December 3, 2024

Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը ճանաչված

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Ժողովուրդ, Երևան

Ժողովուրդ, 14 հունվարի, 1920թ., թիվ 4

Թիֆլիսից ստացված պաշտոնական տեղեկությունների հիման վրա, դաշնակիցների Գերագույն խորհուրդը ճանաչել է Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը։ Սա մի խոշոր քաղաքական երևույթ է ոչ միայն Անդրկովկասյան մասշտաբով, այլև համաշխարհային պատմության ընթացքի տեսակետից։

Երկու փոքր ժողովուրդներ, ի հետևանք ռուսական հեղափոխության, ազատագրվելով օտարի լուծից, այժմ աշխարհի բախտը տնօրինողների կողմից ճանաչվում են անկախ և ազատ։

Մենք ի սրտե ողջունում ենք մեր հարևան ժողովուրդների ազատագրության արշալույսը ոչ միայն այն պատճառով, որ մենք միշտ եղել ենք ջերմ կողմնակից մանր ազգերի ինքնորոշման իրավունքի, այլև այն, որ հայ ժողովրդի ճշմարիտ հասկացված շահերը այդ են պահանջում։

Անկախ Հայաստանը այն ժամանակ միայն կարող է նորմալ կերպով զարգանալ, եթե անկախ լինեն և նրա հարևան վրացի և թուրք ժողովուրդները, Անդրկովկասյան ժողովուրդների համերաշխությունը կենսական պահանջ է նրանց շահերի համար, ահա այն տեսակետները, որոնք շարունակ պաշտպանել է մեր կուսակցությունը և որոնք այժմ իրագործվում են կյանքի մեջ։

Մյուս կողմից Վրաստանի և Ադրբեջանի ճանաչվելը խոշոր երևույթ է համաշխարհային քաղաքական կյանքի գլխավոր ուժերի դասավորության տեսակետից։

Երկարատև պայքարից հետո հաղթանակեց անգլիական տեսակետը Ռուսաստանի և մասնավորապես Անդրկովկասի վերաբերմամբ, որով դաշնակիցները պիտի ճանաչեն բոլոր մանր ազգային պետական միավորները նախկին Ռուսաստանի սահմաններում։

Բոլշևիկների վերջին խոշոր հաջողությունները, հակաբոլշևիկյան ուժերի ջախջախվելը, ինչպես նաև Անդրկովկասյան երկրների անկախության ճանաչվելը, անհնար են դարձնում, որ Ռուսաստանը շուտով վերականգնի և խաղա պատերազմից առաջ ունեցած իր դերը։

Հետևապես, Մերձավոր Արևելքում գերիշխող դեր պիտի կատարի այսուհետև Անտանտան, այսինքն այն ուժերը, որոնց հետ հայ ժողովուրդը պատերազմի սկզբից կապել է իր բախտը, այն ուժերը, որոնք մեծ համակրանքով են վերաբերվում դեպի մեր դատը։

Անկախ Վրաստան և Ադրբեջան — ազդանշանն են, որ Միացյալ Հայաստանի անկախությունը շուտով պիտի ճանաչվի։

Ահա թե ինչու այսօր հայ ժողովուրդը իր հարևան վրացիների և թուրքերի հետ միասին պիտի ցնծա, որովհետև այդ փաստի մեջ պիտի տեսնի իր դարավոր իղձի շուտափույթ իրականացումը։

Կեցցե անկախ Վրաստանը։
Կեցցե անկախ Ադրբեջանը։ Կեցցե Միացյալ և անկախ Հայաստանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives