September 26, 2021

Միքայել Գրիգորյանը պարզաբանում է

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)

Մարտի 9-ին «Երկիր»–ում տպագրված «Ես հիացած եմ դատախազ Գեւորգյանի ճկունությամբ» հոդվածում ԳԽ պատ­գամավոր Աղասի Արշակյանը ի թիվս այլ փաստերի հիշատա­կում էր նաեւ իր, Թելման Գդլյանի եւ ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Միքայել Գրիգորյանի միջեւ կայացած մաս­նավոր խոսակցությունը, որը հետագայում հայտնի դառնալով գլխավոր դատախազիս՝ հասել էր մինչեւ խորհրդարան։ Հրապարակումից մի քանի օր անց Մ. Գրիգորյանը զանգահարեց խմբագրություն եւ հայտնեց, որ Արշակյանի հոդվածի վերա­բերյալ ինքը պարզաբանումներ ունի։ Մեր թղթակցին դատա­խազի առաջին տեղակալը հայտնեց հետեւյալը.

– Անհարկի է այդպիսի համառությամբ տակավին քննութ­յան ընթացքի մեջ գտնվող քրեական գործի տվյալներից չբխող մեկնաբանություններ անելը։ Խոսքը Ատբաշյանի գործի մասին է։ Հետեւելով անմեղության կան­խավարկածի սկզբունքին՝ մտա­դիր չեմ այդ գործով մեկնաբա­նություններ կատարել։ Սակայն «Երկիր»–ի հրապարակման կապակցությամբ կցանկանայի ասել. մինչ այժմ բոլոր հրապարա­կումները, որոնք առաջադրված մեղադրանքները համարել են անհիմն, անհեթեթ եւ միտումնա­վոր, ճիշտ չեն։ Ամենայն հավա­նականությամբ, այդ կարգի լրատվություն հրապարակողների տվյալների աղբյուրը ոչ թե քրեական գործն է, այլ կողմնակի են, իմ կարծիքով, ոչ անշահախն­դիր մարդիկ։ Կարող եմ միայն հայտնել, որ քրեական գործի քն­նությամբ տվյալներ են ձեռք բեր­վել, որ մեղադրյալների գործո­ղությունների հետեւանքով մեր պետությանը պատճառվել է խո­շոր գումարների, այդ թվում՝ տարադրամի վնաս։ Տեղի են ու­նեցել պետական գումարների վատնումներ։

Այժմ նյութում հոլովվող անձնական խոսակցության մա­սին։ Եթե անձնական խոսակցությունը ինչ-որ մեկին պատմելը բարոյական մարդուն անվայել է դիտվում, ապա դրա մասին հրապարակավ մամուլում հանդես գալը ընդհանրապես բարոյական չէ։ Կուզեի նաեւ հարցնել, թե որքանով է բարոյական պաշտո­նատար անձին առանձին խոսակ­ցության հրավիրելը՝ նախապես նրան չհայտնելով, թե ինչի մա­սին է լինելու խոսակցությունը։ Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ պրն Գրիգորյանը հայտնեց, որ քննության ներկա փուլում Դմիտրի Ատբաշյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխումը ար­դեն չի կարող ազդել քննության ընթացքի վրա։ Նա տեղեկաց­րեց նաեւ, որ, հակառակ Աղասի Արշակյանի հայտարարության, ըստ որի ոչ ոք իրավունք չունի նախնական կալանքի վեց ամիսը լրանալուց հետո նոր ժամկետ ավելացնել, հանրապե­տության գլխավոր դատախազը գործող օրենսդրությամբ այդ իրավունքն ունի, ինչն էլ կիրառվել է մեղադրյալներ Մելքոնյանի եւ Միրիջանյանի նկատմամբ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives