November 2, 2024

Ողջունում ենք հիմնադիր ժողովի ընտրությունները

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 12 նոյեմբերի, 1917թ., թիվ 242

Այսօր Թիֆլիսում և շատ տեղերում սկսվում են Հիմնադիր Ժողովի պատգամավորների ընտրությունները։

Այսօր Ռուսաստանի ազգաբնակությունը կոչվում է արտահայտել իր կամքը՝ մի նոր ռեժիմ սահմանելու համար, մի նոր ռեժիմ, որ կարողանա տալ ժողովրդին ազատություն, լույս ու հող, որ կարողանա սահմանել սոցիալական նոր, արդար կարգեր, որ վերածնության կանչե ժողովրդի լայն աշխատավոր խավերը և զանգվածները և մասնակից անե նրանց երկրի կառավարության գործին։

Այսօր լայնածավալ, բազմացեղ, բազմալեզու Ռուսաստանը գալարվում է անիշխանության, կազմալուծման ճիրաններում. այսօր արտաքին ոխերիմ թշնամին, մտած երկիրը, սպառնում է ջնջել հեղափոխության կատարծ նվաճումները, իսկ ռեակցիան, իրան զենք ունենալով անիշխանությունը, երկրի սոսկալի քայքայումը, ձգտում է վերականգնել հին ռեժիմը։ Այսօր երկիրը տեր չունի, և ժողովրդի տականքները, սինլքորային մասերը գլուխ են բարձրացնում հարստահարելու աշխատավորներին, հղփանալու հափշտակության և կողոպտումների միջոցով։

Ժողովուրդը տանջված է և հուսահատված. չկա մի հեղինակավոր իշխանություն, որի ձայնին լսեին ամենքը։

Այդ հեղինակավոր իշխանությունը պետք է տա, այդ քայքայման և կազմալուծման վերջ պետք է դնի, նոր սոցիալական արդար կարգերով ռեժիմ պետք է սահմանե Հիմնադիր Ժողովը, եթե սա կանգնած լինի իր կոչման բարձրության վրա։

Իսկ կոչման բարձրության վրա կանգնած կլինի, եթե ժողովուրդը ամենալայն կերպով արտահայտե  իր կամքը, իր իղձերը, մասնակցելով ընտրություններին և ընտրելով այնպիսի պատգամավորներ, ներկայացուցիչներ, որոնք լինեին իսկական արտահայտիչ ժողովրդի կամքի, իղձերի և հույսի, որոնք անկեղծորեն նվիրված լինեն աշխատավոր ժողովրդի շահերին։

Մասնավորապես Անդրկովկասը և հայ ժողովուրդը տուժում են ահռելիորեն՝ կենտրոնական իշխանության բացակայությունից, ուստի և Հիմնադիր Ժողովի ընտրությունները Անդրկովկասի և մեզ հայերիս համար կենսական նշանակություն ունեն։

Կարիք չկա բացատրելու հայ ընտրողներին, որ հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության տեսակետից պետք է հայ ընտրողները ձայն տան այն կուսակցության, որ իր վրա է առել ամբողջ հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանությունը, որ դասակարգային չէ, որ համազգային և համաժողովրդական է, որ առաջ եկավ հայ ժողովրդի մեջ «Մշակի», ուրեմն նրա հիմնադիր անմահ և ժողովրդասեր Գր. Արծրունու գաղափարները շարունակողների կողմից։

Այսօր մեր քաղաքական հասունության քննության օրն է։ Ցույց տանք, որ հասունացել ենք։

Հ. Առաքելյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives