտե այս յուրաքանչյուր մանուկ, բայց մի՞թե արցունքն ու հառաչանքներն են, որ պիտի փակեն մեզ մեր գլխին շողշողող սրից։ Մի՞թե այդ անսահման և հաճախ անիմաստ հուսահատությունն է, որ պիտի ղեկավարի մեր հոգին ու ուղղություն տա մեր ձեռներին։

Ո՞վ կարող է մարգարեանալ, թե վաղն ինչ է պատահելու։ Եվ ինչո՞ւ միշտ վատն ու վատթարը գուշակել։ Այլ է հեռատեսությունն ու զգուշությունը և չկա ավելի կորստաբեր ախտ, քան հոռետոսությունը։ Սառնասրտությունն է, որ հաճախ փրկում է անհատներին և ազգերին։

Հեռու լալկանությունից։ Նրա տեղը մեռելների աշխարհն է։ Արցունքը թույն է, որ քայքայում է հոգին և մեղկացնում սիրտը։ Դա նշան է ոչ միայն երկչոտության, այլև տխմարության։

Որքան շատ է լալիս մի ժողովուրդ, այնքան նա քիչ է գործում։ Միայն նա կարող է ունի իրավունք ապրելու, ով իր կյանքի ամենակորստաբեր պահուն գիտե ժպտալ։ Որքան շատ վախենաս մահից, այնքան նա ավելի կսիրե քեզ։

Վատ է այն մարդը, որ արցունքներով է ճանապահ դնում իր զավակին կռվի դաշտը. նա խլում է իր որդու քաջության մի մասը և թուլացնում նրա ուժերը։ Նա տխմար է, որովհետև չի ճանաչում մարտիկի հոգեբանությունը։

Այս խոսքերը ես ուղղում եմ այն հայերին, որոնք շարունակ լալիս են ու միմիայն լալիս։ Զազրելին այն է, որ լալիս են ոչ միայն ծերերը, որոնց աչքերի ներվերը թուլացել են, այլև երիտասարդները։ Այն երիտասարդները, որոնք կարող էին շատ բան անել և չեն անում։ Չեն անում, որովհետև չկա ավելի էժանագին հայրենասիրություն, քան ողբը։

Դա մի տարր է, ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին։ Մի հիվանդոտ մարմին, որ իր ախտով սպառնում է վարակել և առողջ մասը մեր ժողովրդի։ Եվ որքան հաճելի է տեսնել հայ զինվորի այդ զվարթ ու ժպտուն դեմքը, լսել նրա կրակոտ հայրենասիրական երգերը, նույնքան ատելի է նայել այդ լալկանների թթված կերպարանքին և լսել նրանց գերեզմանային հառաչանքները։

Կամ գործ կամ լռություն՝ ահա թե ինչ պիտի պահանջել այդ մարդկանցից։

Շիրվանզադե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives