July 26, 2024

Ով չլսի ականջով, կլսի թիկունքով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)

Արծվաշենը հանձնեցին…

Մեր նախագահը դիմումներ է գրում կոլեկտիվ անվտանգության վրիժառու սեփականատերերին, արտաքին գործերի նախարարությունը նոտաներ է հղում, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը հարկ չի համարում ինչ-որ մի քանի քառակուսի կիլոմետրի համար Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, եւ գուցե մոտ օրերս պաշտպանության նախարարը հանդես կգա հերթական արդարացումներով։

Դու էլ, հայրենակից, շարունակի՜ր քո առեւտրական ուղեւորությունները դեպի Չինաստան, Ռումինիա, Թուրքիա, օրվա հացդ մի կերպ վաստակելու համար թքի՛ր բարոյականության ու պատվի բոլոր նորմերի վրա, սպանի՛ր հարեւանիդ, եթե նա ավելորդ խոսք է ասում կամ ծուռ նայում սեղանիկաշուկայական «քաղաքականությամբ» ձեռք բերված ունեցվածքիդ, դեն նետիր ինտելիգենտի թիկնոցը եւ ապրիր ամենավերջին ստահակի պես։

Չէ՞ որ քեզ համար հիմա շատ ավելի կարեւոր է մեքսիկական էժանագին-տափակ ֆիլմի հերոսուհի Մարիաննայի ճակատագիրը, քան ողբերգական կացությունը արցախցիների, արծվաշենցիների, գորիսցիների, իջեւանցիների, տավուշցիների…

Ավա՜ղ, խոսքերիս մեջ չափազանցության նշույլ չկա, այլապես ո՞ւր է չքացել քո ազգային ինքնասիրությունը։

Այդ դու չէի՞ր 88 թվին սասանում ամենազոր Միության հիմքերը քո համազգային շարժումով, քո զավակները չե՞ն այսօր զոհվում Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում, քո քույրերը չե՞ն բռնաբարվում ու մորթվում ենիչերի հարեւանիդ ձեռքով։

Հասկանում եմ. հատկապես քո՛ արյունը շարունակող զավակները չեն եւ քո՛ քույրերն ու եղբայրները չեն։ Ուրեմն, նստիր հանգիստ քո տանը եւ պաշտպանիր նախագահիդ խաղաղության ազգասպան քաղաքականությունը, ուրախացիր նաեւ, որ հազարների կաշառքով ազատեցիր որդուդ ռազմական ծառայությունից։ Եվ խեթ հայացքով նայիր այն մարդկանց, որոնք ասում են, թե սա իշխանություն չէ, այլ Աստծո պատիժ, թե քաղաքակիրթ երկրներում տարածքային կորուստ ունենալու դեպքում կառավարությունն անմիջապես հրաժարական է տալիս։

Նստիր եւ հանգիստ վայելիր այնքան ժամանակ, քանի դեռ Էլչիբեյը Սեւանամ չի լողացել, եւ քանի դեռ նրա կանոնավոր բանակի զինվորը չի կանգնել դռանդ շեմին։

Իսկ մինչ այդ համբերությամբ սպասիր Մեդրու հանձնմանը, ականատեսը դարձիր անձնազոհ ջոկատների (ոչ քո ազգային բանակի) մի բուռ քաջերի նոր հուղարկավորականներին եւ մի կերպ հաց գնելուց հետո նորեն փակվիր քո պատյանում։ Եվ իբրեւ օտարի խոսք լսիր զորավարիդ պատգամը, որ ասում էր, թե ամեն անգամ, գլուխդ բարձին դնելիս, գեթ մի պահ մտածիր ազգիդ մասին։

Մտածիր, հայրենակի՛ց, քանզի վաղն արդեն ուշ է լինելու քո եւ քեզ նմանների համար։ Իմացյալ մահվամբ ապրողները գիտեն, որ վաղուց է վտանգված ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ, եւ որոշել են իրենց անելիքը։

Հետեւիր նրա՛նց, այլապես թշնամին ինքն է հասու դարձրել մեզ այն ճշմարիտ խոսքերի իմաստին, որ սիրում էին կրկնել մեր նախնիները. «Ով չլսի ականջով, կլսի թիկունքով»…

Դավիթ Պետրոսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives