March 28, 2024

Արցախում դարձյալ արյուն է հեղվում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 15 հունվարի, 1992թ., թիվ 8 (353)

Հունվարի լույս 14-ի գիշերը Ստեփանակերտը նորից գնդակոծվեց «Ալազան» և «Տ-12» ականներով: Քաղաքում նկատվում է մրսածության հիվանդությունների տարածում, հատկապես երեխաների շրջանում: 12-րդ օրն է, ինչ չի աշխատում հացի գործարանը: Լիովին սպառված են ալյուրի և վառելիքի պաշարները: Ահա արդեն չորրորդ ամիսն է, ինչ քաղաքը կապ չունի արտաքին աշխարհի հետ:

Տվյալները ճշտելուց հետո պարզվել է, որ հունվարի 13-ին Շահումյան շրջկենտրոնի գնդակոծման ժամանակ ադրբեջանական հատուկ ջոկատայինները, բանակային «ՆՈՒՐՍ» կայանքներից և 100 միլիմետրանոց հրանոթներից բացի օգտագործել էին տանկեր ու զրահամեքենաներ: Պարզվել են այնտեղ զոհված հինգ մարդկանցից չորսի անունները, դրանք են 65-ամյա Սիմոն Դադայանը, 18-ամյա Կարինե Ղահրամանյանը` մեկ տարեկան որդու հետ և 11-ամյա Վեներա Ներսիսյանը: 21 ծանր վիրավորներից 5-ը տեղափոխվել են Երևան: Շրջանում չկան դեղորայք և արյան փոխարկիչներ:

Երկրորդ օրն է, ինչ մոտակա ադրբեջանական գյուղերից անընդհատ գնդակոծվում է Հադրութ շրջկենտրոնը, որտեղ վիրավորվել է տասը մարդ: Այստեղ շտապ պահանջվում են բժիշկներ` վիրաբույժներ և վնասվածքաբաններ: Ինչպես մեզ հաղորդեցին հանրապետության առողջապահության նախարարությունից, Երևանի օդանավակայանում թռիչքի են սպասում մի խումբ նյարդավիրաբույժներ, վիրաբույժներ և վնասվածքաբաններ:

Խումբը Արցախ կհասցնի նաև անհրաժեշտ դեղորայք և վիրակապական նյութեր: Ներկայումս ԼՂՀ-ում աշխատում է Հայաստանի բժիշկների 23 բրիգադ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives