March 29, 2024

«Ես լիահույս եմ. ԼՂՀ անկախությունը կճանաչվի»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 մայիսի, 1992թ., 100 (189)

Գորիս-Լաչին ճանապարհի բացումից անմիջապես հետո ՀՕԽ-ի կողմից Արցախ ուղարկված օգնությունը տեղափոխող շարասյան հետ Ստեփանակերտ մեկնեց նաեւ ՀՅԴ մամլո եւ տեղեկատու կենտրոնի թղթակից Նաիրի Բադալյանը, որը հարցազրույց ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հետ։

– Շնորհավորում եմ Ձեզ վերջին հաղթանակների, այլ խոսքով՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման առիթով։

Շուշիի ազատագրումով պատերազմը ԼՂՀ կենտրոնից փաստորեն տեղափոխվեց սահմանները, ինչը գոնե մայրաքաղաքին եւ նրա մերձակա բնակավայրերին հնարավորություն է տալիս վերադառնալ նորմալ, բնականոն կյանքի։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ԼՂՀ տնտեսությունը վերակենդանացնելու ուղղությամբ։

Գեորգի Պետրոսյան

– Քառամյա դաժան տնտեսական շրջափակումը, ադրբեջանական զինված կազմավորումների ուժեղ ռազմական ճնշումը, մշտական գնդակոծությունները, վառելիքի, էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի բացակայությունը ստեղծել են մի վիճակ, երբ շատ շրջաններում անհնար է դարձել գյուղատնտեսական աշխատանքների կատարումը, փաստորեն կանգնած են բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, քայքայվել են ձեռնարկությունների միջեւ գոյություն ունեցող կապերը։

Փաստորեն զրոյական մակարդակում է հանրապետության տնտեսությունը։ Մինչեւ այժմ մեր բոլոր մարդկային, նյութական եւ պարենային հնարավորությունները ուղղված էին միմիայն հանրապետության ինքնապաշտպանության ուժերին օգնելուն։ Ի դեպ նշեմ, որ մեր ինքնապաշտպանության ուժերը կարողացան ոչ միայն պաշտպանել ԼՂՀ քաղաքական, մշակութային և առայժմ վարչական կենտրոնը` Ստեփանակերտը, այլև կատարեցին շատ ավելին:

Հիմա, երբ բացվել է մարդասիրական օգնության ճանապարհը, Հայաստանից պարբերաբար ստացվում եմ առաջին անհրաժեշտության բեռներ, և ես հույս ունեմ, որ այդ օգնությունը կշարունակվի թե կառավարական մարմինների, թե Հայաստանում ապրող մեր հայրենակից արցախցիների ու տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից: Մասնավորապես ՀՅ դաշնակցության կողմից ուղարկված այլ բեռների թվում վերջերս ստացանք 2 տոննա մանկական սնունդ: Ուրախալի է, որ Արցախում ծնունդների աճ է նկատվում:

Որպես վերջնական նպատակ ունենալով պետական անկախության ամրապնդումը` այսօր մենք պետք է վերականգնենք հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ունեցած տնտեսական կապերը:

Գործուն աշխատանքներ են տարվում ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ: Ջրի առաջին քանակությունը Ղայբալուից հասել է քաղաք: Ստեփանակերտը կամաց-կամաց սկսում է ջուր ստանալ: Հայտնի պատճառներով ավելի բարդ է գազամատակարարման վիճակը: Շատ դժվար է, բայց փորձում ենք կազմակերպել էլեկտրամատակարարումը: Այս ասպարեզում մենք ակնկալում ենք Հայաստանի պետական կառույցների օգնությունը: Փորձեր ենք անում հնարավորության սահմաններում կազմակերպել նաև ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքը:

Բնականաբար, այս ամենը չի նշանակում, որ պատերազմն արդեն վերջացել է։ Չենք կարծում, թե Ադրբեջանը կհրաժարվի իր ագրեսիվ պլաններից։ Մենք պետք է պատրաստ լինենք անհրաժեշտ պահին համապատասխան ձեւով դիմագրավելու նրա զավթողական նկրտումներին։

– Ի՞նչ օգնություն է վերջին օրերին ստացվել Լաչինի ճանապարհով, եւ ինչի՞ կարիք է այսօր ամենից ավելի զգում հանրապետությունը։

– Այս պահին իմ տրամադրության տակ չկան ճշգրտված տվյալներ։ Կարող եմ միայն ասել, որ արդեն ստացվել է որոշակի քանակությամբ վառելանյութ եւ սննդամթերք։ Ինչ մնում է կարիքներին, ապա այսօր հանրապետությունը ամեն ինչի սուր պահանջ ունի։ Միայն կխնդրեի, որ ուղարկվող օգնության տնօրինությանը ավելի լավ կազմակերպելու եւ կրկնությունից խուսափելու նպատակով այն համաձայնեցվեր մեր համապատասխան կառույցների հետ։

– Առաջին անհրաժեշտության բեռների հնարավոր դուրսբերումը կանխելու և բնակչության արտագաղթ թույլ չտալու նպատակով ի՞նչ վերահսկողություն է սահմանվելու Լաչին-Գորիս ճանապարհի վրա:

– Գերագույն խորհրդի որոշմամբ արգելվել է ԼՂՀ տարածքից զենքի, զինամթերքի ավտոմեքենաների, շինանյութերի եւ հանրապետության նորմալ կենսապահովման համար անհրաժեշտ մյուս բոլոր նյութերի դուրսբերումը: Ինչ մնում է ժողովրդին, ապա Արցախի ժողովուրդը տրամադրված չէ փախչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Ընդհակառակը, ես հույս ունեմ, որ այս ճանապարհի բացումը վերջապես Արցախ վերադառնալու հնարավորություն կտա մեր հայրենակիցներին։

– Ինչպե՞ս է տնօրինվելու Շուշի քաղաքը։

– Շուշին հայկական քաղաք է։ Կանգուն է մեր եկեղեցին։ Այն մենք կվերականգնենք։ Շուշին պետք է բնակեցվի։ Այնտեղ կբնակեցվեն ինչպես 1988թ. այնտեղից վտարված մեր հայրենակիցները, այնպես էլ ավերված գյուղերի բնակիչները՝ մինչեւ դրանց վերականգնումը, այն մարդիկ, որոնց տները քանդվել են հրետակոծություններից, ովքեր ապրում են նկուղներում։ Շուշին պետք է վերստին հայ մշակույթի կենտրոն դառնա։ Հավանաբար այնտեղ կտեղափոխվի հաեւ հանրապետության վարչական կենտրոնը։

– Ինչպիսի՞ն է իրավիճակը Շահումյանի շրջանում։

– Շատ բարդ։ Չեն վերջանում մշտական գնդակոծություններն ու փոխհրաձգությունը։ Ես շատ երախտապարտ եմ շահումյանցիներին. նրանք ավելի շուտ էին հասկացել, որ միայն սեփական ուժով ու զենքով կարելի է փրկել իրենց հողն ու երեխաներին։ Մենք բոլոր հնարավորություններով կօգնենք նրանց՝ հետ մղելու ադրբեջանցիների նվաճողական ոտնձգությունները եւ վերականգնելու ոչ իրենց կամքով ընդհատված նորմալ, աշխատանքային խաղաղ կյանքը։

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գոյություն ունի՞, արդյոք, ներկուսակցական քաղաքական պայքար։

– Գիտեք ինչ, ազգային–ազատագրական պայքարի այս տարիների ընթացքում Ղարաբաղում աճեց ու ամրացավ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Իսկ մեր ժողովրդի վերաբերմունքը այդ քաղաքական կազմակերպության նկատմամբ արտահայտվեց հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է ուրիշ քաղաքական կուսակցությունների գոյությանը, կարծում եմ՝ այդպիսիք չկան։ Կամ, երեւի ճիշտ կլինի ասել, կան միայն զուտ անձնական իշխանության ձգտող անհատներ, բայց նորից եմ կրկնում՝ կուսակցական մակարդակով ես այդպիսիք չեմ տեսնում։

– Այսօր, երբ արդեն ԼՂՀ-ն ունի ազգընտիր իշխանություններ, հանրաքվեով մշակված քաղաքական կուրս, սեփական տարածքը վերահսկող ինքնապաշտպանության ուժեր, հնարավո՞ր եք համարում ԼՂՀ անկախության շուտափույթ միջազգային ճանաչումը:

– Դժվար է ասել, թե երբ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից կճանաչվի, բայց մենք, ունենալով հանրաքվեի արդյունքները եւ պետականությունը բնորոշող հատկանիշները, պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել։ Ես լիահույս եմ, որ կճանաչվի ԼՂՀ անկախությունը։ Բոլոր դեպքերում մենք գործելու ենք հանուն այդ նպատակի իրականացման։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives