«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)
Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթը «Բեկորի հիշատակին» խորագրի ներքո հրապարակել է Մկրտիչ Փարոս Մկրտչյանի «Շուշվա առումը» վավերագրական ակնարկը։ «Մայիսի յոթի լույս ութի գիշերը բոլոր վաշտերն ու դասակները, խմբերն ու ջոկերը անհրաժեշտ դիրքեր գրավեցին,– գրում է Մկրտչյանը։ – Տրվեց լայն ճակատ հարձակման անցնելու հրաման։ Սկսվեց գրոհը ազերիների կողմից ռազմական ամրոցի վերածած Շուշիի վրա, սկսվեց հինավուրց բերդաքաղաքի ազատագրումը։ Բեկորին հանձնարարված էր գիշերը վաշտը դուրս բերել Շոշ գյուղից դեպի հարավ-արեւմուտք ձգվող Մեծ Ձորի բարձր դիրքերն, կտրել բոլոր ճանապարհները եւ ընդհանուր ուժերի հետ համատեղ անցնել հարձակման։ Դա Շուշիի արեւեյան դարբասն էր ճանապարհ անդնդախոր ձորի, միջով»…
Այնուհետեւ, տալով մարտի եւ քաղաքի ազատագրման նկարագրությունը, հեղինակը ներկայացնում է նաեւ Ազատամարտիկի համառոտ կենսագրականը։ Կարծում ենք, հայաստանցի ընթերցողն էլ վերհիշելու կարիք ունի։ Աշոտ Ղուլյան-Ասկոլկա (Բեկոր) (1959-1992). մասնակցել է Արցախում մղված գրեթե բոլոր մարտերին՝ Ասկերան, Մալիբեյլի, Խոջալու, Սրխավենդ, Լեսնոյ, Կրկժան, Շուշի, Լաչին, Մարտակերտ… Արցախում եւ Մայր Հայաստանում լեգենդ է դարձել: Վիրավորվել է 11 անգամ, եւ ականի, հրթիռի, արկի եւ այլնի բեկորները նրա մարմնի մեջ էին, գլխի մաշկի տակ: Երբ հորդորում էին բեկորները հանելու համար դիմել բժշկի, պատասխանում էր. «Այս մարտին էլ մասնակցեմ, այս մի գյուղն էլ ազատենք, հետո»… Նա բեկորները հանելու ժամանակ չունեցավ։
Սփյուռքահայ մամուլը մեծ ուշադրություն է դարձնում Արցախի պայքարին։ Տպագրվում են ազատամարտի ել ազատամարտիկների մասին պատմող տեղեկություններ, հարցազրույցներ, դիմանկարներ, վերլուծություններ։ Ըստ ամենայնի վեր է հանվում արցախյան հանգրվանի տեղն ու դերը Հայ Դատի ընդհանուր ծիրի մեջ։ Կանադայի «Հորիզոն» թերթը վերջերս լույս է ընծայել մի ընդարձակ հավելված՝ «Հայացք Ղարաբաղեան շարժման հինգ տարիներուն վրայ» խորագրով։ Հավելվածն ընդգրկում է հերոսամարտի 92 թվականի ժամանակագրությունը, տպագրվել են նահատակ ազատամարտիկներ Սիմոն Աչիկգոզյանի, Թաթուլ Կրպեյանի, Աշոտ Ղուլյանի, Վիգեն Զաքարյանի եւ այլոց լուսանկարները։ Ղարաբաղյան շարժման ձեւավորման եւ «Ղարաբաղ» կոմիտեի մասին պատմող հարցազրույցներ են հրապարակվել Սամսոն Ղազարյանի,Արմեն Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի, Բակուր Կարապետյանի, սփյուռքահայ ազատամարտիկի հետ։ Կուզենայինք հայաստանցի ընթերցողին ծանոթացնել վերջինիս մտքին. «Բավականին ժամանակ Դաշնակցությունը գրեթե միակն էր, որ Ղարաբաղի բոլոր ներդրումները կկատարեր։ Դաշնակցությունը ամեն ձեւով օգնած է Ղարաբաղի. թերեւս ասկե մեկ-երկու տարի առաջ գաղտնիք էր, որ Դաշնակցությունը զենք ուղարկած է Ղարաբաղ… Մեր ընկերները կրցան ժողովրդին տալ մեկ գաղափար։ Առաջ ղարաբաղցին կհավատար, որ առանց Հայաստանի ինքը ոչինչ կրնա ընել, բայց այսօր այդպես չէ. այսօր ղարաբաղցին է Ղարաբաղը պահողը, անշուշտ կա նաեւ Հայաստանեն օգնությունը»…
Հավելվածում տպագրվել են նաեւ Վրեժ-Արմենի, Հայդուկ Շամլյանի եւ այլոց բանաստեղծությունները՝ նվիրված ազատամարտիկներին։