July 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ՀՅ Դաշնակցության կենտրոնական կոմիտեի դիմումը հայ ժողովրդին

ՀՅ Դաշնակցության կենտրոնական կոմիտեի դիմումը հայ ժողովրդին

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 23 հունիսի 1992թ.

Հայրենակիցներ, հազարամյա մեր պատմության ընթացքում, այս էլ որերորդ անգամ հնչում է «Հայրենիքը վտանգի մեջ է» ահազանգը, այս էլ որերորդ անգամ պահանջվում է համաժողովրդական զոհողություն՝ հանուն Հայրենիքի, հանուն ազգի գոյատեւման։ Ահազանգը հնչում էր վաղուց, մեր ոխերիմ թշնամու համաթուրքական ծրագիրը վերստին ուրվագծվում էր դեռ այն օրերին, երբ Ստեփանակերտի ու Երեւանի խաղաղ հանրահավաքները արդարության ու բարոյականության ուղերձներ էին հղում աշխարհի հզորներին։

Մարդու իրավունքների եւ ազգերի ինքնորոշման լաբիրինթոսը ներքաշելով մեզ եւ Արցախի մեր հայրենակիցներին, միջազգային ուժերն ու այդ ուժերն հմտորեն օգտագործող Թուրքիան անում էին հնարավոր ամեն բան, որպեսզի մեր խաղաղ, միամիտ շարժումը դուրս չգար լաբիրինթոսից, չվերածվեր ազգային–ազատագրական շարժման, չբացահայտվեին նենգ, գաղտնի այն պայմանավորվածություններն ու համաձայնագրերը, որ կնքել էին մեծ տերությունները՝ աշխարհի վերջին վերաբաժանումների ժամանակ։

Բայց մեր ազգային-ազատագրական շարժումը կայացավ եւ արձանագրեց իր առաջին կարեւոր հաղթանակը՝ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս հաղթանակը քոնն է, հայ ժողովուրդ, որովհետեւ քո զավակների արյան գնով է նվաճվել։ Քոնն է այս երկրի ամեն ինչը՝ հողը, ընդերքը, օդը, ջուրը, իշխանությունը, կուսակցությունները…

Քոնն է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի նկատմամբ չգիտես ում հրահանգով կամ խորհրդով թշնամական վերաբերմունք է սրսկվում հնարավոր բոլոր միջոցներով։ Մի տարօրինակ, անհեթեթ դիրքորոշում է նկատվում իշխանությունների կողմից ՀՅԴ-ի նկատմամբ, նրա պատմությունն ընդունվում է, նրա երգերը երգվում են, նրա ջանքերը ընդունվում են, նրա շարքերի զոհողությունն ընդունվում է, նրա գաղափարները, կարգախոսները ընդունվում են, իսկ ինքը չի ընդունվում։ Համարվում է չգիտես որ մոլորակից իջած օտարական։

Կարելի է ապրել, գործել եւ այդպես՝ վիրավորանքները, նվաստացումները կուլ տալով, սակայն ինչպես կուլ տաս այն ցավը, հոգեբանական եւ նյութական կորստի այն ցավը, որ առաջացնում է իշխանությունների տարած սխալ քաղաքականությունը։ Եվ Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի ու ազգային համաձայնության նոր կառավարության ստեղծման մեր պահանջին պետք է մոտենալ միայն այս տեսանկյունից։

Ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ ազգային շահի գերակայությամբ կտրուկ փոփոխության նպատակ է հետամտում մեր պահանջը եւ ոչ թե ապակայունացման, ինչպես որակում են իշխանությունները եւ նրանց ՀՀՇ-ական տեսաբանները։ Մեր նպատակը, իրոք, հանրապետության տնտեսական, սոցիալական եւ քաղաքական կյանքի կայունացումն է եւ ոչ թե կայունացման պատրանքի ստեղծումը, որ առկա է այսօր գրեթե ամենուր եւ որով պարծենում են իշխանությունները՝ Արցախի հարեւանությամբ մեր փողոցներում ծայր առած խաղաղ առուծախը, պատերազմի մեջ ներքաշված հանրապետության բարոյահոգեբանական անկումային անորոշ վիճակը համարելով մեծ նվաճում։

Դիմելով հայ ժողովրդին Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում չենթարկվել սադրանքներին, փաստերի ու երեւույթների աղավաղման փորձերին եւ հավատալ իր իսկ ծնած զավակներին ու գաղափարախոսությանը։ Դաշնակցությունը իր կուսակցականությունը միշտ էլ համարել եւ համարում է միջոց եւ ոչ թե նպատակ։ Իսկ նպատակը նույնն է եւ անփոփոխ՝ ծառայել ազգին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives