December 5, 2024

Ղուկասյան-Ջալիլով հանդիպումը չկայացավ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 9 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(424), հինգշաբթի

Մոսկվայի բանակցությունների նախօրեին

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵԱՀԽ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող Մինսկի խմբի հանդիպման նախօրեին, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի և Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիադին Ջալիլովի հանդիպումը:

ԼՂՀ պաշտոնական ղեկավարները հրաժարվում են որևէ կանխատեսում անել, սակայն, ասում է ՆՏ-ն, դատելով Ստեփանակերտից ստացվող լուրերից, կարելի է ենթադրել հետևյալը. 1. ԼՂՀ ղեկավարությունը ավելի ու ավելի շատ է հակվում Ռուսաստանի միջնորդությամբ և թերևս ԵԱՀԽ հովանու ներքո Ադրբեջանի հետ ուղղակի բանակցություններ վարելու գաղափարին: 2. Լեռնային Ղարաբաղի հայերը այնքան էլ չեն հավատում ԵԱՀԽ խաղաղարար առաքելությանը և անձամբ ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ իտալացի սենատոր Մարիո Ռաֆայելլիին, որը, իրենց խոսքերով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին սխալ տեղեկություններ է տվել շրջանի իրադարձությունների մասին, որի հետևանքով ընդունվել է Անվտանգության խորհրդի հայտնի թիվ 853 բանաձևը, որի ընդունումից հետո հակամարտության գոտում իրադրությունը ծայրաստիճան սրվել է: 3. Հրադադարին առնչվող ԵԱՀԽ վերջին առաջարկություններում «Լեռնային Ղարաբաղ» անվանումը փաստորեն անհետացել է փաստաթղթի տեքստից, իսկ ԼՂՀ-ն կրկին չի ճանաչվում հակամարտ կողմ: Այսպիսով, ԼՂՀ ներկայացուցիչների դիրքորոշումը բավական կոշտ կլինի և նրանք կփորձեն հասնել բանակցություններին մյուսների հետ իրավահավասար մասնակցությամբ:

Սակայն ԼՂՀ կոշտ դիրքորոշումը չի նշանակում, թե այն ճկուն չի լինի: Ղարաբաղցիների բարի կամքի և խելամիտ փոխզիջումների պատրաստակամության արտահայտություններն են ադրբեջանական Կուբաթլի շրջկենտրոնից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի դուրս բերումը և տասնօրյա հրադադարի վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված անմիջական համաձայնության կատարումը:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Ղուկասյան-Ջալիլով հանդիպումը չի կայացել: Երեկ առավոտյան ռուսական Մայակ ռադիոկայանը հաղորդեց, թե հանդիպումն ընդհանրապես չեղյալ է հայտարարվել: Սակայն, հայաստանյան իրազեկ աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ հանդիպումն ընդամենը հետաձգվել է: Այլ աղբյուրներ այն կարծիքը հայտնեցին, թե ադրբեջանական կողմը պարզապես չի ներկայացել հանդիպմանը: Ըստ երևույթին, Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն, թե Ելցին-Ալիև հանդիպումն իրենց հնարավորություն կտա խուսափել Ղարաբաղ-Ադրբեջան անմիջական բանակցություններից ու հնարավոր զիջումներից:

«Ազգ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives