December 6, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Տեսակցություն Չերչիլի հետ

Տեսակցություն Չերչիլի հետ

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ավետիս Ահարոնյան

Լոնդոն, հունվար 8, 1920թ.

Տեսակցությանս նպատակն էր նրանից խնդրել մեր բանակի համար զենք և ռազմամթերք։

Ես նրան ասացի — Պր. նախարար, այս պատերազմի ընթացքում հայերը երկու անհերքելի ապացույցներ տվին — 1. անվերապահ կերպով անձնվեր եղան Դաշնակիցներին, 2. Գիտեն արիաբար կռվել, երբ նրանց տրվին անհրաժեշտ միջոցները։

Տարաբախտաբար զինադադարի շրջանում Դաշնակիցները պետք չտեսան հայ ժողովրդի այդ երկու տվյալները ի սպաս դնել Արևելքի խաղաղության գործին և Հայաստանի ազատության։ Մեր բոլոր դիմումները՝ մեր զորքին օգնություն հասցնելու մասին, մնացին անհետևանք։ Այժմ, երբ բոլշևիկների առաջխաղացումով Արևելքը կանգնած է ընդհանուր շփոթի նախօրյակին, որից պիտի տուժեն ոչ միայն հայկական, այլև Դաշնակիցների և մասնավորապես՝ Անգլիայի շահերը, կարծում եմ, որ բանակի վերակազմությունը պետք է նկատվի անհետաձգելի։

Խնդրեմ այս առթիվ նկատի առնել, որ Մուստաֆա Քեմալն իր հրոսակախմբերով հարավից սպառնում է թե՛ Հայաստանի, և թե՛ Դաշնակիցների շահերին։ Արևելքում Ադրբեջանը, թուրքերի բնական դաշնակիցը, օգտվելով Հայաստանի ծանր դրությունից և Դաշնակիցների անտարբերությունից, գրավեց Ղարաբաղի բարձրավանդակը, որտեղից նա սպառնում է Հայաստանին։

Մյուս կողմից առաջանում են բոլշևիկները, որոնց առաջ բերած շփոթը կարող է ազդանշան դառնալ թուրքերի և թաթարների Հայաստանի վրա հարձակման՝ պանթուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարը իրականացնելու համար։

Նկատելով այս բոլոր պայմանները՝ ես շատ եմ խնդրում, որ վերջապես հնար տրվի մեզ վերակազմելու մեր բանակը, հասցնելով այն մինչև 40 հազարի։ Նման մի ուժ միայն կարող է ազատել հայ ժողովուրդը անխուսափելի կատաստրոֆից։ Խնդրում եմ Ձեր աջակցությունը։

Չերչիլ պատասխանեց — Ես ըմբռնում եմ դրության լրջությունը։ Ցավում եմ, որ ես մենակ իրավասու չեմ Ձեզ գոհացում տալու։ Եթե ես այդչափ իրավազոր լինեի, Դենիկինը այդպես չէր պարտվի։ Տարաբախտաբար, պետությունները չուզեցին հասկանալ, որ Դենիկինի գոյությունը ամենքին հարկավոր է։ Նա մի հովանոց էր, որ շատերին էր ծածկում։ Մենք պետք եղած օգնությունը չհասցրինք նրան։ 20 մետր անդունդի վրա 10 մետր տախտակ չեն ձգի։ Արդյունքը մեր աչքի առաջն է։ Հուսամ՝ պետությունները շուտով կզգաստանան։ Բարեբախտաբար Դենիկինի զորությունը իսպառ փչացած չէ։ Նա նահանջել է բավական կանոնավոր կերպով։

Գալով ձեր խնդրին՝ հավատացեք, որ ծանոթ եմ ձեր զոհաբերություններին և սրտանց համակիր եմ ձեզ։ Իսկույն ներկայացրեք ինձ մի նոթ՝ ձեր պետքերի համար։ Ես երկու օրում կուսումնասիրեմ ձեր պահանջները և իսկույն կներկայացնեմ մեր կառավարության։ Խոստանում եմ լինել ձեզ համար լավ կանալ (միջնորդ)։

Ես պատասխանեցի — Պր. նախարար, ես կխնդրեի, որ լինեիք ոչ միայն կանալ, այլև փաստաբան մեր պետքերի և մեր վիճակի։

Չերչիլ — Իսկույն ներկայացրեք Ձեր նոթը։ Ես խոստանում եմ անել այն, ինչ որ ինձանից է կախված։ Եվ խնդրեմ, հավատացեք իմ խոր համակրանքին դեպի հայ ժողովուրդը։

Չերչիլ երիտասարդ և եռանդուն մարդ է և խիստ համարձակ իր որոշումների մեջ։

Մեկնելուց առաջ ես նրան թողեցի մի Note verbal (հուշագիր) մեր զրույցի մասին և հաջորդ առավոտն իսկ ես նրան ուղարկեցի մեր զինվորական պետքերի համար զորավար Ղորղանյանի պատրաստած մի փաստաթուղթը՝ քառասուն հազարանոց մի բանակի պահանջի վերաբերյալ։ Նույն օրը վերադարձա Փարիզ, ուր եկան նաև Անգլիայի կարևոր նախարարներ՝ Լլոյդ Ջորջի հետ միասին։

(Ավետիս Ահարոնյան, Սարդարապատից մինչև Սևր և Լոզան. Քաղաքական օրագիր, Բոստոն, 1943թ.)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives