December 5, 2024
  • Homepage
  • >
  • Multimedia
  • >
  • Photo
  • >
  • Պավել Գրաչով. Վազգեն Սարգսյանն ու Ռաֆիմ Ղազիևը ինձ եղբայր են անվանում

Պավել Գրաչով. Վազգեն Սարգսյանն ու Ռաֆիմ Ղազիևը ինձ եղբայր են անվանում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Ազգ, 30 սեպտեմբերի, 1992թ.

Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը իր մոտ՝ մերձմոսկովյան զինվորական հիվանդանոց էր հրավիրել մի խումբ թղթակիցների՝ Ելցինի հանձնարարությամբ տեղեկացնելու համար Սոչիում տեղի ունեցած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Ղազիևի, Սարգսյանի և Կիտովանիի հետ հանդիպման արդյունքների մասին: Հանդիպմանը մասնակցել էր նաև Ռուսաստանի անվտանգության նախարար Վիկտոր Բարաննիկովը:

— Իսկ դուք հավատո՞ւմ եք համաձայնության հաջողությանը,— հարցրեց թղթակիցներից մեկը:

— Իրոք, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ նախաձեռնություններ շատ են եղել: Սակայն ամփոփիչ փաստաթղթերը չէին հաստատվել կոնկրետ թվերով և փաստերով,— պատասխանեց նախարարը: — Եթե այս ծրագիրն էլ չիրականացվի, ապա ելքը մեկն է՝ խաղաղարար ուժեր մտցնել՝ կամ միայն ՄԱԿ-ի, կամ ԱՊՀ զորքերի հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղը պաշարել ամբողջ պարագծով, օգտագործելով հակաօդային պաշտպանության ավիացիան, ելուզակային հարձակումները ետ մղել հրետանու միջոցով, և Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել Նյու Յորք, Անվտանգության խորհուրդ և փորձել համոզել նրանց: Երկու նախարարներն էլ կովկասցի են,— շարունակեց Գրաչովը: — Նրանց հետ հանդիպումից առաջ էլ եմ շփվել և մեկը, և մյուսը ինձ եղբայր են անվանում: Դե, եթե ցանկանում եք ինձ միշտ այդպես անվանել, կատարեք ձեր խոստումը: Իմիջիայլոց, մեր բանակցությունները նկարահանվում էին:

Ինչպես ասաց Գրաչովը, Տեր-Պետրոսյանի և Էլչիբեյի հետ զրույցներից հետո ինքը հասկացել է, որ նրանք ձանձրացել են կռվելուց: Նախարարն ընդգծեց, որ իրականացավ իր կանխագուշակումը՝ սպասարկման գործում անգրագիտությունը բերեց տեխնիկայի մեծ մասի անսարքության: Հայաստանում մնացել է 40-50 տոկոս տեխնիկա, Ադրբեջանում՝ 20-30: Եվս երկու-երեք ամիս՝ և երկուսն էլ կկանգնեն զրոյի վրա ու կհայտնվեն Ռուսաստանում պահեստամասերի խնդրանքով:

Գեներալ Գրաչովն անդրադարձավ նաև Աբխազիայի իրադարձություններին:

— Սարգսյանի և Ղազիևի մեկնելուց հետո մնացինք երեքով՝ ես, Բարաննիկովը և Կիտովանին,— ասաց Գրաչովը: Աշխատեցինք ամբողջ գիշեր, գուցե դրանից էլ սիրտս վատացավ և ստիպված եմ հիմա բուժվել հիվանդանոցում: Ափսոս, որ հանդիպմանը չմասնակցեց Աբխազիայի զինված ուժերի հրամանատարը: Չգիտես ինչու, նա միշտ ստվերում է: Իհարկե, այս հակամարտության մեջ Վրաստանի մեղքը մեծ է, նրա բանակը հենց այնպես չի վարում մարտական գործողություններ աբխազական կազմավորումների դեմ, տեղի են ունենում կողոպուտներ, խուլիգանություն: Միլիցիայի անգործությունից օգտվում են հանցավոր աշխարհի մարդիկ… Մի խոսքով, Կիտովանին երկար ժամանակ հապաղելուց հետո ստորագրեց համաձայնություն այն մասին, որ Աբխազիայում երկկողմանի հանձնաժողովի գործունեությունն սկսվելուն պես, որը կօժանդակի միլիցիային, Վրաստանի զորքերը դուրս կբերվեն այնտեղից: Դրանից հետո աբխազական կողմը պետք է զինաթափի բոլոր զինված կազմավորումներին և դուրս բերի Վրաստանի սահմաններից: Կիտովանին համաձայնեց Գագրան և Պիցունդան հայտարարել հակամարտությունից դուրս գոտի: Մենք էլ մեր հերթին կօգնենք ականազերծել օբյեկտները, կազմակերպել երկաթգծով և խճուղով երթևեկությունը դեպի Հայաստան:

— Իսկ զինվորականները չե՞ն փոխարինի քաղաքագետներին:

— Նախ և առաջ, բոլոր նախարարները գործում են միայն իրենց նախագահների գիտությամբ: Երկրորդ՝ երկու համաձայնություններում էլ չկա և ոչ մի քաղաքական կետ: Մենք նոր ենք սկսել աշխատել: Այժմ պետք է սկսեն գործել արտգործնախարարները, կառավարությունների փորձագետները և, իհարկե, նախագահները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives