March 28, 2024

ԱՄՆ-ը որոշեց միջամտել ԱՊՀ-ում ծագած բախումներին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ.

Բոստոնից ՌԱԿ անգլիագիր պաշտոնաթերթ «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագիր Արա Գալաճյանը հաղորդում է.

«Վաշինգտոն պոստ» թերթի երեկվա՝ օգոստոսի 5-ի համարում լույս տեսած մի լրատվությունից պարզվում է, որ նախագահ Բիլ Քլինթոնը որոշել է դիվանագիտական բնույթի միջամտություն և միջնորդություն կատարել նախկին Խ. Միության այն հանրապետություններից կամ շրջաններից ներս, որտեղ տեղական կամ էթնիկական տարակարծություններ և հակամարտություններ կան:

Ամերիկյան կառավարության այս քայլը նպատակ ունի կանխարգելելու քաղաքական-ռազմական տիպի այնպիսի բռնկումները, որոնք կարող են ապակայունացնել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի իշխանությունը, ինչպես նաև ավելի լայնածավալ էթնիկական ու կրոնամոլական շարժումներ առաջացնել Թուրքիայում և Հարավային Ասիայում, պատրվակ կամ շարժառիթ ծառայելով ռուսական ռազմական միջամտության Ռուսաստանի սահմաններից դուրս, ինչպես գրում է «Վաշինգտոնի պոստը»:

Ներկայումս ռազմական հակամարտություններն առկա են Վրաստանում, Տաջիկստանում և Ադրբեջանում, ինչպես նաև էթնիկական և անջատողական միտումներ՝ Բալթյան հանրապետութուններում, Մոլդովայում և նույնինքն Ռուսաստանում, գրում է թերթը: «Որոշ պարագաներում, ավելացնում է «Վաշինգտոն պոստը», ուղղակի մեջբերում կատարելով ամերիկյան կառավարության բանբերից, ռուսական բանակի զորամիավորումները կողմ են դարձել» այդ հակամարտություններում:

Ռուսաստանի արտգործնախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնատարներ վերջին ամիսներին իրենց մտահոգությունն են արտահայտել զինված այնպիսի հակամարտությունների նկատմամբ, Մ. Նահանգներից ու ՄԱԿ-ից խնդրելով կազմել միջազգային խաղաղարար այնպիսի ուժեր, որոնց պարտականությունը լինի տեղավորվել և հսկել Ռուսաստանի այն սահմանների վրա, որտեղ առկա են էթնիկական կամ անջատողական միտումներն ու հակամարտությունները: Ամերիկյան կառավարությունը, սակայն, դեռևս իր հավանությունը չի տվել նման առաջարկներին, քանզի Վաշինգտոնում չեն կարծում, որ Ռուսաստանից բացի ուրիշ որևէ պետություն չի կարող նման խաղաղարար ուժի համար զինվոր հայթայթել, գրում է թերթը:

Մ. Նահանգների պետվարչության որդեգրած այս նոր ուղղության առաջին գործնական արտահայտությունն է պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերի կողմից վերջերս կատարված նշանակումը: Այսպես՝ Ջեյմս Քոլլինզը, որ Մոսկվայում Մ. Նահանգների դեսպանի առաջին տեղակալն է, նշանակվել է տարածաշրջանային գործերի համակարգող՝ նախկին խորհրդային հանրապետությունների տարբեր շրջանների համար: Նա ստորադասը պիտի լինի շրջուն դեսպան Ստրոբ Թալբոտի, նախկին Խ. Միության նորանկախ երկրների գծով Մ. Նահանգների գրասենյակում:

Ամերիկյան կառավարության բանբերներից մեկի համաձայն, Քոլլինզի գլխավոր աշխատանքն է լինելու «դիվանագիտական միջնորդությունը», սակայն միայն այն պարագայում, երբ տարակարծության կամ հակամարտության մեջ գտնվող կողմերն իրենք ցանկանան նման միջնորդությունը, եզրակացնում է թերթը:

Մեր կողմից ավելացնենք, որ «Ազգ» երեկվա համարում «Ուոլ Սթրիթ Ջըռնըլ» թերթից թարգմանված Կարլա Անն Ռոբինսի հոդվածում արդեն խոսվում էր ԱՊՀ սահմաններում լուռ դիվանագիտությամբ հարցերը կարգավորելու Քլինթոնի նոր քաղաքականության մասին: «Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives