January 6, 2025

Ինչո՞ւ են դեմ քվեարկել

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Երկիր», 13 փետրվարի, 1992թ.

«Հայլուր» ծրագրի հարցը ԳԽ-ի օրակարգ մտցնելուն փետրվարի 11-ին դեմ էին քվեարկել 24 պատգամավորներ, որոնցից մի քանիսին մեր թղթակիցը դիմեց միակ հարցով. ինչպե՞ս եք մեկնաբանում Ձեր «դեմ» քվեարկելը:

Կամո Վարդանյան – Ես դեմ եմ, որ մամուլի կամ լրատվության որեւէ միջոց փակվի։ Բայց այստեղ ուրիշ հարց կա. սա Գերագույն խորհրդի գործը չէ, այլ՝ դատարանի։ Գոյություն ունի մամուլի օրենք, որը դատարան դիմելու հնարավորություն տալիս է, իսկ դատարանի որոշումը վերջնական է։ Գերագույն խորհուրդն իրավունք չունի այս հարցի մասին որոշում ընդունել։ Եթե նույնիսկ ընդունի, միեւնույն է, չեն ենթարկվի։

Յուրի Մովսիսյան – Ես կողմնակից եմ, որ «Հայլուրը» աշխատի, բայց միայն նրա հարցը մասնավոր ձեւով դնելը… Դա Գերագույն խորհրդի գործը չէ: Եղավ երկու առաջարկություն՝ «Հայլուրի» հարցը եւ ավելի ընդհանուր՝ մամուլի եւ խոսքի ազատության հարցը։ Ես քվեարկեցի երկրորդի օգտին, որովհետեւ նրա մեջ տեղավորվում են եւ «Հայլուրը», եւ այլ հարցեր։

Ռաֆայել Պապայան – Ես գտնում եմ, որ սա նուրբ հարց է,եւ համապատասխան մարմինները պետք է նրբորեն վերաբերվեն դրան։ Կարծում եմ, որ հաղորդումի վերացնելը սխալ է տարբեր տեսանկյուններից, այդ թվում նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ես դեմ քվեարկեցի, որ «Հայլուրի» հարցը որպես առանձին հարց մտնի օրակարգ, որովհետեւ, իմ կարծիքով, դա պառլամենտին գցում է բավական զավեշտական վիճակի մեջ: Ինչպես գնահատենք, սա, այնուամենայնիվ, առանձին իրադարձություն է, որը երևի այլ լուծումների կարիք ունի: Ճիշտ եղավ, որ «Հայլուրի» հարցը օրակարգ չմտավ, որովհետև բերելու էր մեկ-երկու օրվա անպտուղ վեճերի: Ես դեմ քվեարկեցի առաջին առաջարկությանը, բայց կողմ քվեարկեցի երկրորդին` ավելի ընդհանուր ձևակերպմամբ:

Դավիթ Շահնազարյան – Ես գտնում եմ, որ «Հայլուրը» իր կարգավիճակով չի համապատասխանում տեղեկատվական ծառայությանը, այն արդեն ձևավորվել է որպես քաղաքական կազմակերպություն և պետք է հանդես գա որպես այդպիսին:

Այդ աղմուկ հանած հաղորդման մեջ ինձ ավելի շատ զայրացրեց ոչ թե այդ կատակը, այլ կարտոֆիլ վաճառող կնոջը ծաղրուծանակի ենթարկելու հատվածը: Եթե այդ կնոջը հնարավոր լիներ գտնել, ես նրան կստիպեի, ավելի շուտ կառաջարկեի, որ նա «Հայլուրին» դատի տա:

«Հայլուրի» հարցը խոսքի ազատությանը կապելուն ես համաձայն չեմ: Դժվար թե ուրիշ հանրապետություններում այսքան ընդդիմադիր մամուլ լինի, որքան Հայաստանում: Ես գտնում եմ, որ պետք է պատգամավորական հարցապնդում անել «Հայլուրի» կարգավիճակը պարզելու համար և, ընդհանրապես, աղմուկ չբարձրացնել այս հարցում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives