July 27, 2024

Հայ-վրացական պատերազմը

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0

Զանգ, 20 դեկտեմբերի, 1918թ., թիվ 82

Երևան, 20 դեկտեմբերի

Խմբագրական

Փաստորեն մենք և վրացիները պատերազմական դրության մեջ ենք իրար հետ: Լոռու ձորերում արդեն հոսել է հարևան ու եղբայր ժողովուրդների արյունը: Կան երկուստեք սպանվածներ ու վիրավորներ, իսկ վրացի գերիների և թողած ավարի թիվը բավական պատկառելի է:

Անսպասելի՞ էր արդյոք այս ընդհարումը: Ո՞վ է հեղինակը այս արյունոտ բախումների: Ո՞ւմ է պետք պատասխանատվության կանչել:

Տարաբախտաբար այն, ինչ այսօր տեղի է ունենում Լոռու սարերում, շովինիզմից չկուրացած մարդիկ վաղուց էին նախատեսում: Մեկից ավելի անգամներ մենք հրավիրել ենք վրաց ժողովրդի ղեկավարների ուշադրությունը իրենց կործանարար քաղաքականության վրա: Մեկից ավելի անգամներ մենք զգուշացրել ենք նրանց, թե նրանց բռնած ճանապարհը անխուսափելի կերպով տանում է դեպի հայ ու վրացի ժողովուրդների ընդհարումը: Մենք ցույց ենք տվել նրանց, թե հայ ժողովուրդը երբեք չի հաշտվի վրաց վարիչների անիրավ քայլերի հետ հայերի նկատմամբ և որ այդ անիրավություններից կարող են ծնունդ առնել երկու կողմի համար էլ վտանգավոր գործեր: Վրաց ազգի առաջնորդները հեգնանքով և արհամարհանքով միայն լսեցին մեր խոսքերը և շարունակեցին իրենց ցավագար խաղը, և հետևանքը ամենքի աչքի առջև է—

— Լոռու սարերում հոսում է երկու անմեղ ու հավասարապես դժբախտ ժողովուրդների արյունը:

Ինչո՞ւ համար լոռեցին ապստամբեց վրաց զորքերի դեմ: Մի՞թե այդ ժողովուրդը խելագար էր, չէր հասկանում, թե ի՞նչ աղետ է բերելու իր վարմունքը ամենից առաջ հենց իրեն: Ինչո՞ւ չորս տարվա պատերազմից, տաճկական կրունկի տակ տրորվելուց, ֆիզիկապես ու տնտեսապես ուժասպառ լինելուց հետո այնուամենայնիվ նա ընբոստացավ և քարով ու կացինով դուրս եկավ վրաց զորքի դեմ:

Որովհետև այլևս դանակը ոսկորին էր հասել և էլ համբերելու տեղ չէր մնացել: Վրաց զորքերը Լոռում, դժբախտաբար, ոչնչով չտարբերվեցին տաճիկ զորքերից՝ նույն եռանդով թալանելով ու հարստահարելով հայ գյուղացիներին: Վրաց զորքերը հավատարիմ իրագործողը հանդիսացան այն քաղաքականության, որ ժորդանիաները հղացան Թիֆլիսի պալատի կաբինետներում: Վրաց զորքերը Լոռու հայ գյուղացուն նկատեցին թշնամի կողմ և վարվեցին նրանց հետ տաճիկ ասկյարների պես, որով և առաջ բերին Լոռու արյունոտ և անցանկալի դեպքերը:

Լոռեցու համար ըմբոստացումը վրաց զորքերի դեմ ինքնապաշտպանության միջոց էր միայն: Հայաստանի կառավարության քայլերն ու հայկական զորամասերի շարժումներն նույն նպատակն ունեին:

Սակայն պաշտպանելով Լոռու ազգաբնակությունը վրացիների շահատակություններից՝ Հայաստանի Հանրապետությունը պարտական է միջոցներ խորհել, որ նման բախումներ այլևս տեղի չունենան:

Դուրս քշելով վրաց զորքերը Բորչալուի հայկական մասից, Հայաստանի կառավարությունը, կարծում ենք, պետք է պահանջի լուծումը և ուրիշ, մեզ համար ոչ պակաս կենսական նշանակություն ունեցող հարցերի:

Այդ հարցերի շարքում առաջին տեղն է բռնում, իհարկե, հայ-վրացական սահմանների որոշումը: Կար ժամանակ, երբ վրաց դեմոկրատիայի ղեկավարները Բորչալուի հայկական բաժինը և Ախալքալաքի գավառը Հայաստանի անվիճելի մասն էին համարում, բայց երբ նրանք գերմանական սվինների օգնությամբ գրավեցին այդ վայրերը, այլևս ուրիշ երգ սկսեցին երգել և մեր զորքերի շարժումները Լոռում համարեցին «Վրաստանի ներքին գործերի մեջ խառնվել»: Սահմանների խնդիրը վերջնականապես պետք է լուծվի, հիմք ունենալով ազգագրական սկզբունքը:

Ահա ութ ամսից ավելի է, որ վրացիները փակել են երկաթուղու ճանապարհը և կտրել մեզ դրսի աշխարհից: Մեր ժողովուրդը կոտորվում է սովից ու ցրտից, բայց վրաց կառավարությունը թույլ չի տալիս, որ մենք հյուսիսից հաց, շաքար ու հագուստեղեն բերենք: Ժորդանիաները մեզ սովամահ ու ցրտահար են անում: Պետք է լուծվի տրանզիտի և երկաթուղային ազատ տեղափոխության խնդիրը բոլոր ժողովուրդների համար արդար և հավասար սկզբունքով:

Վրաստանը օգտվելով իր աշխարհագրական դիրքից, սեփականացրել է Ռուսաստանի թողած հսկայական հարստությունները — փողը, զինվորական ստացվածքները, պարենավորումը, քաղաքների և զեմստվոյական միությունների գույքը, պետական հաստատությունները, երկաթուղին, փոստ-հեռագիրը և այլն: Այդ ամենը նա գործադրում է միայն Վրաստանի և վրաց ժողովրդի համար, մինչդեռ մյուս ժողովուրդները զուրկ են ամենատարրական նյութերից: Հարկավոր է վերջ տալ և այս աղաղակող անարդարությանը: Մինչև այժմ ժորդանիաներն ու ծերեթելիները պաշտպանում էին այս կացությունը գերմանական սվիններով: Ֆոն-Կրեսների և Ֆոն-Շուլենբուրգների օգնությամբ նրանք զրկում ու հարստահարում էին իրենց հարևաններին: Այժմ գերմանական բռունցքը չկա, և, ուրեմն, կարելի է խոսել և՛ իրավունքի, և՛ արդարության մասին: Եկել է ժամանակը, որ վերջ գտնեն այս բոլոր ախտերը, որոնք հանիրավի հուզում են հայ և վրացի աշխատավոր զանգվածներին, որոնք կռվեցնում են իրար հետ հայ ու վրացի մարդուն: Բոլոր վիճելի խնդիրների հարդարումը վերջ կտա և այն աննորմալ ու հիվանդոտ վիճակին, որ կա հայ-վրացական հարաբերությունների մեջ: Հայ ու վրացի դեմոկրատիաների շահերը պահանջում են փութացնել այդ վայրկյանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives