July 27, 2024

Պոլյանիչկոյի սպանության հանգամանքները դեռևս մութ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ.

Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի կարգադրությամբ, օս-ինգուշական հակամարտության գոտում ժամանակավոր վարչակազմի  ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-գնդապետ Յուրի Շատալինը: Այդ մասին հայտնեց ինքը՝ Շատալինը, երկուշաբթի օրը Վլադիկավկազում  ժամանակավոր վարչակազմի նախկին ղեկավար Վիկտոր Պոլյանիչկոյի, ինչպես նաև Վլադիկավկազի կայազորի պետ Անատոլի Կորեցկու և ավագ լեյտենանտ Վիկտոր Կրավչուկի սպանության առիթով կայացած հանրահավաքում: Շատալինը արդեն գլխավորել է Հյուսիսային Օսիայի և Ինգուշիայի արտակարգ դրության գոտու արտակարգ ժամանակավոր վարչակազմն այս տարվա մարտից մայիս: Ինչպես հանրահավաքում հայտնեց Յուրի Շատալինը, զոհվածներին հրաժեշտ կտրվի Մոսկվայում, Խորհրդային բանակի կենտրոնական տանը, իսկ թաղումը տեղի կունենա օգոստոսի 4-ին Նովոդեվիչի գերեզմանատանը: Շատալինը սգո հանրահավաքի մասնակիցներին խոստացավ հնարավոր ամեն ինչ անել Հյուսիսային Օսիայում և Ինգուշիայում կայուն խաղաղության հաստատման համար:

Վիկտոր Պոլյանիչկոյի սպանությունն այսօր զանգվածային լրատվական միջոցներում քննարկվող ամենահրատապ թեմաներից է: Ռուսական հեռուստատեսության երեկ եթեր արձակած «Լուրեր» ծրագրից տեղեկանում ենք, որ Պոլյանիչկոն մեծ ժողովրդավար էր, մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպան, մեծ հոգու տեր մարդ: Միգուցե իրո՞ք…

Հետմահու, ինչպես ասում են …

Հյուսիսային Օսիայի Գերագույն խորհուրդը և կառավարությունը հանրապետության բազմազգ բնակչության անունից ցավակցություն հայտնեցին Պոլյանիչկոյի սպանության կապակցությամբ: Ռուսաստանի ղեկավարությանը հասցեագրված հայտարարությունում ասվում է, որ սպանությունը նախապատրաստված էր ծայրահեղականների կողմից, որոնք շահագրգռված չեն իրավիճակի կայունացմամբ: Հյուսիսային Օսիայի ղեկավարությունը հավաստել է, որ մարդասպանները կբացահայտվեն:

Ռուսաստանի վարչապետի տեղակալ Սերգեյ Շախրայը, որը մինչ սպանության բոլոր հանգամանքների պարզվելը մտադիր է մնալ Հյուսիսային Օսիայում, այն միտքն է արտահայտվել, թե չի կարելի խոսել ինգուշների կամ օսերի՝ սպանությանը մասնակցելու մասին, քանի դեռ քննությունը դա չի ապացուցել: Նա նաև նշել է, որ մարդասպանները ազգություն չունեն: Քննությունը վարելու է Մոսկվայից ժամանած քրեագետների խումբը: Կարծիքներ են հայտնվում, որ այն կտևի ընդամենը մի քանի օր:

Հյուսիասյին Օսիայում և Ինգուշիայում ժամանակավոր վարչակազմի ղեկավար Վիկտոր Պոլյանիչկոն սպանվել էր Տարսկոյի բնակավայրի ճանապարհին, որ նա ուղևորվում էր բանակցությունների ինգուշների կողմից զավթած զենքի ու զինամթերքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Ջեյրախի կիրճում ինգուշական զինված ջոկատները զինաթափել էին 32 ռուս զինվորների, առգրավելով 25 ավտոմատ, 4 ականանետ: Այդ ամենը վերադարձնելու համար նրանք պահանջել էին 40 մլն ռուբլի: Եվ չնայած գեներալ-գնդապետ Յուրի Շատալինը դեմ էր Պոլյանիչկոյի ուղևորությանը, այն կայացավ:

Ինչպես հայտնում են լրատվական միջոցները, վերջին րոպեներին երթուղու մեջ փոփոխություն է տեղի ունեցել, որի հետևաքով Պոլյանիչկոյի մեքենան մնացել է առանց 3 զրահամեքենաների պաշտպանության: Առայժմ չեն պարզվում երթուղու փոփոխության հանգամանքները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives