May 8, 2021

Նոր և կարևոր հաջողություններ ԼՂՀ ռազմաճակատում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)

ԼՂ Հանրապետության պաշտպանության ուժերը նոր և կարևոր հաջողության են հասել Մարտունու և Հադրութի շրջանների սահմանահատվածում: Հոկտեմբերի 6-ին նրանց հաջողվել է երկարատև մարտերից հետո գրավել Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի մոտակայքում գտնվող Ուրյան լեռը, որտեղից հսկվում է Մարտունի-Ֆիզուլի ավտոճանապարհի մի զգալի հատվածը: Այն իշխում է նաև Մարտունու շրջանի առայսօր չեզոք գոտու, ինչպես նաև Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի ադրբեջանական կրակակետերի վրա: Լեռան գրավումը զգալիորեն թեթևացրել է հայերի վիճակը նաև Հադրութի ռազմաճակատում:

Միաժամանակ, շարունակվում են կատաղի մարտերը Լաչինի շրջանի հյուսիսային գոտում: Այստեղ թշնամին անընդհատ փորձում առաջ շարժվել: Հայկական կողմին հաջողվում է ետ մղել թշնամու գրոհները: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել հակառակորդի մեկ ռազմական ուղղաթիռը:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան և անցած գիշեր Ադրբեջանի ազգային բանակը Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներից սկսել է պատերազմական գոտում գտնվող և ԼՂՀ պաշտպանության ուժերի դիրքերի աննախադեպ ուժգին հրթիռա-հրետակոծությունը ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ Կիչանից մինչև Վանք: Միաժամանակ Աղդամի շրջանից հրթիռակոծվել է Ասկերանի սահմանամերձ գոտին, Ֆուզուլու շրջանի և Ղաջար գյուղի կողմից՝ Հադրութ ավանը, Էդիլլու գյուղը և Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանը: ԼՂՀ պաշտպանության ուժերը պատասխան գործողություններ են ծավալել Ղաջար գյուղում թշնամու կրակակետերը ճնշելու համար: Մտահոգիչ լուրեր են նաև ստացվել Լաչինի միջանցքից, որի հյուսիսային մասում նկատվում են թշնամու զինված ուժերի մեծ կուտակումներ: Անցած գիշեր այստեղից ադրբեջանցիները փորձել են առաջ շարժվել դեպի միջանցքի խորք, սակայն ետ են շպրտվել ԼՂՀ պաշտպանության ուժերի ջոկատների կողմից: Հոկտեմբերի 8-ի ցերեկը այստեղ շարունակվում էին դիրքային փոխհրետակոծումներ: Հոկտեմբերի 7-ի երեկոյան նորից խափանվել է ԼՂՀ էլեկտրամատակարարումը: Ինչպես Ա.Մ.-ի թղթակցին հայտնել են Ստեփանակերտի էլեկտրացանցի պատասխանատուները, հրետակոծության հետևանքով վնասվել են բարձր լարման էլեկտրալարերը: Սկսվել են նորոգման աշխատանքները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives