July 27, 2024

«Պետական այլախոհության» կարկատաններ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)

Խմբագրական

Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության ծրագրերը ու խնդիրները միշտ էլ շղարշված են եղել անորոշության և անհայտության խորհրդավոր քողով: Հայաստանի քաղաքացիների համար այդպես էլ պարզ չէ, թե իշխանությունները ինչ քաղաքական կուրս են որդեգրել և ինչ հաջորդականությամբ են այն իրագործելու: Բայց վերջին շրջանում իշխանությունների քաղաքական գործելակերպի մեջ նկատվում է նոր ու ապակողմնորոշող դրսևորումներ, որոնք առնվազն տարակուսանք են հարուցում: Խնդիրն այն է, որ իշխանության տարբեր մակարդակներում արտահայտվում են տեսակետներ ու կարծիքներ, որոնք ոչ միայն իրարամերժ են, այլև արժանանում են պաշտոնական քննադատության: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ամենաբարձր ատյաններում աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը:

Վերջերս արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Ստանբուլում, իսկ հետո նաև Նյու Յորքում քննադատեց Ղարաբաղի հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքականությունը: Թվում էր, թե Հայաստանի իշխանություններն արել են անհրաժեշտ հետևություններ և այսուհետև վարելու են ազգային շահով պայմանավորված արտաքին քաղաքականություն: Բայց այդ երևույթին անմիջապես հետևեցին պաշտոնական հերքումներ ու քննադատություններ, որոնցից կարելի է եզրակացնել՝ իշխանությունները մի շարք մի շարք հիմնարար հարցերում միասնական տեսակետ չունեն: Հիմա էլ, պարզվել է, որ նախագահական դիրքորոշման ներկայացուցիչները «քննադատել են» արտասահմանյան տեղեկատվական գործակալության կողմից աղճատված մատուցված լուրը, ուր Րաֆֆի Հովհաննիսյանին «անանկ բաներ» վերագրվել: Մի խոսքով իրար բոլորովին «չեն հանդիպում» ու կարծես նման մտադրություն էլ չունեն: Կասկածից վեր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վճռական նշանակություն ունի մեր միջազգային հեղինակության ձևավորման գործում և զարմանալի է, որ հանրապետության արտգործնախարարն ու նախագահը նախապես չեն ճշտում իրենց տեսակետները:

Կարելի էր կարծել, թե միջադեպը «վրիպակ» է: Բայց «անհամաձայնությունների ու բազմակարծիքության» շղթան ձգվում է: Պաշտպանության պետնախարար Վ. Մանուկյանը հոկտեմբերի 3-ի իր հեռուստաելույթում նշեց, որ ստեղված իրավիճակում անհրաժեշտ է մտցնել արտակարգ դրություն և ԼՂՀ-ի պաշտպանության համար վճռական գործողությունների դիմել: Թե պաշտպանության պետնախարարի տեսակետը որքանով է հիմնավորված, այլ հարց է: Զարմանալին երևույթի կրկնությունն է: ՀՀ նախագահի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը այս կապակցությամբ նշում է, որ «կառավարության ամեն մի անդամ իրավունք ունի հայտնել իր տեսակետը ցանկացած հարցի շուրջ: Սակայն դրանք կարող են քաղաքականություն դառնալ միայն Գերագույն խորհրդի և նախագահի կողմից քննարկելուց հետո»: Ինչ խոսք: Բայց տարակարծությունների այս հրավառությունը ոչ այնքան ժողովրդավարության մասին են վկայում, որքան խառնաշփոթի:

Բացառված չէ, որ այդ հակասությունները թվացյալ են և արվում են ինչ-ինչ քաղաքական խաղի կանոններով: Բայց չէ՞ որ կարելի էր գտնել ավելի ընդունելի ձևեր: Ի վերջո, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ այդ երևույթը բացասաբար է անդրադառնալու հանրապետության ներքին կայունության վրա: ԵՎ այս ամենը այնքան տագնապ չէր հարուցի, եթե ներազգային «խոհանոցում» քիչ թե շատ ճշգրտությամբ պարզ լիներ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության դոկտրինան:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives