March 28, 2024
  • Homepage
  • >
  • Multimedia
  • >
  • Photo
  • >
  • Բազմահազարանոց միտինգը պահանջեց կառավարության հրաժարականը

Բազմահազարանոց միտինգը պահանջեց կառավարության հրաժարականը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 23 հունիսի 1992թ.

Հունիսի 21-ի երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպած միտինգը, որին մասնակցեցին շուրջ 50 հազար մարդ, միակամ ու միաձայն պահանջեց Հայաստանի կառավարության հրաժարականը եւ Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը։ Հավաքված ժողովրդին տեղյակ պահվեց, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կազմակերպությունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը, Ազգային Ժողովրդավարական միությունը, Ազգային Ինքնորոշում Միավորումը, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Հայաստանի Քրիստոնեա–ժողովրդավարական միությունը, Սահմանադրական Իրավունք միությունը, բացառությամբ իշխող Հայոց Համազգային Շարժում կազմակերպության, քաղաքական խորհրդակցություններից հետո համաձայնել են հունիսի 22-ին կայանալիք խորհրդարանի նիստում պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջը։ Նրանք նաեւ համաձայնության են եկել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ եւ խորհրդարանում պիտի հանդես գան մեկ ճակատով։

Միտինգում ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիայի անդամ Ռաֆիկ Ղազինյանը, որը մասնակցել էր Շահումյանի պաշտպանական մարտերին, հայտարարեց՝ Շահումյանը չի պարտվել, եւ շահումյանցիները հերոսներ են մեծից փոքր։ Նա նշեց, որ «Գետաշենը եւ Շահումյանը այսօր մերը չեն՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական սխալ կուրսի պատճառով»:

«Հայաստանի իշխանությունները, փոխանակ կազմակերպելու Արցախի եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը, փորձում են քավության նոխազներ գտնել եւ իրենց մեղքը նրանց վրա բարդել»,– իր ելույթում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Շահումյանի անկման մեջ մեղադրել Շահումյանի շրջանի քաղաքական եւ մարտական ղեկավար Շահեն Մեղրյանին, որն այսօր էլ շարունակում է պայքարել Շահումյանի ազատագրության համար՝ չխնայելով իր կյանքը։

Այնուհետեւ ՀՅԴ անդամները եւ միտինգին հրավիրված այլ կազմակերպությունների ներկայացուցիչները անդրադարձան Հայաստանի տնտեսական, ընկերային, քաղաքական վիճակին, սահմանների պաշտպանվածության խնդրին։ Մասնավորապես, շեշտվեց, որ վերջին պարտությունները ռազմաճակատում եւ դիվանագիտական ոլորտում շարունակությունն են Հայաստանի իշխանությունների վարած ընկերային եւ տնտեսական քաղաքականության։ Շեշտվեց, որ տեղի է ունենում իշխանությունների ու տնտեսական մաֆիայի սերտաճումը, ինչը բերում է ազգային հարստության սանձարձակ թալանի։ Դրա արդյունքում իշխանությունները ծրագրում են անցկացնել սեփականաշնորհում, իրենց ձեռքում կուտակած դրամով գնել ամեն ինչ եւ փոշիացնել Հայաստանի տնտեսությունը։

ՀՅԴ անդամ Տիգրան Ճինբաշյանը իր ելույթում ընդգծեց, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Սփյուռքը այսօր ալեկոծված է ի տես վերջին իրադարձությունների։ Նա շեշտեց, որ ՀՅԴ-ի պահանջն է ստեղծել համահայկական կառավարություն՝ Հայաստանի նորաստեղծ պետականությունն ամրապնդելու եւ Արցախը պաշտպանելու համար:

Շրջանների ներկայացուցիչները իրենց ելույթներում անդրադարձան Հայաստանի պաշտպանության հարցին, նշելով, որ իշխանությունները մատը մատին չեն խփում ժողովրդի անվտանգությունը և հայրենիքի ամբողջականությունը պաշտպանելու համար: Բոլոր ելույթ ունեցողները քննադատության ենթարկեցին Հայաստանի կառավարությանը` իր վարած տնտեսական, ընկերային քաղաքականության, ճշմարիտ լրատվության ճնշման և սահմանափակման համար, շեշտելով, որ այդ կառավարությունը ի վիճակի չէ այլևս ղեկավարելու Հայաստանը և պիտի հրաժարական տա: Ընդգծվեց, որ ՀՅԴ-ն կառավարության հրաժարականը պահանջելով ձգտում է փոխել Հայաստանի քաղաքական կուրսը և այն ուղղել Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը, սոցիալական արդարության պահպանմանը և տնտեսական խնդիրների լուծմանը:

Սահմանադրական իրավունք միության նախագահ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանը և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սիմոն Շահազիզյանը ներկայացրեցին 7 կուսակցությունների համաձայնագրի տեքստը: Այնտեղ մասնավորապես շեշտվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Հրանտ Խաչատրյանը կուսակցությունների միջև համաձայնությունը «աննախադեպ» հայտարարեց` ժողովրդին կոչ անելով մեծ ուշադրություն դարձնել այդ իրադարձությանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives